Իրավունք

Սրբուհի Գալյանն ու Պատրիկ Սվենսոնը քննարկել են Շվեդիայի կողմից ՀՀ արդարադատության նախարարությանն աջակցության հնարավորությունը

2 րոպեի ընթերցում

Սրբուհի Գալյանն ու Պատրիկ Սվենսոնը քննարկել են Շվեդիայի կողմից ՀՀ արդարադատության նախարարությանն աջակցության հնարավորությունը

ՀՀ արդարադատության նախարարը Սրբուհի Գալյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից, նախարարը բարձր է գնահատել Հայաստանի և Շվեդիայի միջև Արդարադատության նախարարության իրավասության ոլորտում առկա համագործակցությունը: Սրբուհի Գալյանը, ներկայացնելով Արդարադատության նախարարության ռազմավարական առաջնահերթությունները (դատաիրավական բարեփոխումներ, էլեկտրոնային արդարադատություն, կոռուպցիայի դեմ պայքար, մարդու իրավունքների պաշտպանություն, Քրեակատարողական և Պրոբացիայի ծառայություններ), քննարկել է դրանց իրականացման ուղղությամբ Շվեդիայի Թագավորության կողմից աջակցության տրամադրման հնարավորությունը: Անդրադարձ է եղել Շվեդիայի միջազգային զարգացման գործակալության (SIDA) կողմից ոլորտային ծրագրերի աջակցությանը:

Աղբյուրը հիշեցրել է, որ SIDA-ի կողմից ֆինանսավորվող ծրագրի շրջանակում Ռաուլ Վալենբերգի անվան մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի ինստիտուտն աջակցում է իրավական կրթության զարգացմանը, քրեակատարողական ծառայողների վերապատրաստմանը մարդու իրավունքների ոլորտում, մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարության իրականացմանը, խոշտանգումների դեմ պայքարի գործիքակազմերի կատարելագործմանը:

Ըստ աղբյուրի՝ քննարկվել են նաև «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» կազմակերպությանը SIDA-ի տրամադրած աջակցության շրջանակներում այդ երկու կառույցների ու նախարարության համագործակցության խորացման հարցերը՝ հիմք ընդունելով նախարարության հակակոռուպցիոն ոլորտի առաջնահերթությունները: Դեսպանի խնդրանքով նախարարը մանրամասնել է մի շարք օրենսդրական նախաձեռնությունների ընթացքին առնչվող տեղեկություններ: Այս համատեքստում քննարկվել են նաև Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացման երկխոսության մեկնարկին առնչվող հարցեր, ինչպես նաև ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներով առկա հանձնառություններին վերաբերող տվյալներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում