Սպորտ

«Մունդիալ-2018»-ից առաջ. ԲՐԱԶԻԼԻԱՆ, որտեղ ֆուտբոլն ավելին է քան խաղ

5 րոպեի ընթերցում

«Մունդիալ-2018»-ից առաջ. ԲՐԱԶԻԼԻԱՆ, որտեղ ֆուտբոլն ավելին է քան խաղ

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ասում են անգլիացիները հորինեցին ֆուտբոլը, բրազիլացիները` կատարելագործեցին այն: Եթե ասում ենք ֆուտբոլ, իհարկե, առաջիններից մեկը պատկերացնում ենք Բրազիլիայի հավաքականին, սակայն ֆուտբոլի պատմության մեջ ամենադառ, ամենադաժան պարտությունը կրել է հենց բրազիլացիները: Ֆուտբոլասերները չեն կարող մոռանալ 2014 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության կիսաեզրափակչի Գերմանիա-Բրազիլիա հանդիպումը, որտեղ գերմանական «մեքենան» 7:1 հաշվով հաղթեց աշխարհի հնգակի չեմպիոններին Բելո Հորիզոնտե քաղաքում: Ֆուտբոլի աշխարհի այդ առաջնությունից անցել է 4 տարի և Բրազիլիան նոր դեմքերով, նոր մարզիչով, նոր երազանքով է մոտենում ԱԱ-ին:

Պատմական ակնարկ…

Աշխարհի առաջնությանը մասնակից ոչ մի այլ հավաքական իր գլխավերևում այնքան անգամ չի պահել հաղթական Ոսկե գավաթը, որքան` բրազիլացիները: Նրանք լավագույնն էին 1958 թ. (Շվեդիա), 1962 թ. (Չիլի), 1970 թ. (Մեքսիկա), 1994 թ. (ԱՄՆ) և 2002 թ. (Հարավային Կորեա և Ճապոնիա): Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականը մասնակցել է բոլոր 21 մունդիալներին: 2014 թվականին, երբ աշխարհի առաջնությունն անցկացվեց մոլորակի այն մասում, որտեղ ֆուտբոլը ավելին է քան ապրելակերպ` Բրազիլիայում, «ընտրյալները» գրավեցին 4-րդ տեղը:

Աշխարհի հնգակի չեմպիոնների բոլոր ժամանակների լավագույն ռմբարկուն Պելեն է, ով խփել է 77 գնդակ: Նրան հաջորդում է Ռոնալդոն, ով ազգային թիմի կազմում դարձել է 62 գոլի հեղինակ: Երրորդ տեղում Ռոմարիոն է` 55 գոլով, Նեյմարը 4-րդն է 53 գնդակով: Բրազիլիայի հավաքականի կազմում ամենաշատ հանդիպումներն անցկացրել է Կաֆուն, նա մասնակցել է 142 հանդիպման: Թիմի մեկ այլ պաշտպան` Ռոբերտո Կառլոսը, ընտրանու կազմում անցկացրել է 125 խաղ: Եռյակն եզրափակում է Լուսիոն` 105 հանդիպումով: Կաֆուն առաջին տեղում է նաև ստացած դեղին քարտերի քանակով: Բրազիլացին աշխարհի առաջնությունների ընթացքում արժանացել է 6 դեղին քարտի:

Ճանապարհ դեպի Ռուսաստան…

Աշխարհի առաջնության որակավորման փուլի Լատինական Ամերիկայի ընտրական փուլի 18 խաղերում աշխարհի 5-ակի չեմպիոնները հաղթեց 11 խաղում, պարտվեցին միայն մեկում և ոչ-ոքի ավարտեցին 5 հանդիպում: Հավաքելով 41 միավոր «ընտրյալները» 10 միավորով առաջ անցան երկրորդ տեղում ընթացող Ուրուգվայի հավաքականին և ժամանակից շուտ նվաճեց 21-րդ ԱԱ-ի ուղեգիր:

Խումբը, հնարավորությունները, մրցակիցները…

Մունդիալը Բրազիլիայի ազգային թիմի համար կմեկնարկի հունիսի 17-ին, որտեղ առաջին խաղում հարավամերիկացիները կխաղան Շվեյցարիայի հետ: Հունիսի 22-ին «ընտրյալների» մրցակիցները կլինեն Կոստա Ռիկայի հավաքականի ֆուտբոլիստները, իսկ տուրի վերջին խաղում «դեղնա-կանաչները» կխաղան Սերբիայի ընտրանու հետ:

Հավաքականը…

«Ընտրյալները» աշխարհի առաջնության կմասնակցեն հետևյալ կազմով` դարպասապահներ`Ալիսոն «Ռոմա», Էդերսոն «Մանչեսթեր Սիթի», Կասիո «Կորինտիանս»: Պաշտպաններ`Տիագո Սիլվա ՊՍԺ, Մարկինյոս ՊՍԺ, Ժոաո Միրանդա «Ինտեր», «Մարսելո» «Ռեալ», Դանիլո «Մանչեսթեր Սիթի», Պեդրո Ժերոմել «Գրեմիո», Ֆելիպե Լուիս «Աթլետիկո», Ֆագներ «Կորինտիանս»: Կիսապաշտպաններ`Ֆրեդ «Շախտյոր», Ֆերնանդինյո «Մանչեսթեր Սիթի», Կազեմիրո «Ռեալ», Ռենատո Աուգուստո «Բեյցզին Գոան», Պաուլինյո «Բարսելոնա», Ֆիլիպե Կոուտինյո «Բարսելոնա»: Հարձակվողներ`Նեյմար ՊՍԺ, Գաբրիել Ժեզուս «Մանչեսթեր Սիթի», Ռոբերտո Ֆիրմինո «Լիվերպուլ», Դուգլաս Կոստա «Յուվենտուս», Թայսոն «Շախտյոր», Վիլիան «Չելսի»:

Մասնագետները ֆուտբոլի Բրազիլիայի այս հավաքականը համեմատում են հեռավոր 1970-ականների թիմի հետ` յուրաքանչյուր ֆուտբոլիստ գիտի իր տեղը, բայց խաղը կառուցվում է Նեյմարի շուրջ: Իսկ թե ինչպիսի բարձրակարգ ֆուտբոլիստ է Նեյմարը բառերով չես բացատրի:

Բրազիլիայի հավաքականի մարզիչ Տիտեն 2016 թվականին գլխավորելով «ընտրյալներին» արեց այն, ինչը փոխեց մինչ այդ առկա բրազիլական ֆուտբոլը` պաշտպանական ֆուտբոլից անցավ կառուցողական, գեղեցիկ խաղի: Հենց Տիտեն համատեղեց «բրազիլական-կառնավալական» ֆուտբոլը` ժամանակակից մարզչական որոշումների հետ:

Ֆուտբոլի Բրազիլիայի ազգային թիմը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 2-րդ տեղում է:

Կազմեց Վարվառա Հայրապետյանը

A խումբ

Ռուսաստան

Ուրուգվայ

Եգիպտոս

Սաուդյան Արաբիա

B խումբ

Պորտուգալիա

Իսպանիա

Իրան

Մարոկկո

C խումբ

Ֆրանսիա

Ավստրալիա

Պերու

Դանիա

D խումբ

Արգենտինա

Խորվաթիա

Նիգերիա

Իսլանդիա

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում