Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Podcast-Հարց բժշկին. արևայրուքը հաճախ կրկնելը կարող է դառնալ մաշկի քաղցկեղի պատճառ

Podcast-Հարց բժշկին. արևայրուքը հաճախ կրկնելը կարող է դառնալ մաշկի 
քաղցկեղի պատճառ

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Մաշկի քաղցկեղն ամբողջ աշխարհում և Հայաստանում ամենատարածված ուռուցքներից է, քանի որ մաշկը օրգանիզմի ամենամեծ օրգանն է։ Մեր օրերում այն մարդկության համար իրական վտանգի է վերածվել։ Կան մի շարք  գործոններ, որոնք կարող են առաջացնել այս հիվանդությունը։ Մաշկի քաղցկեղի առաջացման հիմնական պատճառներից մեկը մաշկի հաճախակի շփումն է ուլտրամանուշակագույն ճառագայթների հետ, որը լինում է երկար ժամանակ արևի տակ մնալու հետևանքով։

Դա է պատճառը, որ հաճախ արևայրուք ընդունող մարդիկ գտնվում են ռիսկի բարձր գոտում։ Այս դեպքում ռիսկի մակարդակը կախված է արևի ճառագայթների ինտենսիվությունից, արևի տակ մնալու ժամանակահատվածից և նրանից, թե արդյո՞ք մաշկը պաշտպանված եղել է, թե՞ ոչ։

«Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական թողարկման   շրջանակում Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի Ամբուլատոր-դիսպանսեր հսկողության բաժանմունքի ղեկավար, ուռուցքաբան-վիրաբույժ Հրայր Հակոբյանի հետ անդրադարձել ենք մաշկի քաղցկեղի առաջացման պատճառներին,  խալերի տեսակներին և հնարավոր վտանգներին, արևի ճառագայթներից հնարավոր վնասներին և դրանց կանխարգելմանը:

HM2_7090.JPG (624 KB)

Մասնագետի խոսքով՝ այն ամենատարածված ուռուցքն է համարվում, որը հիմնականում մաշկի բաց հատվածներում է տեղակայվում՝ գլխի, պարանոցի, վերջույթների և դեմքի շրջանում։ 

«Գոյություն ունի մաշկի մելանոմա, որն առաջանում է խալերից, և ոչ մելանոմային քաղցկեղ, որը հաճախ հանդիպում է 60 տարեկանից բարձր մարդկանց մոտ։ Ոչ մելանոմային քաղցկեղը շատ տարածված է այն մարդկանց մոտ, ովքեր ապրում են բարձրադիր գոտիներում և զբաղվում են այգեգործությամբ, ինչպես նաև ամռանը շատ հաճախ լողափ կամ բաց լողավազան գնացող մարդկանց մոտ՝ հիմնականում արևայրուքի կամ արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների երկարատև և պարբերաբար ազդեցության հետևանքով»,-ասաց Հրայր Հակոբյանը։ Մաշկի քաղցկեղի ևս մեկ պատճառ կարող է լինել սոլյարի հաճախ այցելելը։ Պարզվում է, որ ուլտրամանուշակագույն ճառագայթումը, որին մեր մաշկը ենթարկվում է սոլյարիում, մեծացնում է մաշկի՝ տարբեր տիպի քաղցկեղների առաջացումը։

Մասնագետի խոսքով՝ Հայաստանում, մասնավորապես Ուռուցքաբանության ազգային կենտրոնում, մաշկի քաղցկեղով ամեն տարի բուժում է ստանում մոտ 700-1000 հիվանդ։

Անդրադառնալով մելանոմաներին՝ մասնագետն ընդգծեց՝ ցանկացած խալ, երբ սկսում է իր տեսքը փոխել, տեղի է ունենում  չափի, գույնի փոփոխություն, առաջանում են վերքեր, արնահոսություն, ապա դրանք արդեն ահազանգ են, որ խալը վերափոխվում է չարորակ ուռուցքի՝ մելանոմայի. այն բավականին ագրեսիվ ուռուցք է, որի կանխարգելումն ավելի հեշտ է, քան բուժումը:

Մասնագետը շեշտեց, որ պետք է շատ ուշադիր լինել և մաշկային ցանկացած փոփոխության դեպքում արագ դիմել մասնագետին:

Ինչպե՞ս պետք է խուսափել մաշկի քաղցկեղի առաջացումից: Ի՞նչ նշանների դեպքում պացիենտը պետք է դիմի բժշկին։  Ինչպե՞ս է ախտորոշումն իրականացվում։ Բուժման ի՞նչ մեթոդներ են կիրառվում։ Բուժելիության ի՞նչ ցուցանիշ ունենք Հայաստանում։

Այս և մի շարք այլ հարցերին ու մասնագետի կողմից առաջարկվող լուծումներին առաջարկում ենք ծանոթանալ՝ լսելով փոդքաստը:

Գայանե Գաբոյան

Լսեք նաև այլ թեմաներով Podcast-ները

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am