ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոմիտասի 155-ամյակին ընդառաջ երգիչ, երգահան Վահան Արծրունին հանդես կգա «Կոմիտաս՝ երաժիշտ և բանաստեղծ» համերգով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երեկոն տեղի կունենա հուլիսի 2-ին «Առնո Բաբաջանյան» համերգասրահում:
Համերգը շարունակական բնույթ է կրում՝ նպատակ ունենալով տարբեր համերգաշարերի միջոցով ներկայացնել կոմիտասյան երաժշտական ժառանգության բոլոր դրսևորումները և նրա բանաստեղծությունը՝ համազոր կերպով։
Նախագիծն իր տեսակով և գեղագիտությամբ բացառիկ է, քանի որ ներառում է Կոմիտասի բնագրային վոկալ, վոկալ-գործիքային, դաշնամուրային և երգչախմբային ստեղծագործությունները, ինչպես նաև նրա ժառանգության բազմաբնույթ մեկնությունները։ Կոմիտասի քնարերգությունը ներկայացվում է Վահան Արծրունու «Կոմիտաս. տասը հայտնություն» երգաշարով։
Համերգին ելույթ կունենան երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ, Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, միջազգային մրցույթների դափնեկիր, բազմաթիվ հեղինակավոր փառատոների մասնակից Աննա Մայիլյանը, Էվանսոն քաղաքի Սուրբ Հակոբ հայկական եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հովհան Խոջա-Էյնաթեանը և նրա հիմնադրած «Նարեկյան զանգակներ» համույթը, ինչպես նաև KVART անսամբլը՝ ընդլայնված կազմով (գեղարվեստական ղեկավար՝ Նարեկ Ավագյան):
Համերգային պաստառի հիմքում Վալենտին Պոդպոմոգովի «Կոմիտաս» գեղանկարն է։ Այս տարի նշվում է Պոդպոմոգովի ծննդյան 100-ամյակը։ Նկարը համերգի ընթացքում զետեղված կլինի համերգասրահում։