Տնտեսություն

Ակտուարն անչափ պահանջված և բարձր վարձատրվող մասնագիտություն է Հայաստանում. Կարինե Ավետիսյան

11 րոպեի ընթերցում

Ակտուարն անչափ պահանջված և բարձր վարձատրվող մասնագիտություն է Հայաստանում. Կարինե Ավետիսյան

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի պետական համալսարանում արդեն շուրջ երկու տասնամյակ ամենապահանջվածներից է ակտուարական և ֆինանսական մաթեմատիկոսի մասնագիտությունը: Ծրագիրը մայր բուհում ներդրվել է դեռ 2001-ին, իսկ ընդամենը 6 տարի անց ստեղծվել է համապատասխան ամբիոն: Կարճ ժամանակում այն ձեռք է բերել այնպիսի հեղինակություն, որ ամբիոնի վարիչ Կարինե Ավետիսյանի հավաստմամբ՝ 4-րդ կուրսի գրեթե բոլոր ուսանողներն արդեն աշխատում են Հայաստանի տարբեր ֆինանսական կազմակերպություններում և պետական հաստատություններում:

Հավանաբար, շատերին կհետաքրքրի, թե ինչո՞ւ է այդքան կարևոր և պահանջված այս մասնագիտությունը, որը ռիսկայնության, աշխատանքի սթրեսայնության աստիճանի և վարձատրության չափի համադրությամբ առավել պահանջվածներից է աշխարհում:

«Ակտուարական մաթեմատիկան ընդհանուր ֆինանսական մաթեմատիկայի մի մասն է: Ակտուարական հմտությունները կիրառվում են ֆինանսական համակարգի տարբեր ոլորտներում, այդ թվում՝ բանկային, ապահովագրական, ներդրումային, կենսաթոշակային: Ակտուարները տիրապետում են մաթեմատիկայի, վիճակագրության և ֆինանսների տեսության խորը գիտելիքների: Առավել նեղ մասնագիտացմամբ՝ նրանք ռիսկերի կառավարիչներ են, ովքեր օգտագործելով մաթեմատիկական լուրջ գործիքակազմ՝ հաշվարկում են ապագայում որոշ իրադարձությունների տեղի ունենալու հավանականությունը, ուղիներ են փնտրում անցանկալի իրադարձությունները կանխելու կամ դրանց հնարավոր ազդեցությունը նվազագույնի հասցնելու համար: Նրանց ստեղծած ֆինանսական մոդելներով հաշվարկվում են ապահովագրական, կենսաթոշակային և բանկային սակագները, ընկերության վճարունակության համար պահանջվող կապիտալի և անհրաժեշտ պահուստների մեծությունները:

Ակտուարները նաև տվյալների վերլուծաբաններ են, որոնք նշված հաշվարկները և կանխատեսումներն իրականացնելու համար հավաքագրում, մշակում և վերլուծում են մեծ ծավալով տեղեկատվություն»,- «Արմենպրես»-ի թղթակցին պատմեց ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի Ակտուարական և ֆինանսական մաթեմատիկայի ամբիոնի վարիչ, դոցենտ Կարինե Ավետիսյանը:

Նա ընդգծեց, որ ակտուարներն անփոխարինելի մասնագետներ են կենսաթոշակային և ապահովագրական համակարգերում: Նրանց կատարած հաշվարկներով է որոշվում, թե տվյալ մարդը (ելնելով տարիքից, սեռից և մասնագիտությունից) իր աշխատավարձից որքան գումար պետք է վճարի կենսաթոշակային հիմնադրամ, որպեսզի այն մնա կայուն և համապատասխան տարիքում իրեն ապահովի բարեկեցիկ ծերություն:

MXO_2250.JPG (460 KB)

Այս ոլորտի մասնագետները, հաշվի առնելով ավտոմեքենայի մակնիշը, շարժիչի հզորությունը, շահագործման ժամկետը և այլ հատկանիշներ, հաշվարկում են, թե որքան է այդ մեքենայի՝ վթարի ենթարկվելու ռիսկայնությունը, պատահարի դեպքում այն ինչպիսի վնաս կարող է պատճառել մյուս կողմին և ըստ այդմ՝ տվյալ մեքենայի համար որքան կկազմի ապահովագրավճարի չափը:

Ակտուարները խիստ պահանջված են նաև բանկերում. նրանք են հաշվարկում, թե որ վարկն է ավելի ռիսկային, որքան պետք է կազմի տոկոսադրույքը կամ որքանով է ռիսկային տվյալ վարկային պորտֆելը: Նրանք ներգրավված են նաև աուդիտորական, խորհրդատվական և վերահսկողական գործառույթներում, կարելի է ասել՝ «դրսից» են ուսումնասիրում ֆինանսական կազմակերպության սակագնային, ներդրումային, ռիսկային, կորպորատիվ կառավարման քաղաքականությունները և, տրամադրելով համապատասխան խորհրդատվություն, բանկին, ապահովագրական կամ ներդրումային ընկերությանը օգնում գործել օրենսդրական պահանջներին համապատասխան և մնալ վճարունակ:

Կան ոլորտներ, որոնցում անհնար է գործունեություն ծավալել առանց այս մասնագետների: «Հայաստանում օրենքով է ամրագրված, որ ապահովագրական ընկերությունը պարտադիր պետք է ունենա լիցենզավորված ակտուար: Հակառակ պարագայում՝ պարզապես կզրկվի արտոնագրից»,- հայտնեց Կարինե Ավետիսյանը:

Հայաստանում այս ոլորտի մասնագետների կարիք առաջացավ 2000-ականների սկզբին, երբ երկրում ավարտին էր մոտենում շուկայական տնտեսության անցնելու փուլը: Կարճ ժամանակ անց հիմնվեց Հայաստանի ակտուարների միությունը, որի առաջին նախագահն էր Ակտուարական և ֆինանսական մաթեմատիկայի ամբիոնի շրջանավարտ Աստղիկ Անանյանը: Միությունն անդամակցում է Ակտուարների միջազգային ասոցիացիային (Մեծ Բրիտանիա), ինչը նկատելիորեն նպաստում է Հայաստանում այս մասնագիտության զարգացմանը:

«2001-ին ԵՊՀ-ում ստեղծվեց ակտուարական մաթեմատիկայի մագիստրոսական ծրագիր, որը երկու տարի անց ներդրվեց նաև բակալավրիատում: 2007 թվականին ԵՊՀ-ում ստեղծվեց Ակտուարական և ֆինանսական մաթեմատիկայի ամբիոն, որտեղ իրականացնում է «Ակտուարական և ֆինանսական մաթեմատիկա» բակալավրի ծրագիրը և «Ակտուարական մաթեմատիկա», «Ֆինանսական մաթեմատիկա» ու «Ռիսկերի կառավարում» մագիստրոսական երեք ծրագրերը: Ընդ որում, վերջին երկուսը՝ մեկ տարի տևողությամբ։

MXO_2306.JPG (592 KB)

Բակալավրիատում նախատեսված է «Ակտուարական և ֆինանսական մաթեմատիկա» անվանմամբ ընդհանուր ուսումնական ծրագիր, սակայն ուսանողներն, օգտվելով առարկաների կամավոր ընտրության հնարավորությունից, կարող են ընտրել համապատասխան մասնագիտական դասընթացներ:

Իսկ ահա մագիստրատուրայում ակտուարների, ռիսկերի կառավարիչների և ֆինանսական մաթեմատիկոսների (ներկայումս Արևմուտքում տարածված է «քվանթ» անվանումը) համար նախատեսված են առանձին ուսումնական ծրագրեր: Վերջին երկուսի դեպքում՝ մեկամյա տևողությամբ։ Ավարտելիս ուսանողները ստանում են ֆինանսական մաթեմատիկայի բակալավրի կամ մագիստրոսի աստիճան՝ համապատասխան մասնագիտացմամբ։

Ամբիոնի ծրագրերն ապահովում են լիարժեք մասնագիտական կրթություն, ուստի շրջանավարտները հնարավորություն ունեն անհրաժեշտ քննությունները հանձնելով՝ ստանալ համապատասխան միջազգային վկայագրեր»,- ներկայացրեց Կարինե Ավետիսյանը:

Մեր զրուցակցի խոսքով՝ ամբիոնի շրջանավարտներն այնքան պահանջված են, որ նրանց մեծամասնությունն արդեն ընդգրկված է ֆինանսական համակարգի պետական և մասնավոր տարբեր կառույցներում: Նույնիսկ այդ պարագայում ուսանողների թվի սահմանափակ լինելու պատճառով չի հաջողվում ամբողջությամբ լրացնել ոլորտում առկա թափուր հաստիքները:

«Ներկայում մեզ մոտ առաջին կուրս ընդունվում են մինչև 70-80 հոգի: Մինչդեռ, ունեցել ենք տարիներ, երբ եղել է երկու հոսք՝ 127 ուսանող: Ընդհանուր առմամբ, 100-120 ուսանողը նորմա էր մեզ մոտ: Սակայն, հետագայում, որոշ հանգամանքների բերումով, ուսանողների ընդհանուր թիվը որոշակիորեն նվազեց»,- նշեց ամբիոնի վարիչը՝ հավելելով, որ իրենց շրջանավարտները շատ պահանջված են թե՛ Հայաստանի, թե՛ այլ երկրների առաջատար ֆինանսական հաստատություններում։

MXO_2324.JPG (613 KB)

«Օրինակ, մեր շրջանավարտ Ինգա Արիստակեսյանը ՀՀ կենտրոնական բանկում ռիսկերի կառավարիչ աշխատելուց հետո հրավիրեց Համաշխարհային բանկի Ֆրանսիայի գրասենյակ՝ որպես ֆինանսական վերլուծաբան, որպեսզի շուրջ 40 երկրների կենտրոնական բանկերի ներկայացուցիչներին ծանոթացնի ռիսկերը կառավարելու հմտություններին: Մեր ամբիոնի մեկ այլ նախկին ուսանողը ներկայում Ավստրալիայի ազգային բանկի ակտուարն է, մյուսը՝ Գերմանիայի Դոյչբանկի ռիսկերի կառավարիչն է: Կանադայում Օնթարիոյի ուսուցիչների կենսաթոշակային հիմնադրամի ակտուարը և պորտֆելի կառավարիչը կրկին մեր շրջանավարտն է: Աշխարհի ամենամեծ ներդրումային կազմակերպության՝ «Բլեքռոք»-ի փոխնախագահներից Նարեկ Թովմասյանը նույնպես մեր շրջանավարտն է։ Հայաստանում ոլորտի ռիսկերի կառավարիչների մոտ 80 տոկոսը, իսկ ակտուարների 100 տոկոսը մեր շրջանավարտներն են: Օրինակները շատ են: Կարծում եմ՝ այդ ամենը մեր աշխատանքի ամենաբարձր գնահատականն է»,- նկատեց Կարինե Ավետիսյանը:

Նա տեղեկացրեց, որ ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետում առայժմ միայն իրենց ամբիոնն ունի մեկ տարի տևողությամբ մագիստրատուրա. «Ունենք երկու մագիստրատուրա՝ ֆինանսական մաթեմատիկա և ռիսկերի կառավարում մասնագիտացումների գծով: Երկուսն էլ՝ մեկ տարի տևողությամբ»:

Հաջորդ տարի ամբիոնը պատրաստվում է ներդնել բլոքչեյն տեխնոլոգիաների, վիրտուալ կամ թվային ակտիվների կառավարման մագիստրատուրա, որը նույնպես լինելու է մեկ տարի տևողությամբ:

Ամբիոնի ուսանողներից Լիլիթ Խաչիկյանը, Ներսես Սրապիոնյանը, Հովհաննես Սրապիոնյանը, Անի Փարսյանը և Սոֆի Ավետիսյանը «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեցին, որ ընտրել են աշխատաշուկայում մեծ պահանջարկ վայելող և բարձր վարձատրվող մասնագիտություն, որը նաև ընձեռում է մասնագիտական զարգացման լայն հնարավորություններ և համադրվում է ոլորտային այլ մասնագիտությունների:

Ամբիոնի մեկամյա ծրագրով առաջին մագիստրանտ Էդիտա Ռուստամյանը նույնպես առանձնացրեց ստացած կրթության բազմաշերտության հանգամանքը. «Մաթեմատիկական գիտելիքներից բացի ստացել ենք վիճակագրությանը, տնտեսագիտությանը, ֆինանսական մաթեմատիկային, ապահովագրական ոլորտին առնչվող կրթություն: Ավարտել եմ ակտուարական և ֆինանսական մաթեմատիկայի բակալավրը, հիմա ավարտում եմ նաև մագիստրատուրան: Աշխատում եմ ՀՀ կենտրոնական բանկում: Այստեղ ստացած գիտելիքները ճկունության տեսանկյունից ինձ շատ են օգնում աշխատանքում»:

Մագիստրանտ Հայկ Հովհաննիսյանը նույնպես գտնում է, որ մասնագիտական ճիշտ ընտրություն է կատարել: «Ակտուարական և ֆինանսական մաթեմատիկայի բակալավրիատն ավարտելուց հետո տեղեկացա, որ ստեղծվել է նաև ֆինանսական մաթեմատիկայի մագիստրոսական ծրագիր, որը թեպետ մեկամյա տևողությամբ է, սակայն հնարավորություն է տալիս ավելի շատ հմտանալ ֆինանսական ոլորտում, ավելի ճկուն ու մրցունակ լինել աշխատաշուկայում։ Միանշանակ գոհ եմ այս ծրագրից»«,- նշեց նա:

«Ֆինանսական մաթեմատիկա» մասնագիտացմամբ մագիստրոսական մեկամյա ծրագրի առաջին 16 շրջանավարտները փայլուն պաշտպանել են իրենց մագիստրոսական թեզերը և գրանցել աննախադեպ արդյունք․ բոլորն արժանացել են գերազանց գնահատականի: Նրանք աշխատում են իրենց մասնագիտությամբ։

Հրայր Նազարյան

Տեղադրություն

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում