Երևանում՝ 11:07,   26 Մայիս 2024

Փորձագետը սահմանադրական բարեփոխումների նախագիծը երկկուսակցական համակարգի անցնելու փորձ է համարում

Փորձագետը սահմանադրական բարեփոխումների նախագիծը երկկուսակցական համակարգի 
անցնելու փորձ է համարում

ԵՐԵՎԱՆ, 20  ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանադրական բարեփոխումների նախագծով փորձ է արվում անցնել երկկուսակցական համակարգի: «Դա դրական է, քանի որ Հայաստանի նման փոքր երկրում այսքան շատ կուսակցություններ պետք չեն: Իսկ երկկուսակցական համակարգը շատ երկրներում իրեն արդարացում է, և դա վատ տարբերակ չի լինի: Նախագահի ընտրական գործընթացին ընտրիչների ներգրավումը փորձ է անցում կատարելու ամերիկյան համակարգի, իսկ կրճատելով ընտրությունների հաճախականությունը՝ կնվազեցվեն կոռուպցիոն ռիսկերը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  հուլիսի 20-ին լրագրողների հետ հանդիպմանը նման գնահատական ներկայացրեց տեղեկատվական անվտանգության փորձագետ Տիգրան Քոչարյանը:

Տեղեկատվական անվտանգության փորձագետը հիշեցրեց, որ մի քանի տարի առաջ հենց ընդդիմությունն էր պահանջում Հայաստանում կառավարման խորհրդարանական համակարգի հաստատումը: «Իսկ այսօր այդ նույն ընդդիմության ներկայացուցիչները քննադատում են սահմանադրական բարեփոխումները: Անփոփոխ սահմանադրություններով լավ վիճակի հասնել հնարավոր չի լինի: Սահմանադրության փոփոխման նախագծի ամենակարևոր հատվածներից մեկը խորհրդարանական մոդելն է: Մենք պետք է հաշվի առնենք, որ սահմանադրության այս բարեփոխումների փաթեթի ընդունման դեպքում այն քսան-երեսուն տարի չի փոփոխվի, և այդ ժամանակ տեղի կունենան դրական փոփոխություններ»,- նշեց Տիգրան Քոչարյանը:

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հուլիսի 15-ին հրապարակել է Սահմանադրության 1-7-րդ գլուխների նախագծի նախնական տարբերակը՝ հանրային քննարկումների համար: Առաջարկվում է, որ Ազգային ժողովը կազմվի առնվազն 101 պատգամավորից, ԱԺ-ն ընտրվի համամասնական ընտրակարգով, որը պետք է երաշխավորի կայուն խորհրդարանական մեծամասնության ձևավորումը: Սահմանվում է, որ ԱԺ ընտրություններին մասնակցող կուսակցությունները և կուսակցությունների դաշինքները պարտավոր են ներկայացնել վարչապետի թեկնածություն և կառավարության ծրագրի հիմնադրույթները: ԱԺ-ն ընտրվելու է 5 տարի ժամկետով: 5-րդ գլուխը, որը վերաբերում է Հանրապետության նախագահին և նրա լիազորություններին, նախատեսում է, որ նախագահը պետք է ընտրվի 7 տարի պաշտոնավարման ժամկետով։ Նույն անձը նախագահ կարող է ընտրվել միայն 1 անգամ՝ ի տարբերություն գործող Սահմանադրության, որի դեպքում սահմանափակումը վերաբերում է երկու անգամից ավելի անընդմեջ պաշտոնավարելուն։ Միևնույն ժամանակ, նախատեսվում է, որ Հանրապետության նախագահն իր լիազորությունների իրականացման ընթացքում չի կարող լինել որևէ կուսակցության անդամ։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am