Տնտեսություն

«Ճանաչի՛ր Հայաստանը». գյուղական կոլորիտն ու արկածային տուրիզմը՝ Երևանի կենտրոնում

7 րոպեի ընթերցում

«Ճանաչի՛ր Հայաստանը». գյուղական կոլորիտն ու արկածային տուրիզմը՝ Երևանի կենտրոնում

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի նախաձեռնությամբ երրորդ տարին անընդմեջ կազմակերպված «Ճանաչի՛ր Հայաստանը» ցուցահանդեսը կոչված է ներկայացնելու երկրի տարբեր մարզերի զբոսաշրջային ներուժը և խթանելու ներգնա տուրիզմը։ Մայիսի 25-ին մեկնարկած միջոցառման շրջանակներում կազմակերպվել է նաև թեմային նվիրված համաժողով, որի մասնակիցները քննարկում են ոլորտում առկա խնդիրները և զարգացման հեռանկարները։

Մայրաքաղաքի բնակիչներն ու հյուրերը մայիսի 25-26-ին Մաշտոցի պողոտային կից զբոսայգիներից մեկում կարող են շրջել Հայաստանի 10 մարզերը ներկայացնող տաղավարներում՝ ծանոթանալով երկրի տվյալ հատվածի տեսարժան վայրերի, պատմամշակութային հուշարձանների, զբոսաշրջային ենթակառուցվածքների մասին տեղեկատվական նյութերին, ձեռք բերել հուշանվերներ և, իհարկե, համտեսելով տեղում պատրաստվող տարբեր բնակավայրերին բնորոշ ուտեստներ՝ զգալ նրանց համնուհոտը։ Հատուկ ուշադրության կենտրոնում է նաև, այսպես կոչված, արկածային տուրիզմը՝ օդապարիկով ճամփորդությունից մինչև քարանձավագնացություն։ Ներկայացված է նաև գյուղական կոլորիտով հատված։

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ տաղավարներում ներկայացված է ընդհանուր առմամբ շուրջ 500 մարզային զբոսաշրջային պրոդուկտ։ Անցկացվում են նաև վարպետաց դասեր։ Գործում է արկածային զբոսաշրջությանը նվիրված գունեղ տաղավար, ֆոտոզոնա։ Ցուցահանդեսն ուղեկցվում է հետաքրքիր մշակութային ծրագրով։

Ցուցահանդեսի բացումն ազդարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

«Ցուցահանդեսը լավ հնարավորություն է Հայաստանի մարզերի զբոսաշրջային ներուժը մեկ վայրում ներկայացնելու համար։ Սա մի նոր հարթակ է, որը թիրախավորում է զբոսաշրջային արդյունքի դիվերսիֆիկացումը Երևանից դեպի մարզեր՝ դրանով հարստացնելով մեր զբոսաշրջային հնարավորությունները, ձևավորելով նոր զբոսաշրջային ուղղություններ, որն, իր հերթին, հանդիսանում է զբոսաշրջային հոսքերը դեպի մարզեր ուղղորդելու կարևորագույն հենասյուն»,- ողջույնի իր խոսքում նշեց նախարարը:

443719915_869894881846563_8263935829974893043_n.jpg (105 KB)

Գևորգ Պապոյանն ընդգծեց, որ նման միջոցառումների նպատակն է ներկայացնել Հայաստանի զբոսաշրջային առանձնահատկությունները և դրանք գրավիչ դարձնել ճամփորդության սիրահարների համար։ Նախարարն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ 2023 թվականին ներքին զբոսաշրջությունը նախորդ տարվա համեմատ աճել է մոտ 20 տոկոսով։

«Վստահ ենք, որ ունենք շատ ավելի մեծ հնարավորություններ։ Կարծում եմ, այս միջոցառումը Հայաստանը ճանաչելու շատ լավ առիթ է։ Նախարարությունը սատարում է այս գաղափարին, ակտիվորեն կյանքի կոչում այն՝ ի նպաստ մարզերում զբոսաշրջային գործարար հարաբերությունների զարգացմանը, քանի որ դա մեզ համար գերակա ուղղություն է»,- շեշտեց Գևորգ Պապոյանը՝ բնակչությանը կոչ անելով ավելի ակտիվորեն շրջել Հայաստանի տարբեր մարզերում։

Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի մարքեթինգի և խթանման վարչության խորհրդական Լիլիթ Պետրոսյանն էլ «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նկատեց՝ միջոցառման հիմնական նպատակն ու ուղերձն է ցույց տալ Հայաստանի մարզերի զբոսաշրջային ներուժը, արկածային հնարավորությունները, հայկական համեղ խոհանոցը և, իհարկե, մշակութային ու բնական մեծ ժառանգությունը։

processed-95BF5C04-7A5B-4FC3-80D2-5541B211272D-19A83F8D-7F93-4407-BD9B-BB97E74ED587.jpeg (2.97 MB)

«Սա, իսկապես, հետաքրքիր նախաձեռնություն է, որը շարունակական բնույթ է կրելու։ Ամեն տարի փորձում ենք այս միջոցառումը մատուցել նոր և ընդարձակ ձևաչափով, մեր հնարավորությունները ներկայացնել ավելի բաց հարթակում»,- շեշտեց նա:

Լիլիթ Պետրոսյանը կարևորեց նաև «Բացահայտելով մարզային զբոսաշրջությունը» խորագրով համաժողովի անցկացումը, որի ընթացքում փորձելու են պանելային քննարկումների միջոցով ներկայացնել, վեր հանել զբոսաշրջության ոլորտի կարևոր հիմնահարցերը, մարտահրավերները, քննարկել խնդիրները ու փորձել գտնել դրանց լուծումները։

Ունենք հատուկ հյուրեր USAID կազմակերպությունից։ Շնորհակալ եմ, որ այստեղ են և մեզ հետ փորձում են այս համաժողովը դարձնել ավելի նշանակալի»,- ասաց նա:

Ամերիկյան համալսարանի զբոսաշրջության մագիստրատուրայի վկայագրի ծրագրի ղեկավար, USAID-ի կողմից իրականացվող «Հարավային Կովկասի զբոսաշրջության զարգացում» ծրագրի հայաստանյան ղեկավար Զարմինե Զեյթունցյանն էլ նշեց, որ առաջնային խնդիր է ներքին զբոսաշրջության խթանումը։

processed-8D7D031B-AADB-4656-8FE9-03003CEBC51B-B1D4C220-6FCC-4CBD-8412-324079A1027A.jpeg (3.01 MB)

«Մասնակցում եմ որպես կլոր սեղանի քննարկումների խոսնակ և մոդերատոր, որը զբոսաշրջության ոլորտի մի քանի կարևոր ներկայացուցիչների հետ պետք է վարի երեք տարբեր թեմաներ։ Հիմնականում դա այցելավայրերի կառավարման ճիշտ կազմակերպման և համայնքային զբոսաշրջության զարգացման մասին է։

Իրականում մեր համայնքները շատ հզոր, պայծառ դեմք ունեն՝ կրում են մեր նախնիների բերած ոչ նյութական ժառանգությունը, ինչու չէ, նաև իրենց ուժերով պահպանում են նյութական ժառանգությունը։ Ստեղծում են շատ հետաքրքիր միջավայրեր գյուղերում, համայնքներում, որտեղ ցանկացած զբոսաշրջիկ կարող է Հայաստանը լրիվ այլ տեսանկյունից տեսնել»,- ընդգծեց Զարմինե Զեյթունցյանը։

Խոսելով ոլորտի խնդիրների մասին՝ նա նշեց՝ ցանկալի կլինի, որ զբոսաշրջիկների կողմից առավել հաճախ այցելվող մարզերում կամ տարածքներում ակտիվորեն գործի այցելավայրի կառավարման կազմակերպություն։

«Դա ամբողջ աշխարհում ընդունված պրակտիկա է։ Այսօր Հայաստանում դրա սաղմերը կան, այսինքն՝ մարզերում, որոշակի կլայստերներում, քաղաքներում տարբեր կառույցների ու նաև մասնավորի նախաձեռնությամբ ստեղծվել են այդպիսի կազմակերպություններ, որոնք պետք է զբաղվեն տարածքի զբոսաշրջային գրավչությունների հավաքագրմամբ, օգնեն, որպեսզի Զբոսաշրջության կոմիտեն ամեն ինչ իմանա տվյալ մարզի մասին։ Իմ կարծիքով, պիտի լինի այդ համակարգը, որ մարզային և տարածքային այցելավայրի կառավարման կազմակերպությունները կարողանան պատշաճ նյութ և տեղեկատվություն հաղորդել Զբոսաշրջության կոմիտեին, որը արդեն իր ռազմավարության շրջանակներում կկարողանա այդ մարզերը իբրև ամբողջական Հայաստան ներկայացնել երկրից դուրս»,- ընդգծեց Զարմինե Զեյթունցյանը։

Հրայր Նազարյան

Լուսանկարները՝ Հայկ Բադալյանի

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում