Երևանում՝ 11:07,   3 Հունիս 2024

Իրանում 5-օրյա սուգ է հայտարարվել նախագահ Ռայիսիի և նրան ուղեկցող պաշտոնյաների զոհվելու կապակցությամբ

Իրանում 5-օրյա սուգ է հայտարարվել նախագահ Ռայիսիի և նրան ուղեկցող 
պաշտոնյաների զոհվելու կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին իր ցավակցությունն է հայտնել ուղղաթիռի վթարի հետևանքով նախագահ Էբրահիմ Ռայիսիի, արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և նրանց ուղեկցող այլ պաշտոնյաների զոհվելու կապակցությամբ և երկրում հնգօրյա սուգ է հայտարարել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին այաթոլլա Խամենեին հայտարարություն է տարածել։

«Ես հայտարարում եմ 5-օրյա սուգ և իմ ցավակցություններն եմ հայտնում Իրանի թանկագին ժողովրդին», - Խամենեիի հայտարարությունից մեջբերում է IRNA գործակալությունը։

Իրանի գերագույն առաջնորդը նաև հայտարարել է, որ համաձայն երկրի սահմանադրության 131-րդ հոդվածի՝ առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոխբերը ժամանակավորապես կստանձնի նախագահի պարտականությունները և առավելագույնը 50 օրվա ընթացքում կկազմակերպի նոր ընտրություններ՝ դատական և օրենսդիր իշխանությունների ղեկավարների հետ միասին։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր «Արմենպրես»-ը, Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի ուղղաթիռը վայրէջք կատարելիս կործանվել էր Իրանի Արևելյան Ադրբեջանի նահանգում, երբ նա երկրի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և այլ պաշտոնյաների հետ վերադառնում էր Իրանի և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գտնվող ջրամբարի բացման արարողությունից։ Կործանված ուղղաթիռում գտնվողներից ոչ ոք ողջ չի մնացել։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am