ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գավառի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնը հուլիսին թատերասերների դատին կհանձնի Ագաթա Քրիստիի «Մկան թակարդ» պիեսի համանուն ներկայացումը: Թատրոնի գլխավոր ռեժիսոր և բեմադրության հեղինակ Նորայր Հերգնյանը վստահեցնում է՝ հանդիսատեսը հետաքրքրությամբ կդիտի դետեկտիվ ներկայացումը՝ հերոսների հետ փորձելով բացահայտել հանցագործներին:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Հերգնյանն ասում է՝ Ագաթա Քրիստի է որոշել բեմադրել, քանի որ երիտասարդները շատ են կարդում նրա գրքերը: Այդ են փաստում գրադարանները: «Եթե չեմ սխալվում, «Մկան թակարդ»-ը Քրիստիի միակ պիեսն է: Այն ռուսերենից հայերեն եմ թարգմանել, քանի որ հայերեն թարգմանություն չեմ գտել: Սյուժեն գրավիչ է. տեղի է ունեցել սպանություն, կասկածյալ են համարվում բոլոր գործող անձիք, որոնք վատ եղանակի պատճառով հայտնվում են միևնույն հյուրատանը: Հերոսները հյուրատան տերերն են, այցելուներն են, նաև ոստիկանի կերպարն է կարևոր: Հանդիսատեսն ընթացքում ևս մեկ սպանության ականատես է լինում, սակայն չի իմանում, թե ով է մարդասպանը: Բոլոր կերպարներին կասկածում ես: Հենց այդ է ապահովում հետաքրքրությունն ու դրայվը»,-նշում է ռեժիսորը:
Թե՛ գրողի առաջարկած լուծումների, թե՛ ռեժիսորի բեմադրական յուրահատուկ մոտեցումների միջոցով ստեղծագործական կազմը խոստանում է ապահովել սպասում, լարվածություն, անհանգստություն և ճշմարտությունն իմանալու մեծ ցանկություն:
Բեմադրության մեջ, որ կյանքի է կոչվում ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, զբաղված են Անուշիկ Զանգիզորյանը, Հովհաննես Հասասյանը, Հովհաննես Վարդանյանը, Ալվարդ Ստեփանյանը, Մարտուն Ղևոնդյանը, Սուսաննա Սարգսյանը, Մուշեղ Սիմոնյանն ու Նորայր Հերգնյանը:
Գավառի թատրոնում ներկայացումներ են բեմադրվում հանդիսատեսի լայն շրջանակի համար՝ կատակերգություն, ողբերգություն, մանկական ներկայացումներ, դրամա և այլն:
«Մարզային թատրոն ենք և քիչ հանդիսատես ունենք, և մեր ներկայացումների կյանքն ակամայից կարճանում է: Բեմադրությունները, որ Գավառում խաղում ենք հինգ անգամ, Երևանում հնարավոր է խաղալ 25 անգամ: Մեր հանդիսատեսի հետաքրքրությունը բավարարելու խնդիր ևս ունենք: Ցանկանում ենք ժամանակին համահունչ քայլել, գրավել երիտասարդներին, որովհետև նրանց հուզում է թատրոնը, ձգտում ենք անել հնարավորը, որ Գավառի թատրոնը համապատասխանի նրանց նախասիրություններին»,-շեշտում է գլխավոր ռեժիսորը:
Հենց այդ տրամաբանությամբ ամիսներ առաջ Հերգնյանը բեմադրել է Ռեյ Բրեդբերիի «Ֆարենհայթ 451» վեպի համանուն ներկայացումը, որը սիրվել է:
Հնարավորության դեպքում Գավառի թատրոնը ներկայացումներով հյուրընկալվում է Երևանում: Վերջերս «Կյանքի երեք տարբերակ»-ը խաղացին «Բաբելոն» թատրոնում: Նախնական պայմանավորվածություններ ունեն տաբեր թատրոնների հետ, բայց դեռ չեն կարող ասել, թե որ ներկայացումներով են հանդես գալու: «Գավառից դուրս կխաղանք «Հիշի՛ր, բժիշկ, հիշի՛ր» կատակերգությունը, կամ՝ «Կյանքի երեք տարբերակ»-ը, որի բեմադրիչը հրավիրված ռեժիսոր Գայանե Անդրեասյանն է: «Մկան թակարդ»-ը հավանաբար չենք կարող այլ թատրոնում խաղալ, քանի որ այն բեմադրել ենք՝ օգտագործելով մեր բեմի պատշգամբները: Այլ թատրոնում ներկայացումը կտուժի: Ավելի լավ է անել հնարավորը, որ թատերասերները գան Գավառ»,-ասում է նա:
Դպրոցականների ուշադրությունը գրավելու նպատակով թատրոնում պարբերաբար շրջայցեր են կազմակերպվում: Աշակերտներին ծանոթացնում են թատրոնի գործունեությանը, կուլիսային անցուդարձին, բեմադրման գործընթացին և այլն, անգամ դեկորներ պատրաստելու վարպետության դաս են անցկացնում: Արտիստների հետ հանդիպումներ ևս կազմակերպում են: «Ֆարենհայթ 451» ներկայացման առաջնախաղից առաջ գրքի շուրջ քննարկում են ծավալել, հետո դիտել են ներկայացումն ու խոսել թե՛ գրքի, թե՛ բեմադրության առանձնահատկությունների մասին:
«Մկան թակարդ»-ի շուրջ քննարկում ևս ցանկանում են կազմակերպել: «Պիեսի հայերեն տարբերակը չեմ գտել, ուստի կարծում եմ՝ շատերն այն չեն կարդացել, գուցե մասնակցությունը քիչ լինի: Վարդգես Պետրոսյանի անվան Գեղարքունիքի մարզային գրադարանի հետ քննարկում ենք արդյոք արժե՞ այս ներկայացման ու պիեսի շուրջ հանդիպում նախաձեռնել: Նշեմ, որ նախատեսում եմ բեմադրել Եղիշե Չարենցի «Դանթեական առասպել»-ը: Այն պիես չէ ու դժվար է բեմական նյութ դարձնել, սակայն ձևաչափն արդեն որոշել եմ, ոգևորված եմ: Այն կլինի դպրոցական ծրագրի մի մաս»,-տեղեկացնում է Հերգնյանը:
Թատրոնում նաև թատերական խմբակ են ցանկանում բացել: Գլխավոր ռեժիսորը հորդորում է արձագանքել իրենց: Մի քանի հոգուց բաղկացած խումբ ստեղծելու դեպքում կարող են աշխատել և համատեղ արդյունք ապահովել՝ փոքր ներկայացում բեմադրելով կամ կարճամետրաժ ֆիլմ նկարահանելով: Նման նախադեպ թատրոնում տարիներ առաջ եղել է. խմբի անդամներից մեկն այժմ աշխատում է Գավառի թատրոնում:
Անժելա Համբարձումյան
Լուսանկարները տրամադրել է Նորայր Հերգնյանը