Քաղաքականություն

Հայաստանը պատրաստ է առաջիկա ամսվա ընթացքում ամբողջացնել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագիծը

3 րոպեի ընթերցում

Հայաստանը պատրաստ է առաջիկա ամսվա ընթացքում ամբողջացնել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության արտգործնախարար Արարատ Միրզոյանը ևս մեկ անգամ վերահաստատել է, որ Երևանը պատրաստ է առաջիկա ամսվա ընթացքում ավարտին հասցնել Բաքվի հետ կնքվելիք խաղաղության պայմանագրի նախագիծը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Արարատ Միրզոյանն այս մասին ասել է Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում՝ խոսելով միջազգային և տարածաշրջանային անվտանգության վերաբերյալ։  

«Ես իմ գործընկերոջը ներկայացրի այն, թե որտեղ ենք հասել մեր հարևանների հետ հարաբերությունների վերականգնման գործընթացում, ինչպես նաև ներկայացրեցի ջանքերը՝ Հարավային Կովկասում տևական կայունություն կառուցելու ուղղությամբ։ Ինչպես տեղյակ եք, մենք Ադրբեջանի հետ սկսել ենք սահմանների սահմանազատման գործընթացը՝ հիմնված  1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա»,- ասաց Արարատ Միրզոյանը։ 

Միրզոյանը կարևոր համարեց Ադրբեջանի հետ մեկնարկած սահմանազատման գործընթացի շարունակականությունը և միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման վերահաստատումը։ 

«Շատ կարևոր է նաև ավարտին հասցնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը։ Մենք ադրբեջանական կողմին հղել ենք շատ կառուցողական առաջարկներ, և պատրաստ ենք վերջնականացնել և եզրափակել պայմանագիրն առաջիկա ամսվա ընթացքում, ինչպես մենք արդեն առաջարկել ենք»,- ընդգծեց նախարար Միրզոյանը՝ շեշտելով, որ Հայաստանն այս հարցի շուրջ Ադրբեջանի կողմից որևէ արձագանք չի ստացել։

Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ այս ամենի հետ մեկտեղ Ադրբեջանն առաջ է բերում նոր օրակարգեր, որոնք առնվազն հարցեր են առաջացնում Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ուղղությամբ այդ երկրի անկեղծության վերաբերյալ։

Խոսելով Հարավային Կովկասում խաղաղության հաստատման օրակարգի և տնտեսական զարգացման մասին՝ Արարատ Միրզոյանը նաև նշեց, որ լիտվացի գործընկերոջ հետ քննարկել է տարածաշրջանային հաղորդակցության ուղիների բացման կարևորությունը՝ ներկայացնելով «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ 

«Կասկած չկա, որ եթե այդ նախագիծն իրականություն դառնա, ապա կարող է նշանակալի օգուտներ բերել ինչպես մեր տարածաշրջանին, այնպես էլ դրանից դուրս»,- եզրափակեց Միրզոյանը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում