Քաղաքականություն

Հայաստանի ԱԳՆ դիվանագիտական դպրոցը և Սերբիայի ԱԳՆ դիվանագիտական ​​ակադեմիան կհամագործակցեն

2 րոպեի ընթերցում

Հայաստանի ԱԳՆ դիվանագիտական դպրոցը և Սերբիայի ԱԳՆ դիվանագիտական ​​ակադեմիան կհամագործակցեն

Երևանում փետրվարի 5-ին տեղի է ունեցել Հայաստանի և Սերբիայի ԱԳՆ գլխավոր քարտուղարների գլխավորած  պատվիրակությունների հանդիպումը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից, երկուստեք կարևորվել է Հայաստան-Սերբիա քաղաքական երկխոսության բարձր մակարդակը: Այս կապակցությամբ առանձնահատուկ նշվել է Երևանում Սերբիայի դեսպանության և Պրահայում ՀՀ դեսպանության Բելգրադի գրասենյակի գործունեությունը։ 

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև միջազգային կազմակերպությունների, Եվրոպական Միության հետ համագործակցության շրջանակներում փոխադարձ աջակցության հնարավորություններին և տարածաշրջանային օրակարգին վերաբերող մի շարք հարցերի:

Ըստ աղբյուրի՝ առանձնահատուկ նշվել է, որ նման հանդիպումներն ու անցկացվող խորհրդակցությունները, ինչպես նաև ընթացիկ տարում նախատեսվող մի շարք այցերը նոր խթան կհանդիսանան երկկողմ հարաբերությունների ամրապնդման և հետագա զարգացման համար։  

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են երկու գերատեսչությունների միջև համագործակցության նոր հեռանկարները, այդ թվում՝ հետազոտական, վերլուծական և երիտասարդ դիվանագետների փոխանակման ծրագրերի ոլորտներում:

Սերբական կողմին ներկայացվել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը։

Նշվում է, որ հանդիպման ավարտին Հայաստանի և Սերբիայի ԱԳՆ գլխավոր քարտուղարներ Դավիթ Կարապետյանն ու Դուշան Կոզարևը ստորագրել են «Հայաստանի Հանրապետության ԱԳՆ դիվանագիտական դպրոցի և Սերբիայի Հանրապետության ԱԳՆ դիվանագիտական ​​ակադեմիայի միջև համագործակցության մասին» հուշագիրը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում