Հայաստանի պատմության թանգարանի և Բեռլինի Թանգարանային կղզու համագործակցությամբ բացառիկ ցուցադրություն է մեկնարկում Երևանում
8 րոպեի ընթերցում

Հայաստանի Անկախության 35-ամյակի և Բեռլինի աշխարհահռչակ Թանգարանային կղզու 200-ամյակի առիթով սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմության թանգարանում ազդարարվեց բացառիկ ցուցադրության մեկնարկը։
«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ «Առասպելներ, պաշտամունքներ և տիեզերագիտություն․ Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» խորագրով միջազգային ցուցադրությունը տևելու է 6 ամիս։
Առաջին անգամ մեկ հարթակում ներկայացվել են Բեռլինի Թանգարանային կղզու վեց թանգարանների և Հայաստանի պատմության թանգարանի ընտրված հավաքածուները՝ Ուրուկից, Ասորեստանից, Բաբելոնից, Եգիպտոսից, Իրանից, Հունաստանից, Հայաստանից, Բյուզանդիայից, ինչպես նաև Իտալիայից, Գերմանիայից և այլ երկրներից ծիսական անոթներ, կնիքներ, զարդեր, զենքեր ու ճարտարապետական զարդաքանդակներ, որոնց վրա պահպանվել են տիեզերագիտական և առասպելաբանական պատկերների հետքերը։
Ցուցադրության առանցքային նմուշներից է Քրիստոսից առաջ 12–11-րդ դարերով թվագրվող վաղ երկաթի դարաշրջանի Արեգակնային համակարգի բրոնզե մոդելը, որի բեռլինյան նմուշն առաջին անգամ է ներկայացվում։ Ներկայացված են նաև Հայաստանի պատմության թանգարանի՝ նույն ժամանակաշրջանին վերագրվող համանման բացառիկ ցուցանմուշներ։
Այս իրադարձության կապակցությամբ հրավիրված ասուլիսում Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը նշեց, որ ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ներառված Բեռլինի աշխարհահռչակ Թանգարանային կղզու 6 թանգարաններ առաջին անգամ համատեղ 50-ից ավելի ուշագրավ նմուշներ են ներկայացրել Հայաստանում։ Բանախոսն ընդգծեց՝ որոշ ցուցանմուշներ, այդ թվում՝ Արեգակնային համակարգի բրոնզե մոդելը, պատմության մեջ առաջին անգամ են ցուցադրվում հանրությանը։ Դավիթ Պողոսյանը դա համարում է մեծ իրադարձություն։

Հայաստանի պատմության թանգարանի տնօրենը երախտագիտության խոսքեր ուղղեց ցուցադրության կազմակերպմանը նպաստած բոլոր գործընկերներին։
«Սա, կարծում եմ, շատ կարևոր համագործակցության դրսևորում է, որը լինելու է շարունակական։ Իհարկե, այս տիպի ցուցահանդեսն անհնար կլիներ առանց Հայաստանի Հանրապետության կառավարության և ԿԳՄՍ նախարարության անմիջական աջակցության ու շատ բարձր հովանավորության։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել նախարարությանը՝ ոչ միայն աջակցության, այլ նաև նախագիծը ֆինանսավորելու և ամեն կերպ առաջ մղելու համար։ Շնորհակալ եմ նաև Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությանը, դիվանագիտական օղակներին, տիկին դեսպանին՝ ամեն կերպ խրախուսելու, նաև նախագծին ֆինանսապես աջակցելու համար»,- նշեց Դավիթ Պողոսյանը։
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ավելի քան խոսուն է համարում ցուցադրության խորագիրը։

«Հարատև պետության խորագիրը, որը նշում է՝ անցնելով բարդ ճանապարհ՝ ամուր կանգնել ենք այն ուղու վրա, որն օրեցօր տանում է դեպի մեր պետության ավելի հզորացում, ուժեղացում և հարատևություն։ Եվ դա տեղի է ունենում նաև մշակույթի միջոցով։ Շատ ուրախ եմ, որ արդեն երրորդ տարին մեր երկրի Անկախության օրը նշանավորում ենք մշակութային ժառանգության վրա ուշադրություն հրավիրելով։ Շատ կարևոր է հասկանալ, որ դա համաշխարհային մշակութային ժառանգության մի մասն է։ Սա շատ հետաքրքիր ցուցադրություն է»,- նշեց նախարարը։
Նա կարևորեց նաև ցուցադրության կրթական նշանակությունը՝ ընդգծելով, որ նման ցուցադրություններն ավելին են, քան ուղղակի տարբեր ցուցանմուշների ցուցադրություն։
«Դրանք դառնում են նաև մեր կարևոր գիտելիքի, կարևոր ճանաչողության, առօրյայի հետ մեր կապի փոխանցման միջոց»,- ասաց Անդրեասյանը։
Նախարարը նաև շնորհակալություն հայտնեց ցուցադրության բոլոր կազմակերպիչներին, որոնք, ինչպես նշվեց, իսկապես կարողացել են շատ հաջող կոնցեպտ ներկայացնել։
«Սա նաև ցույց է տալիս մեր երկու երկրների միջև համագործակցության բարձր մակարդակը։ Սա համագործակցության սկիզբն է. նախատեսում ենք, որ այս 6-ամսյա ցուցադրությունից հետո Հայաստանի պատմության թանգարանն իր հերթին ցուցադրություն կունենա Բեռլինի թանգարանային կղզում։ Սա վկայում է շարունակական և խորացող համագործակցության մասին։ Այն հանգամանքը, որ այս համատեղ ցուցադրությունը նաև համատեղ ֆինանսավորվում է մեր երկու երկրների կողմից՝ նույնպես վկայում է մեր համագործակցության որակի, մակարդակի և դրա հանդեպ մեր փոխադարձ հանձնառության մասին»,- նշեց ԿԳՄՍ նախարարը։
Հայաստանում Գերմանիայի դեսպան Կլաուդիա Բուշը նույնպես կարևորելով երկու երկրների միջև նման համագործակցությունը՝ նշեց, որ նման ցուցադրությունները նաև անցյալը և ներկան հասկանալու լավ հնարավորություն են։

«Սա ապացուցում է, որ Գերմանիայի և Հայաստանի միջև համագործակցության և բարեկամության մակարդակն ամենաբարձր կետին է։ Սա նաև ժամանակակից աշխարհում թանգարանների միջև համագործակցության լավ վկայություն է։ Նաև նպաստում է Հայաստանի և Գերմանիայի միջև ռազմավարական օրակարգի սկզբունքներին, որը ստորագրվել է 2025-ի դեկտեմբերին՝ պարոն Մերցի և պարոն Փաշինյանի միջև։ Համագործակցության ռազմավարական օրակարգը ներառում է դիվանագիտական, տնտեսական, առևտրական, տեխնոլոգիական, նորարարությունների, մշակույթի, մարդկային հարաբերությունների, կապի ոլորտներում, ինչպես նաև ակադեմիական և հետազոտական աշխատանքների համագործակցություն»,- ասաց Կլաուդիա Բուշը։
Բեռլինի թանգարանային կղզու Նախապատմության և վաղ պատմության թանգարանի տնօրեն, պրոֆեսոր Մաթիաս Վեմհոֆը ևս նշեց, որ Բեռլինի աշխարհահռչակ Թանգարանային կղզու 200-ամյա պատմության մեջ առաջին անգամ 6 թանգարաններ համագործակցելով՝ իրենց ցուցանմուշներն են ներկայացնում Հայաստանի պատմության թանգարանում։

«Սա կարևորագույն քայլ է ամբողջ աշխարհին ներկայանալու, համագործակցության, մարդկանց միջև կապերի ամրապնդման ուղղությամբ, նաև երկրներին ու մշակույթներին ծանոթանալու տեսակետից։ Սա նաև կարևոր է պատմական տարբեր ժամանակաշրջանների և տիեզերագիտության միջև կապի ընկալման համար։ Կցուցադրվի նաև 20-րդ դարի սկզբի ցուցանմուշ, որը վերաբերում է Բեռլինի գարեջրագործությանը»,- հայտնեց նա։
Ներկաների ուշադրությունը հրավիրելով ցուցադրության պաշտոնական պաստառին՝ Մաթիաս Վեմհոֆն արձանագրեց, որ ներկայացված ցուցանմուշները միայն Հայաստանի պատմության թանգարանի և Բեռլինի Թանգարանային կղզու համատեղ ցուցադրությամբ են դառնում ամբողջական։
Հիշեցնենք, որ ցուցահանդեսը կազմակերպվել է Հայաստանի պատմության թանգարանի և Բեռլինի Թանգարանային կզղու Նախապատմության և վաղ պատմության թանգարանի համագործակցությամբ, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության ֆինանսական աջակցությամբ։