Սփյուռք

Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը մասնակցել է Մոնտեվիդեոյի Զբոսաշրջության միջազգային տոնավաճառին

3 րոպեի ընթերցում

Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը մասնակցել է Մոնտեվիդեոյի Զբոսաշրջության միջազգային տոնավաճառին

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ուրուգվայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը հունիսի 12-13-ին մասնակցել է Մոնտեվիդեոյի Զբոսաշրջության միջազգային տոնավաճառին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշվում է Ուրուգվայում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։

  

Նշվում է, որ տեղացի և տարբեր երկրներից ժամանած զբոսաշրջային ոլորտի մասնագետներին, գործարարներին, երկրում հավատարմագրված մի շարք օտարերկրյա դեսպանություններին համախմբած այս միջոցառման շրջանակներում դեսպանության տաղավարում ցուցադրվել են Հայաստանի մասին պատմող տարբեր իսպանալեզու գրքեր և բրոշուրներ,   ՀՀ  Զբոսաշրջության կոմիտեի կողմից տրամադրված տեսահոլովակներ, ներկայացվել են հայկական օղիներ, գարեջուր և սուրճ, որոնք ներկրում է տեղական Ararat Importaciones ընկերությունը:

«Ցուցահանդեսին երկու օրերին էլ Հայաստանի տաղավարում տեղի է ունեցել նաև հայկական ուտեստների համտես-հյուրասիրություն Մոնտեվիդեոյում գործող Gyros և Sirunig հայկական ռեստորանների կողմից, ելույթներով է հանդես եկել Ուրուգվայում գործող «Գայանե» հայկական պարերի համույթը»,- նշել է Ուրուգվայում ՀՀ դեսպանությունը:

Հաղորդվում է, որ Հայաստանի տաղավարն ունեցել է մեծաթիվ այցելուներ, որոնց թվում էին նաև Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անա Օլիվերան, Մոնտեվիդեոյի քաղաքապետի պաշտոնակատար Մաուրիսիո Սունինոն, Զբոսաշրջության նախարարի պաշտոնակատար Ռեմո Մոնսեգլիոն, հայազգի սենատոր Լիլիամ Կեչիչյանը, մի շարք օտարերկրյա դեսպաններ: 

«Դեսպան Մարիամ Գևորգյանի ուղեկցությամբ վերջիններս շրջայց են կատարել տաղավարում, դիտել են Հայաստանի մասին պատմող տեսահոլովակները, ծանոթացել են Հայաստանից ներկրվող ապրանքատեսակներին և համտեսել հայկական ուտեստներ»,- ընդգծել է ՀՀ դեսպանությունը:

Վերջինիս փոխանցմամբ՝ Մոնտեվիդեոյի քաղաքապետարանի կողմից կազմակերպված այս հեղինակավոր միջոցառմանը Հայաստանի մասնակցությունը մեծ հետաքրքրություն է առաջացրել ոլորտի մասնագետների, միջոցառման կազմակերպիչների և այցելուների շրջանում:

«Միջոցառման արդյունքում դեսպանությունը հրավեր է ստացել մասնակցելու նաև ուրուգվայական այլ քաղաքներում ընթացիկ տարում կայանալիք զբոսաշրջային տոնավաճառներին, իսկ Ararat Importaciones ընկերությունը հրավիրվել է ներկայացնելու հայկական ապրանքները Ռիո Նեգրո նահանգում կայանալիք էքսպոյի շրջանակներում»,- նշված է դեսպանության հաղորդագրության մեջ:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում