Ռազմական

Աթենքում տեղի է ունեցել ՀՀ զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն

6 րոպեի ընթերցում

Աթենքում տեղի է ունեցել ՀՀ զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր ընդունելություն

Հունաստանի ցամաքային զորքերի «Սպայի Տանը» փետրվարի 4-ին անցկացվել է ՀՀ զինված ուժերի կազմավորման 33-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառում, որին մասնակցել են Հունաստանի Հանրապետության Պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասը, Հունաստանի ՊՆ և Գլխավոր շտաբի բարձր սպայակազմը, պետական այլ գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, Ազգային Ժողովի պատգամավորներ, Հունաստանում հավատարմագրված երկու տասնյակից ավելի դեսպաններ և դիվանագետներ, ռազմական կցորդներ, հունահայ համայնքի հոգևոր դասի ներկայացուցիչներ, ինչպես նաև հասարակական գործիչներ և հունահայ համայնքի ներկայացուցիչներ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հունաստանում Հայաստանի դեսպանության «Ֆեյսբուք»-ի էջը տեղեկացնում է, որ ընդունելության մասնակիցների առջև ողջույնի խոսքով հանդես են եկել Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը և ՀՀ ռազմական կցորդ, փոխգնդապետ Արմեն Միրզաբեկյանը։ 

Դեսպան Մկրտչյանը շնորհավորել է ՀՀ զինված ուժերի 33-րդ տարեդարձը՝ նշելով, որ Հայոց բանակը հանդիսանում է ՀՀ ինքնիշխանության և անկախության կարևորագույն գործոններից մեկը, և որքան ինքնաբավ և ուժեղ է բանակը, այդքան ուժեղ և ինքնաբավ է պետությունը։ Դեսպանը հավելել է, որ Հայաստանի պաշտպանունակության բարձրացմանն են ուղղված զինված ուժերի բարեփոխումների և արդիականացման ծրագրերը։

«Վկայակոչելով հայ-հունական բարեկամական հարաբերությունները՝ ՀՀ դեսպանն անդրադարձավ Հայաստանի և Հունաստանի պաշտպանության նախարարությունների և Գլխավոր շտաբերի միջև ձևավորված ամուր հարաբերություններին և վերջին տարիներին էլ ավելի մեծ մասշտաբներ ներառող համագործակցությանը՝ սկսած պարբերական բնույթ կրող բարձր մակարդակի հանդիպումներից մինչև զորավարժանքներ և վերապատրաստման հատուկ դասընթացներ։ Այս համատեքստում հատուկ անդրադարձ կատարվեց նաև Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համագործակցությանը։ Նա նշանակություն տվեց նաև արդեն երկար տարիներ հայ զինվորների ռազմական վերապատրաստմանը Հունաստանի ռազմական ակադեմիաներում։ Դեսպանը հատուկ շնորհակալություն հայտնեց Գլխավոր շտաբին և ԱԳՆ-ին՝ Հայաստանի հյուսիսային և հյուսիս-արևելյան շրջաններում հեղեղումների պատճառած վնասներին հասցեագրման Հայաստանի խնդրանքին ընդառաջելու և երեք կամուրջներ Հայաստանին տրամադրելու համար։

Օրվա նշանաբանի ներքո դեսպանն անդրադարձավ և հարգանքի տուրք մատուցեց անմահության ճանապարհը բռնած նահատակ զինվորականների և կամավորների հիշատակին՝ այդ համատեքստում անդրադառնալով նաև 2020 թ.-ի ադրբեջանական ագրեսիայի արդյունքում զոհված մայոր Մկրտիչ Հակոբյանին, ով հանդիսանում էր Հունաստանի «Էվելպիդոն» ռազմական ակադեմիայի շրջանավարտ։ ՀՀ դեսպանը նաև հիշատակեց 1994 թ.-ին զոհված Սողոմոնյան ընտանիքի կորուստը՝ գնահատելով հարազատների ներկայությունը միջոցառմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ դեսպանն, ամփոփելով իր ելույթը՝ ընդգծել է. «Խոսքիս ավարտին կցանկանայի նշել, որ այսօր մենք հրավիրել ենք հունահայ կոմպոզիտոր Միրան Ցալիկյանի «Նոստալգիա» փողային նվագախմբին՝ ներկայացնելու մի շարք հայկական ստեղծագործություններ, որոնցից առաջինը կլինի 1970-ական թվականներին հայ մեծանուն ազգագրագետ Հայրիկ Մուրադյանի ստեղծած «Երազ իմ երկիր» երգը, որը Հայոց ցեղասպանությունից փրկված և Խորհրդային Հայաստանում ապրող Հայրիկի տուրքն է երազելի իր հայրենիքին։ Այդ ժամանակ նա չէր պատկերացնում, որ «երազի երկիր Հայաստանը» անկախ հանրապետություն կդառնա 1991 թ․-ին և որ իր այդ երգը Հայաստանի զինված ուժերի օրհներգը կդառնա։ Եվ որպեսզի մեր երկիրը նորից չվերածվի «երազ իմ երկրի», մեր պարտքն ու պարտականությունն է անել ամեն բան, որպեսզի պաշտպանված լինի Հայաստանի Հանրապետության անկախությունը։ Եվ այս սրբազան առաքելության առաջին իրագործողը Հայաստանի Զինված ուժերն են»։

Հունաստանում Հայաստանի դեսպանության տեղեկացմամբ՝ ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ռազմական կցորդ, փոխգնդապետ Արմեն Միրզաբեկյանը՝ նշելով զինված ուժերի ռազմական կրթությունից մինչև նոր ռազմական համագործակցության ուղղությունների ընդլայնման գործընթացը։ ՀՀ ռազմական կցորդը նշել է նաև, որ այս բոլոր բարեփոխումներն ունեն մեկ ընդհանուր նպատակ ՝ունենալ հզոր բանակ, որը կարող է պաշտպանել և պահպանել ՀՀ տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը։ Ռազմական կցորդն ընդգծել է բազմակողմ բարեփոխումների գործընթացում գործընկեր երկրների դերը՝ որպես առաջնային հատկանշելով Հունաստանը։ Ամփոփելով իր խոսքը՝ ռազմական կցորդը Հունաստանի հետ համագործակցությունը համարել է համագործակցություն առանց սահմանների. համագործակցություն, որտեղ «ոչ» բառը գրեթե բացակայում է։

Այնուհետև երաժշտական կատարումներով հանդես է եկել «Նոստալգիա» անսամբլը, որի կատարումներին հաջորդել է ընդունելությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում