Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանին առաջարկում է ձևավորել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ

3 րոպեի ընթերցում

Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանին առաջարկում է ձևավորել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ

ԵՐԵՎԱՆ,15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանին առաջարկում է ձևավորել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Փաշինյանը հայտարարց ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստի ժամանակ՝ անդրադառնալով հրադադարի ռեժիմի խախտման մասին Ադրբեջանի ՊՆ-ի վերջին հաղորդագրությունների վերաբերյալ հարցին։

«Վերջին օրերին մենք տեսնում ենք, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տեղեկատվություն է տարածում Հայաստանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների վերաբերյալ, և մեր պաշտպանության նախարարությունը հերքում է այդ տեղեկությունները։

Այստեղ կարող է երկու տարբերակ լինել, կամ այդ տեղեկությունները երկու բանի մասին կարող են վկայել։ Մի դեպքում, որ իրոք հրադադարի ռեժիմի խախտում կա, մյուս դեպքում, որ այդ տեղեկատվությամբ փորձ է արվում էսկալացիա կամ էսկալացիայի ֆոն ստեղծել։ Բոլոր դեպքերում թե՛ առաջինը, թե՛ երկրորդը մեր քաղաքական կամքը չէ։ Ես արդեն ասացի, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունը կառավարության անունից հերքում է այդ տեղեկատվությունը։ Բաց նաև կարծում եմ, որ այս իրադրությունը որոշակի հասցեագրման կարիք ունի, ու ամեն անգամ ճշմարտությունն իրապես պարզելու համար ոչ միայն միակողմանիորեն, այլև ընդհանրապես, այդ թվում՝ միջազգային հանրության համար, վատ գաղափար չի լինի, եթե հրադադարի ռեժիմի խախտման հետաքննության երկկողմ մեխանիզմ ձևավորենք Ադրբեջանի հետ։ Սա կարելի է ընդունել և ընկալել որպես առաջարկություն։ Եթե կողներից մեկը հաղորդում է մյուս կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին, տեղում գործարկվում է համատեղ քննության մեխանիզմը։ Ընդ որում, դա կարող են լինել երկու կողմերի զինվորական դատախազությունները և համապատասխան մարմինները»,– ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ քաղաքական կամքի և պայմանավորվածության դեպքում դժվար չի լինի նման մեխանիզմ գործարկել։ 

«Այդ ամենը կարելի է անել առանց բյուրոկրատական քաշքշուքի, ուղղակի երկրների ղեկավարների համապատասխան հանձնարարությամբ։ Կարծում եմ, որ սա իսկապես կարող է աշխատել»,- եզրափակեց վարչապետը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում