Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Մարտ

«Մունդիալ-2018»-ից առաջ. Աշխարհի առաջնություն, որը կարող է դառնալ ՖՐԱՆՍԻԱՅԻՆԸ  


ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մունդիալը եղել և մնում է ցանկացած ֆուտբոլիստի երազանքը: Խաղալ ազգային թիմի մարզաշապիկով, խաղալ հանուն երկրի մեծ երազանքի: Աշխարհի այս առաջնության հիմնական ֆավորիտ Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստները հենց այդ երազանքի հետևից էլ գնալու են: Նրանք ունեն անհրաժեշտ ամեն բան հաղթելու «Մունդիալ-2018»-ում:

Պատմական ակնարկ…

Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականն այն հաջողակ թիմերից է, որոնք  մասնակցել են ֆուտբոլի աշխարհի առաջնության առաջին մրցաշարին: Սակայն 13 թիմերից  Ֆրանսիայի ընտրանին էր, որ մնաց խմբային փուլում: Հաջորդ երկու մունդիալներում` 1934 և 1938 թվականներին «կապույտները» հասան մինչև 1/8 և ¼ եզրափակիչ: 1958-ին ֆրանսիացիները հասան մինչև կիսաեզրափակիչ, որտեղ պարտվեցին Բրազիլիային: Իսկ երրորդ տեղի համար  պայքարում 6-3 հաշվով ջախջախեցին գերմանացիներին: Ավելի քան 24 տարի անց Ֆրանսիան կրկին ԱԱ-ի բրոնզե մեդալակիր դարձավ:  Մեքսիկական առաջնությունում երրորդ տեղի համար պայքարում Ֆրանսիան առավելության հասավ բելգիացիների նկատմամբ: Հաջորդ երկու ԱԱ-ին  Ֆրանսիան չմասնակցեց:

  1998 թվականի առաջնությունը  հյուրընկալող երկիրը Ֆրանսիան էր: «Կապույտները» խմբային փուլում խփեցին 9 գնդակ` բաց թողնելով միայն 1-ը:  Հետո հաղթեցին Պարագվային, Իտալիային, Խորվաթիային, իսկ եզրափակիչում 3-0 հաշվով հաղթելով բրազիլացիներին` պատմության մեջ առաջին անգամ նվաճեցին «Ոսկե գավաթը»: 2006 թվականի մունդիալը  իսկական ֆուտբոլասերները չեն մոռանա:  Անմոռանալի է այն  պահը, երբ Զիդանը կարմիր քարտի պատճառով լքում էր խաղադաշտը, առանց իսկ հայացք գցելու մուտքի մոտ դրված ԱԱ-ի գավաթին: Ֆրանսիական ֆուտբոլի լեգենդը հեռանում էր, դա նրա հրաժեշտի հանդիպումն էր լինելու: Հեռանալու պատճառն այն էր, որ  Զիդանը գլխով հարվածեց Իտալիայի հավաքականի ֆուտբոլիստ Մարկո Մատերացիին: Վերջինս  անվայելուչ արտահայտություններ էր արել Զիդանի մոր և քրոջ հասցեին: Հետագայում, իհարկե, նա քաջություն ունեցավ հաստատելու ասածը և ներողություն խնդրելու: Բայց դա այլևս որոշակի ազդեցություն չունեցավ: Այս առաջնության չեմպիոնը դարձավ Իտալիան, իսկ ֆրանսիացիներին մնացին արծաթե մեդալները: 2010 թվականի ԱԱ-ում «կապույտները» մնացին խմբային փուլում: 2014 թվականի բրազիլական աշխարհի առաջնությունում Ֆրանսիան E խմբից դուրս եկավ առաջին տեղով, հաղթեց Նիգերիային և միայն քառորդ եզրափակիչում զիջեց ապագա չեմպիոն Գերմանիային:

Ճանապարհ դեպի Ռուսաստան…

«Կապույտները» մունդիալի որակավորման ճանապարհը սկսեցին եվրոպական գոտու որակավորման փուլից: Լինելով A խմբում՝ Ֆրանսիան տասը խաղից յոթում հաղթեց, երկուսն ավարտեց ոչ-ոքի, իսկ մեկում պարտվեց Շվեդիային: «Եռագույնների» կազմում 4-ական գոլերով աչքի ընկան Անտուան Գրիզմանը և Օլիվիե Ժիրուն:

Խումբը, հնարավորությունները, մրցակիցները…

Ֆրանսիան Ռուսաստանի 21-րդ առաջնությունում ընդգրկված է C խմբում և հաջորդ փուլի ուղեգրի համար կպայքարի Ավստրալիայի, Պերուի և Դանիայի թիմերի հետ: Ֆրանսիայի թիմն այն հավաքականներից է, որ ֆավորիտ է  յուրաքանչյուր մրցաշարում՝ անկախ հակառակորդներից: «Կապույտները» մունդիալի առաջին հանդիպումը կանցկացնեն հունիսի 16-ին՝ խաղալով Ավստրալիայի հետ: Խաղը կկայանա Կազանում: Հունիսի 21-ին եվրոպացիների հակառակորդները կլինեն Պերուի հավաքականի ֆուտբոլիստները:  Հանդիպումը կկայանա Եկատերինբուրգում: Խմբային փուլը կավարտվի հունիսի 26-ին Դանիա-Ֆրանսիա խաղով:

Հավաքականը…

Աշխարհի և Եվրոպայի նախկին չեմպիոնները աշխարհի առաջնությանը ներկայացրել են հետևյալ հայտացուցակը. դարպասապահներ՝ Ուգո Լյորիս («Տոտենհեմ»), Սթիվ Մանդանդա («Մարսել»), Ալֆոնս Արեոլա («ՊՍԺ»), պաշտպաններ՝ Ջիբրիլ Սիդիբե («Մոնակո»), Բենժամեն Պավար («Շտուտգարտ»), Ռաֆաել Վարան («Ռեալ»), Պրենել Կիմպեմբե («ՊՍԺ»), Ադիլ Ռամի («Մարսել»), Սամուել Ումտիտի («Բարսելոնա»), Լյուկ Էրնանդես («Աթլետիկ»), Բենժամեն Մենդի («Մանչեսթեր Սիթի»), կիսապաշտպաններ՝ Պոլ Պոգբա («Մանչեսթեր Յունայթեդ»), Նգոլո Կանտե («Չելսի»), Կորենտեն Տոլիսո («Բավարիա»), Բլեզ Մատյուիդի («Յուվենտուս»), Ստիվեն Նզոնզի («Սևիլիա»), Տոմա Լեմար («Մոնակո»), հարձակվողներ՝ Կիլիան Մբապե («ՊՍԺ»), Օլիվյե Ժիրու («Չելսի»), Անտուան Գրիզման («Աթլետիկո»), Ուսման Դեմբելե («Բարսելոնա»), Նաբիլ Ֆեկիր («Լիոն»), Ֆլորիան Տովեն («Մարսել»), պահեստայիններ՝ Վիսամ Բեն-Յեդեր («Սևիլիա»), Կինգսլի Կոման («Բավարիա»), Բենուա Կոստիլ («Բորդո»), Մատյե Դեբյուշի («Սենտ Էտիեն»), Լյուկա Դին («Բարսելոնա»), Ալեքսանդր Լակազետ («Արսենալ»), Անտոնի Մարսիալ («Մանչեսթեր Յունայթեդ»), Ադրիեն Ռաբյո («ՊՍԺ»), Մամադու Սակո («Քրիսթալ Փելաս»), Մուսա Սիսոկո («Տոտենհեմ»), Կուրտ Զումա («Սթոկ Սիթի»):

«Կապույտներին» 6 տարուց ավելի մարզում է աշխարհի նախկին չեմպիոն Դիդիե Դեշամը: Ֆրանսիայի ընտրանին այն հավաքականներից է, որոնց ֆուտբոլիստները խաղում են համաշխարային գրանդ ակումբների կազմում և պարզապես թվել նրանց անունները կնշանակի ոչինչ չասել: Հարձակման և կիսապաշտպանական գծում Դեշամն իր ձեռքի տակ ունի «խաղ կառուցող» մի շարք ֆուտբոլիստների, բայց թե ինչ «բանալի» է պետք, որ Ֆրանսիան կրկնի 1998-ի հաջողությունը` շահի աշխարհի առաջնությունը, ցույց կտա միայն ժամանակը:

Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային թիմը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 7-րդ տեղում է:

 Կազմեց Վարվառա Հայրապետյանը

 A խումբ

Ռուսաստան

Ուրուգվայ

Եգիպտոս

Սաուդյան Արաբիա 

B խումբ

Պորտուգալիա

Իսպանիա

Իրան

Մարոկկո




Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ