Հայաստան

ԿԳՄՍ փոխնախարարը Դիլիջանի և Իջևանի դպրոցներում հետևել է նոր ձևաչափով անցկացվող ավարտական քննությանը

3 րոպեի ընթերցում

ԿԳՄՍ փոխնախարարը Դիլիջանի և Իջևանի դպրոցներում հետևել է նոր ձևաչափով անցկացվող ավարտական քննությանը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը հունիսի 20-ին այցելեց Տավուշի մարզի Դիլիջան, Իջևան և Գետահովիտ համայնքների դպրոցներ՝ տեղում հետևելով հանրակրթության պետական նոր չափորոշչի ներդրման շրջանակում 9-րդ դասարանի շրջանավարտների «Գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների ավարտական քննությանը, որն անցկացվում է ինտեգրված ձևաչափով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արաքսյա Սվաջյանը քննական կենտրոններում շրջանավարտներին հորդորեց չսահմանափակվել միայն կենտրոնանալով ուղղագրության վրա, քանի որ առաջին անգամ նման ձևաչափով անցկացվող այս քննությունը իրենց բառերով ու ստեղծագործաբար գիտելիքները շարադրելու նպատակին է միտված։

«Հաշվի առնելով, որ այս տարի հանրակրթական նոր չափորոշիչ ներդրումը, թե տարրական, թե հիմնական և ավագ դպրոցների քննության ձևաչափերը փոխվել են Տավուշի մարզում։ Մենք փորձարկում ենք այս  ձևաչափը, որպեսզի նոր չափորոշչի ներդրումը և դրա ազդեցությունը գնահատենք, ինչպես նաև քննությունները կազմակերպենք չափորոշչի տրամաբանությանը համապատասխան։ Այսօրվա քննությունը գրականության և պատմության ինտեգրված քննություն է, որի շրջանակում սովորողները ստացել են գրականությունից և պատմությունից փոքրիկ հատվածներ, տեքստեր և պիտի վերլուծություն անեն, կարողանան կապել դրանք, քանի որ հիմնականում նույն դարաշրջանին վերաբերող ստեղծագործություններ կամ պատմական դրվագներ են»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Սվաջյանը։

Արաքսյա Սվաջյան.JPG

Քննության նման ձևաչափը նա կարևորեց նաև նոր չափորոշչի առանցքը կազմող նպատակների տեսանկյունից՝ աշակերտների ստեղծագործականությունը, քննադատական մտածողությունը զարգացնելու, ինքնավստահությունը և անկաշկանդ մտքերն արտահայտելու կարողության։

 Փոխնախարարը նշեց, որ այս տարի բնագիտական առարկաներից Տավուշի մարզի դպրոցներում մի խումբ աշակերտներ ընտրել են նախագծային աշխատանքի միջոցով քննություն հանձնելու տարբերակը։

Սվաջյանի համոզմամբ՝  երկու առարկաների ինտեգրված ձևաչափով քննությունն ամրապնդում է նաև միջառարկայական կապերը, որովհետև աշակերտը կարող է համապարփակ և խորքային վերլուծությամբ կապեր գտնել պատմական տվյալ դարաշրջանի և գրական ստեղծագործության նյութերի միջև։

ԿԳՄՍ փոխնախարարի խոսքով՝  պիլոտային համարվող նոր ձևաչափով քննության արդյունքները նախ կվերլուծվեն՝ հասկանալու խնդիրներն ու փոփոխությունների անհրաժեշտությունը։ Հաջորդ տարի նույնպես միայն Տավուշի մարզում է նախատեսվում այս ձևաչափով քննություն։

«Երրորդ տարում, այսինքն՝ 2026-27 ուսումնական տարում միայն հանրապետության մյուս դպրոցներում այս նոր ձևաչափով քննություններ կկազմակերպվեն»,-ընդհանրացրեց Սվաջյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում