Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Ադրբեջանում գիտակցում են, որ ոչ մի ուժ չի կարող խախտել արցախցիների՝ իրենց հազարամյա բնօրրան վերադարձի իրավունքը․ Անդրանիկ Գրիգորյան

Ադրբեջանում գիտակցում են, որ ոչ մի ուժ չի կարող խախտել արցախցիների՝ 
իրենց հազարամյա բնօրրան վերադարձի իրավունքը․ Անդրանիկ Գրիգորյան

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության» նախագահ Անդրանիկ Գրիգորյանը շեշտում է՝ Ադրբեջանում գիտակցում են, որ ոչ մի ուժ չի կարող խախտել արցախցիների՝ իրենց հազարամյա բնօրրան վերադարձի իրավունքը։

Անդրանիկ Գրիգորյանն այդ մասին ասել է «Արմենպրես»-ին տված հարցազրույցում, որը ներկայացնում ենք ստորև․

-Պարոն Գրիգորյան, մենք նշում ենք Մայիսի 9-ը՝ որպես հաղթանակի և խաղաղության օր, որն իր ուրույն դերն ունի Հայոց պատմության կերտման գործում։ Ի՞նչ նշանակություն ունի Ձեզ համար Հաղթանակի օրը։

-Այս  օրը Հայոց պատմության էջերի մեջ ամրագրված է որպես հայի խիզախ ոգու, անկոտրում կամքի, հայրենիքի հանդեպ տածած մեծ սիրո և նվիրումի օր։ Այն հայորդու ոգու արիության և հաղթանակի հանդեպ ունեցած հավատի խորհրդանիշն է։ Մայիսի 9-ը, լինելով եռատոն, իր բացառիկ նշանակությունն ունի յուրաքանչյուրիս համար, այն կոչված է հիշեցնելու մեզ մեր սխրանքները, հաղթանակները, իրավունքները և պարտականությունները։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին հաղթանակ կերտած մեր պապերի սերունդները 32 տարի առաջ, ժառանգելով հաղթական ոգին, փայլուն կերպով իրականացրեցին Շուշիի օպերացիան և ազատագրեցին Արցախի համար կենսական նշանակություն ունեցող բերդաքաղաքը։ Այսօր, սակայն, ինչպես Շուշին, այնպես էլ ողջ Արցախը զավթված է եկվորների կողմից, որտեղից բռնի ուժով վտարեցին հային, ոտնահարելով յուրաքանչյուրիս իրավունքները։ Սակայն այս ամենը չպետք է բնավ թուլացնի մեզ և մեր աննկուն ոգին։ Մեր պայքարը չի դադարելու։ 

Մենք գլուխ ենք խոնարհում և՛ Հայրենական մեծ պատերազմի տարիներին հանուն խաղաղության և ապագա սերունդների բարեկեցության համար անձնվիրաբար պայքար մղած ու մարտի դաշտում ընկած, և՛ Շուշիի ազատագրման պայքարի ընթացքում զոհված և Արցախի պաշտպանության համար իրենց կյանքը չխնայած հայորդիների անմար հիշատակի առաջ։ 



-Պարոն Գրիգորյան, կարո՞ղ եք նշել, թե որոնք էին Շուշիի ազատագրման անհրաժեշտությունն ու նախադրյալները և թե ի՞նչ նշանակություն ունեցավ Շուշիի ազատագրումը։  


-Շուշիի ազատագրումը Հայոց պատմության փառահեղ էջերից մեկը դարձավ։ Այն կարևոր ռազմավարական նշանակություն ուներ։ Ադրբեջանը հայկական բերդաքաղաքը դարձրել էր իր համար ռազմական հենադաշտ, ինչի հետևանքով ունենում էինք բազմաթիվ զոհեր խաղաղ բնակչության շրջանում, կենսական նշանակություն ունեցող կառույցների կորուստներ, սով և ցրտից մահացության դեպքեր։ Շուշիի ազատագրումով վերջ դրվեց այս մարդկային աղետին և այն փրկության փարոս հանդիսացավ արցախահայության համար՝ կանխելով ֆիզիկական բնաջնջումը։ Շուշիի ազատագրումը սոսկ ցանկություն չէր, այլ պատմական անհրաժեշտություն, որը վերականգնեց սեփական հնօրյա հողի վրա ապրելու հայերի անքակտելի իրավունքը։ Այն ունեցավ նաև հոգեբանական ահռելի ազդեցություն և բարձրացրեց հայի տոկուն ու հաղթական ոգին, ինչն էլ բեկումնային եղավ և հենք հանդիսացավ հաղթանակի կերտման հարցում։ Այս հաղթանակի շնորհիվ յուրաքանչյուրի մեջ արթնացավ հավատն առ այն, որ մենք կարող ենք պաշտպանել մեր ինքնորոշման իրավունքը, ապրել մեր պատմական հողերում, կերտել և արարել։ Անհրաժեշտ է նշել նաև, որ Շուշիի ազատագրմամբ սկսվեց նաև Արցախի հոգևոր մշակութային կենտրոնի հարուստ պատմամշակութային ժառանգության վերածննդի գործընթացը։



-Այսօր, ինչպես նշեցիք, Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիվ պատերազմի և էթնիկ զտումների հետևանքով Շուշին և ողջ Արցախը հայտնվել են գերության մեջ: Շատ արցախցիներ մեծ կամքի ուժ են գործադրում՝ վառ պահելու համոզմունքը, որ շուտով վերականգնվելու են իրենց ոտնահարված իրավունքները և կրկին հայաշատ են տեսնելու Շուշին և ողջ Արցախ աշխարհը։ 


Այո, ցավոք, այսօր կրկին ականատեսն ենք պատմական անարդարության և խաթարված իրավունքներով մի ողջ ժողովրդի ճակատագրի, որը արդյունքն է Ադրբեջանի քայլերի անպատժելիության: 2020-2023 թթ․ ադրբեջանական իշխանությունների կողմից իրականացված հայաթափություններն առաջինը չէին։ Դեռևս 1920 թ․ գարնանն էր  նորաստեղծ Ադրբեջանն իր վարած ցեղասպան քաղաքականությամբ  հայաշատ Շուշին փորձում դարձնել «ադրբեջանական քաղաք»։ 1920թ․ մարտի 23-26-ը ադրբեջանական զինված խմբավորումները հարձակվում են Շուշիի հայկական թաղամասի վրա, ավերում, հիմնահատակ քանդում և հայաթափում քաղաքը։ Հայատյացության անբուժելի ախտով համակված՝ երեք օրվա ընթացքում ավերում են շուրջ 7000 տներ ու կոտորում տեղի հայ բնակչությանը։ Համաձայն տարբեր աղբյուրների՝ շուրջ 10000 հայեր դառնում են ոճրագործության զոհ, իսկ մնացած մասը մազապուրծ փախչում։ 1920-ական թվականների վերջերին արդեն Բաքվում բացահայտորեն խոսում էին թուրքացված Շուշիի մասին, ճիշտ այնպես, ինչպես հիմա: Գալիք տասնամյակները ցույց տվեցին, որ Ադրբեջանի

հայաֆոբ քաղաքականությունը կանգ չառավ հայաթափման այդ փուլում։ 1960-ական թվականներին ադրբեջանական ղեկավարությունը հիմնահատակ քանդեց Շուշիի հայկական թաղամասի ավերակները, ինչի արդյունքում հայկական ճարտարապետական շինությունների մնացորդների հետ ոչնչացվեցին նաև հոգևոր-մշակութային կառույցներ, ինչպիսիք են Կուսանաց վանքի համալիրը, Մեղրեցոց Սուրբ Աստվածածին եկեղեցին։ 

1988 թ․ սեպտեմբերին Շուշիից կրկին բռնի կերպով տեղահանվեցին հայերը։ Իսկ 2020 թ․ 44-օրյա պատերազմից հետո բոլորս ականատես եղանք Շուշիի զավթմանը և բռնի յուրացմանը: Այս ընթացքում, բնականաբար, ադրբեջանական իշխանությունները սկսեցին մինչ օրս շարունակվող տեղեկատվական պատերազմի միջոցով խեղաթյուրել պատմությունը՝ ներկայացնելով Շուշին որպես «Ադրբեջանի մարգարիտ»։ Քաղաքակիրթ հանրությունն, իհարկե, տեսնում է այն արհեստական ճիգերը, որոնք Ադրբեջանը գործադրում է՝ խեղաթյուրելու պատմական իրողությունները: Ադրբեջանում ևս գիտակցում են, որ ոչ մի ուժ չի կարող խախտել արցախցիների՝ իրենց հազարամյա բնօրրան վերադարձի իրավունքը և հենց այդտեղից է սնվում հայկականության հանդեպ վախը, քանի որ իրավունքների համար, պատմական իրողության վերականգնման համար պայքարի արդյունքում էր, որ 1992 թ․ մայիսի 9-ին  փայլուն հաղթանակով Շուշին վերադարձվեց իր իրական  տերերին։ 



Պարոն Գրիգորյան, որպես Լեռնային Ղարաբաղի փախստականների իրավապաշտպան միության նախագահ, ի՞նչ ուղերձ կտաք հայ ժողովրդին և մասնավորապես արցախահայությանը՝ հաղթանակի օրվա կապակցությամբ։

Այսօր, երբ մեր հիմնարար իրավունքները ժամանակավորապես խախտված են, մենք պետք է ավելի քան երբևէ համառ և համախմբված գործենք և շարունակենք մեր պատմական հողեր միջազգային երաշխիքների հիման վրա վերադառնալու արդարացի պայքարը: Մեր ցասումը պետք է վերածենք ուժի և ամենօրյա գործով յուրաքանչյուրիս մեջ ամրապնդենք համոզմունքը, որ հայը ապրելու է հայկական Արցախում: Մեզ անհրաժեշտ է որդեգրել մեր պապերի հաղթական ոգին և հաղթանակ տանել թե՛ պատմական և թե՛ իրավական դաշտում, քանզի ոչ ոք չի կարող մեզանից խլել մեր հայրենի հողում ապրելու և արարելու իրավունքը:  

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am