Հասարակական

Նռնակով բանկ ներխուժած անձը ձերբակալվել ու ներկայացվել է նախաքննական մարմին

2 րոպեի ընթերցում

Նռնակով բանկ ներխուժած անձը ձերբակալվել ու ներկայացվել է նախաքննական մարմին

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նռնակով բանկ ներխուժած անձը ձերբակալվել է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը:

«Մայիսի 24-ին ժամը 17:20-ի սահմաններում ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ մի անձ նռնակով մտել է Աբովյան քաղաքի Հատիս փողոցի բանկերից մեկը։

Անմիջապես դեպքի վայր են ժամանել ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների և Աբովյանի քննչական բաժնի օպերատիվ խմբերը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ նռնակով զինված տղամարդը բանկի տարածքում գտնվող անձանց կյանքի համար իրական վտանգ առաջացնելով՝ պահանջել է հետ վերադարձնել բանկում գրավադրված իր բնակարանը, որն արդեն իսկ Հարկադիր կատարման ծառայության կողմից վաճառվել է։ Տղամարդը սպառնացել է պայթեցնել բանկը։

Ոստիկանության ծառայողների բանակցությունների արդյունքում տղամարդը հանձնել է Ֆ-1 տիպի նռնակը։ Նա ձերբակալվել ու տեղափոխվել է ոստիկանության Կոտայքի բաժին:

Բյուրեղավանի 50-ամյա բնակիչն ու կազմած փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին»,- նշված է հաղորդագրության մեջ:

Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։

Կատարվածի հետևանքով տուժածներ չկան։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում