ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվ կրկին` 4 տարի անց, ֆուտբոլասերներն աշխարհի տարբեր ծագերից մեկ ամիս շարունակ գամվելու են հեռուստաէկրաններին և ողողելու են մարզադաշտերը: Ռուսաստանն ընդունում է ֆուտբոլի աշխարհի 21-րդ առաջնությունը: Եվ գուցե հենց այս աշխարհի առաջնությունում կստեղծվեն ֆուտբոլային կոմբինացիաներ, որոնք կփոխեն ֆուտբոլի մասին մեր կարծիքը, կխփվեն գոլեր, որոնց մասին կխոսվեն տարիներ շարունակ: Ֆուտբոլային 90 րոպեները նորից միլիոններին կսովորեցնենզգալ հաղթանակի այն նույն երջանկությունը և պարտության դառնությունը, ինչ խաղադաշտի 11 ֆուտբոլիստները: Կստիպեն վեր ցատկել, ապշել, հիասթափվել, քանի որ հենց դրանում է ֆուտբոլի գեղեցկությունը` 90 րոպեի ընթացքում համախմբել միլիոններին…
Բրազիլիան, որը Գերմանիային նվիրեց 4-րդ աստղը
Ֆուտբոլի աշխարհի հոբելյանական 20-րդ առաջնությունն անցկացվեց Բրազիլիայում: Երկրի 12 քաղաքների 12 մարզադաշտերում առաջնության ամբողջ ընթացքին հետևեց 3 429 873 երկրպագու: Մեկ ամիս ձգված ԱԱ-ի ընթացքում խաղացված 64 հանդիպման ընթացքում խփվեց 171 գնդակ: Աշխարհի այս առաջնությունը պետք է անցկացվեր Հարավային Ամերիկա մայրցամաքում, և Բրազիլիան միակ երկիրն էր, որ հայտ էր ներկայացրել: 20-րդ առաջնության գնդակը կրկին արտադրվեց Adidas մարզական ապրանքանիշի կողմից և կոչվեց «Brazuka» (Բրազուկա):
Առաջնության հետաքրքիր փաստերից մեկը նաև այն էր, որ գործող չեմպիոն Իսպանիայի ազգային թիմն անգամ դուրս չեկավ խմբից: Բրազիլիայի ֆուտբոլի ազգային թիմն իր պատմության մեջ ամենացավոտ պարտությունը կրեց` զիջելով Գերմանիային ոչ ավել, ոչ պակաս, 1:7 հաշվով:
Եզրափակիչը
Աշխարհի ամենագեղեցիկ և ժամանակին ամենամեծ մարզադաշտերից մեկը` «Մարականան» ընդունեց 20-րդ առաջնության եզրափակիչը, որտեղ մրցեցին Գերմանիայի և Արգենտինայի հավաքականները: Թիմերը ԱԱ-ի պատմության մեջ արդեն երկու անգամ մրցել էին եզրափակիչներում: Սա այն բացառիկ առաջնության եզրափակիչներից էր, որտեղ կրկին հիմնական ժամանակում գոլեր չխփվեցին, և միայն լրացուցիչ ժամանակում Մարիո Գյոտցեի գոլը հաղթանակ բերեց Գերմանիային: «Բունդեսմեքենան» 24 տարի անց կրկին լավագույնն էր աշխարհում:
Փաստեր
Աշխարհի 20 առաջնությունների ընթացքում Բրազիլիան մնաց միակ թիմը, որ մասնակցել է բոլոր մունդիալներին:
Կոստա Ռիկայի թիմը դարձավ առաջնության բացահայտում` հաղթելով աշխարհի նախկին երկու չեմպիոններին:
Գերմանիայի ազգային թիմի արդեն նախկին ֆուտբոլիստ Միրո Կլոզեն 16 գոլով դարձավ ԱԱ-ի պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու:
Գերմանիան դարձավ առաջին եվրոպական երկիրը, որը հաղթեց Ամերիկա մայրցամաքում:
Մարիո Գյոտցեն առաջին փոխարինման դուրս եկած ֆուտբոլիստն է, ով դարձավ գոլի հեղինակ եզրափակիչում:
Գյոտցեն նաև 1966 թվականից ի վեր ամենաերիտասարդ ֆուտբոլիստն է, ով գոլի հեղինակ է դարձել եզրափակիչում:
Գերմանիայի հավաքականի կազմում Սեմի Խեդրին միակ ֆուտբոլիստն էր, ով նույն մրցաշրջանում հաղթեց աշխարհի առաջնությունում, Չեմպիոնների լիգայում, աշխարհի ակումբային առաջնությունում:
Կազմեց Վարվառա Հայրապետյանը
«Մունդիալ-1930»
«Մունդիալ-1934»
«Մունդիալ-1938»
«Մունդիալ-1950»
«Մունդիալ-1954»
«Մունդիալ-1958»
«Մունդիալ-1962»
«Մունդիալ-1966»
«Մունդիալ-1970»
«Մունդիալ-1974»
«Մունդիալ-1978»
«Մունդիալ-1982»
«Մունդիալ-1986»
«Մունդիալ-1990»
«Մունդիալ-1994»
«Մունդիալ-1998»
«Մունդիալ-2002»
«Մունդիալ-2006»
«Մունդիալ-2010»