Քաղաքապետարանն Ազատության հրապարակից հեռացնում է խաղային գույքը, նաև՝ մանկական մեքենաները
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազատության հրապարակն ազատվում է մարզական՝ խաղային գույքից, ինչպես նաև մանկական մեքենաներից:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից, ընդգծելով, որ օրեր շարունակ Երևանի կենտրոնում շրջայցեր են եղել, և տնտեսվարողները զգուշացվել են, որ գույքը տարածքից հեռացնեն, նրանցից ոմանք նաև տուգանվել են:
Կենտրոն վարչական շրջանի տարբեր փողոցներից վերջին օրերին հեռացվել է շուրջ 10 միավոր մարզական խաղային սարքավորում: Մանկական մեքենաները որոշ սահմանափակումներով դեռ կմնան հրապարակում, սակայն Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տարածքը բարեկարգելուց հետո դրանք նույնպես ամբողջությամբ կհեռացվեն: