Հասարակական

Բաղանիս, Ոսկեպար, Կիրանց, Բերքաբեր գյուղերի՝ 16 մլն դրամ ծրագրի շահառուներին կհատկացվի ևս 5 մլն դրամ․ Նիկոլ Փաշինյան

3 րոպեի ընթերցում

Բաղանիս, Ոսկեպար, Կիրանց, Բերքաբեր գյուղերի՝ 16 մլն դրամ ծրագրի շահառուներին կհատկացվի ևս 5 մլն դրամ․ Նիկոլ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 25-ին այցելել է Տավուշի մարզ: Վարչապետը նախ եղել է Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցում, որից հետո պատասխանատուները տեղում ներկայացրել են սահմանազատումից հետո ԱԱԾ Սահմանապահ ծառայության ծառայողների տեղակայման աշխատանքների ընթացքը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հաջորդիվ Նիկոլ Փաշինյանն այցելել է Բաղանիսի հատվածում տեղակայված Ազգային անվտանգության ծառայության Սահմանապահ ուղեկալ, ծանոթացել ծառայության ընթացքին և ուղեկալում առկա պայմաններին: Նշվել է, որ ուղեկալը ժամանակավոր կառույցում է տեղակայվել, առաջիկայում նախատեսվում է կառուցել ուղեկալի նոր շենք:

Այնուհետև վարչապետը եղել է Կիրանցում կառուցվող նոր դպրոցում, ծանոթացել շինաշխատանքների ընթացքին, որից հետո՝ զրուցել բնակիչների հետ:

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նաև Բաղանիսի և Ոսկեպարի բնակիչներին, անդրադարձել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացին, պատասխանել հնչեցված հարցերին, որոնք վերաբերել են ենթակառուցվածքներին, հնարավոր խնդիրներին ու դրանց լուծումներին: Վարչապետը նշել է, որ կառավարությունը կհասցեագրի բոլոր խնդիրները և դրանց կտրվեն անհրաժեշտ լուծումներ:

Հայաստանի վարչապետն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերում անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով կառավարության կողմից 16 մլն դրամ հատկացնելու ծրագրին: Նրա խոսքով՝ քննարկումների արդյունքում որոշում է կայացվել, որ Բաղանիս, Ոսկեպար, Կիրանց, Բերքաբեր գյուղերի այն բնակիչներին, որոնք կդառնան 16 մլն դրամ ծրագրի շահառու, ևս 5 մլն դրամ կհատկացվի, այդ թվում՝ արդեն ծրագրից օգտվողներին: Վարչապետը հույս է հատնել, որ ՀՀ կառավարության ձեռնարկած քայլերի արդյունքում կյանքն այդ գյուղերում կզարգանա, մարդիկ նոր տներ կկառուցեն:

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ տեղի ունեցածը մեծ հաջողություն է, և Կառավարության նպատակներից է ստեղծել անվտանգության երաշխիքներ սահմանազատման միջոցով: Վարչապետը նշել է, որ ամեն ինչ արվելու է գործընթացը շարունակելու համար:

Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է նաև Կիրանցի նոր կառուցվող ճանապարհի և Կիրանց-Աճարկուտ գործող ճանապարհի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին: Վարչապետը կարևորել է որակյալ և ժամանակին իրականացումը և պատասխանատուներին տվել հանձնարարականներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում