Հասարակական

«Ուիգմոր Գրուփ»-ը հայտնում է «Ուիգմոր ընտանիքի առողջության կենտրոն»-ի առաջին պոլիկլինիկայի բացման մասին

5 րոպեի ընթերցում

«Ուիգմոր Գրուփ»-ը հայտնում է «Ուիգմոր ընտանիքի առողջության կենտրոն»-ի առաջին պոլիկլինիկայի բացման մասին

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Ուիգմոր Գրուփ»-ը՝ Հայաստանում առաջատար մասնավոր առողջապահական հաստատությունների խումբը («Ուիգմոր Քլինիք» և «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»), հայտնում է ընդլայնման և «Ուիգմոր Ընտանիքի առողջության կենտրոն» առաջնային օղակի պոլիկլինիկայի (իսկ հետագայում նաև` պոլիկլինիկաների ցանցի) բացման մասին:

«Ուիգմոր Ընտանիքի առողջության կենտրոն»-ի առաջին պոլիկլինիկան բացվել է Երևանում, մայիսի 13-ին՝ «Ուիգմոր Քլինիք» ԲԿ-ի նույն շենքում՝ Պուշկին 56 հասցեով։ «Ուիգմոր Ընտանիքի առողջության կենտրոն»-ը սպասարկում է և՛ մեծահասակներին, և՛ երեխաներին՝ հավասարապես՝ կարևորելով թե՛ հիվանդությունների բուժումը, թե՛ դրանց կանխարգելումը։

0K2A8003.JPG (510 KB)

«Ուիգմոր ընտանիքի առողջության կենտրոն»-ի ընդունարան («Ուիգմոր Քլինիք», Պուշկին 56)

Ուիգմոր պոլիկլինիկայի մատուցած ծառայությունները ընդգրկում են առաջնային օղակի բուժսպասարկման ողջ սպեկտրը։ Պոլիկլինիկային կցագրված բուժառուները կարող են անվճար օգտվել պետպատվերի շրջանակում ներառված բոլոր ծառայություններից, ինչպես նաև, հետևելով միջազգային առողջապահական կազմակերպությունների խորհուրդներին, «Ուիգմոր Ընտանիքի Առողջության կենտրոն»-ն առաջարկում է սքրինինգների ավելի լայն շրջանակ՝ մասամբ կրկին անվճար։

«Ուիգմոր Գրուփ»-ի համար նշանակալի այս ընդլայնումը հնարավոր դարձավ մեր թիմի և գաղափարակիցների ամենօրյա կարգապահ և նվիրված աշխատանքի շնորհիվ: Այս ամուր հիմքի վրա մենք կարողացել ենք վստահելի և երկարաժամկետ հարաբերություններ կառուցել նաև մեր օտարերկրյա ներդրողների հետ», - նշում է «Ուիգմոր Գրուփ»-ի զարգացման գծով փոխտնօրեն Տաթևիկ Քոլոյանը:

«Ուիգմոր Ընտանիքի առողջության կենտրոն»-ը` Հայաստանի առողջապահական ոլորտի առաջնային օղակի դաշտը վերափոխող այս նախագիծը, իրականություն դարձավ «Ուիգմորի գրուփ»-ի օտարերկրյա ներդրողների նոր աջակցության շնորհիվ։

««Ուիգմոր Ընտանիքի առողջության կենտրոն»-ի բացումն ապացուցում է, որ մեր երկրում նույնպես հնարավոր է բարձրորակ և առաջադեմ բժշկական օգնություն և ծառայություն մատուցել և, ավելին՝ հաստատել մեր այսօրվա հասարակության համար բավականին խորթ մի ընկալում․ առողջապահական ոլորտում ներդրումային հարաբերությունների մշակույթը կարող է ձևավորվել և գործել Հայաստանի կամ Սփյուռքի հետ որևէ ազգակցական կապ չունեցող օտարազգի գործարարների հետ։ Գործարար այլ ոլորտների պես առողջապահության ոլորտը Հայաստանում նույնպես կարող է հետաքրքիր լինել ներդրողների համար՝ հենց ձեռնարկատիրական տեսանկյունից», - ընդգծում է Տ․ Քոլոյանը։

20230519_140511.jpg (1.30 MB)

Լուսանկարում «Ուիգմոր Գրուփ»-ի հիմնադիր տնօրեն Զավեն Քոլոյանն է ներդրողների հետ, մայիս 2023թ․ (ձախից աջ՝ Զավեն Քոլոյան, Մայքլ Ավեդիսյան, Ջորջ Կարդոնա, Ռազմիկ Բաբայան, Բեդո Եղիայան, Մոյշե Միզրահի, Նաբիլ Կարտունի)

2022թ․ օտարեկրյա ներդրողների շնորհիվ Երևանում նաև բացվել է «Ուիգմոր Կանանց և Երեխաների հիվանդանոց»-ը՝ մատուցելով ընդհանուր մանկաբուժական, նեղ մասնագիտական և կանանց առողջության ծառայությունները մեկ հարկի տակ։ Անհատ ներդրողները տարբեր երկրներից են՝ Մեծ Բրիտանիա, ԱՄՆ, Եգիպտոս և Իսրայել։

Որպես փուլային զարգացման ռազմավարությամբ զարգացող ձեռնարկատիրական նախագիծ՝ Ուիգմորը նշանակալի հաջողություն գրանցեց հենց առաջին տարում և այդպիսով հաջողեց դեպի Հայաստան նոր ներդրումներ ներգրավել։

«Առողջապահության ոլորտը Հայաստանում գերծանրաբեռնված է, դաշտում առկա են բազում դերակատարներ, կան շատ հիվանդանոցներ և բուժկենտրոններ․ չնայած այս պատկերին՝ Ուիգմորը կարողացավ դիրքավորվել որպես բարձրակարգ բուժօգնություն մատուցող հաստատություն և վաստակել բուժառուների վստահությունն՝ առաջին հերթին հենց բարձր որակի և սպասարկման բարձր մակարդակի շնորհիվ։ Որակը՝ որպես ամենակարևոր արժեք, թույլ տվեց մեզ այսքան խիտ շուկայում և կարճ ժամանակում ամրապնդել մեր ուրույն տեղը և մեծ հաջողություններ գրանցել», - ասում է Տաթևիկը։

Նրա խոսքով՝ «Ուիգմոր Գրուփ»-ի ընդլայնումն ու «Ուիգմոր Ընտանիքի առողջության կենտրոն»-ի հիմնադրումն արտացոլում է Ուիգմոր թիմի նվիրումն ու նորարարության հանձնառությունը՝ բարձրակարգ բուժօգնություն տրամադրել երկրում և համակարգային փոփոխություններ բերել Հայաստանի առողջապահական ոլորտում։

«Մեր առաքելությունը մնում է անփոփոխ՝ բարձրորակ բուժսպասարկումը իրական և հասանելի դարձնել Հայաստանում», - ընդգծում է Տաթևիկ Քոլոյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում