Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Մարտ

«Մունդիալ-2018»-ից առաջ. «Կարմիր Ֆուրիան». Ֆավորիտների շարքում ԻՍՊԱՆԻԱՆ է


ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավաֆրիկյան Հանրապետությունում  2010 թվականի Մունդիալը  ոսկե տառերով գրվեց իսպանական ֆուտբոլի պատմության մեջ: Իսպանացիները Մունդիալի ֆավորիտի կոչման համար «աշխատել էին» դեռևս  2008 թվականից, երբ նվաճեցին Հին մայրցամաքի ուժեղագույն հավաքականի տիտղոսը: Սակայն, որքան էլ զարմանալի էր, առաջնության հենց  առաջին իսկ խաղում նրանք նվազագույն հաշվով պարտվեցին շվեյցարացիներին: Սա միաժամանակ հաստատեց  տարածված այն կարծիքը, որ ֆուտբոլը գեղեցիկ է անսպասելիությամբ և անկանխատեսելիությամբ:

Պատմական ակնարկ

Ֆուտբոլի Իսպանիայի ազգային թիմը կազմավորվել է 1920 թվականի: Նույն տարում էլ եղել է իսպանացիների դեբյուտը: «Կարմիր Ֆուրիան» աշխարհի առաջնությունների որակավորման փուլը հաղթահարել է 14 անգամ: Իսպանացիների մունդիալյան երազը սկսվեց 1934 թվականի աշխարհի առաջնությունից: «Կարմիր ֆուրիան» քառորդ եզրափակչում պայքարը զիջեց ապագա չեմպիոն Իտալիայի հավաքականին: Բաց թողնելով ևս մեկ Մունդիալ, իսկ հետո` 1950 թվականի բրազիլական առաջնությունում Իսպանիայի հավաքականն  արդեն չորրորդ տեղում էր: Հասնելով նման բարձունքի, իսպանացիները հաջորդ երկու ԱԱ-ում անգամ չորակավորվեցին: 1962, 1966 թվականներին անցկացված Մունդիալներում բավարարվեցին խմբային փուլով:  1970, 1974 թվականներին կրկին չանցան որակավորման փուլը: 1978 թվականից ի վեր իսպանացիները միշտ եղել են աշխարհի առաջնության հիմնական հյուրերից մեկը:  1986, 1994,  2002 թվականների առաջնություններում Պիրենեյան թերակղզու ֆուտբոլիստները հասան մինչև քառորդ եզրափակիչ:

Միայն 2010 թվականին Հարավաֆրիկյան Հանրապետությունում  կայացած ԱԱ-ի ժամանակ իսպանացիները հասան բաղձալի գավաթին: Հետաքրքրական է, որ իսպանացիները խմբային փուլի երեք խաղերում խփել էին 4 և բաց թողնել միայն 1 գնդակ: Իսկ 1/8, քառորդ, կիսաեզրափակիչ  և եզրափակիչ խաղերի ընթացքում  «Կարմիր ֆուրիա»-ն խփեց միայն 4 գնդակ (մեկական գնդակ յուրաքանչյուր խաղում), անառիկ պահելով սեփական դարպասը:

ՖԻՖԱ-ի պատմության մեջ բացառիկ փաստ է այն, որ, 2008 թվականին նվաճելով Եվրոպայի չեմպիոնի կոչումը Իսպանիայի հավաքականը դարձավ  ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակի առաջատարը: Սա միակ հավաքականն է, որը  գլխավորում էր դասակարգման աղյուսակը` երբևէ չհաղթելով աշխարհի առաջնություններում:

Ճանապարհ դեպի Ռուսաստան

«Կարմիր Ֆուրիան» Մունդիալի որակավորման փուլում հայտնվել էր եվրոպական գոտու G խմբում: 10 խաղերից հավաքելով 28 միավոր և չկրեցին ոչ մի պարտություն: Իսպանիան խմբում զբաղեցրեց առաջին տեղը իրենից հետ թողնելով Իտալիայի ազգային ընտրանուն: Դիեգո Կոստան, Իսպոն, Մորատան և Սիլվան աչքի ընկան 5-ական գոլերով:

Խումբը, հնարավորությունները, մրցակիցները

Ֆուտբոլի 2018 թվականի աշխարհի առաջնությունում Իսպանիայի հավաքականը B խմբում ` Պորտուգալիայի, Իրանի և Մարոկկոյի թիմերի հետ միասին: Իսպանացիները ոչ միայն խմբում են ֆավորիտ, այլև ամբողջ մրցաշարի: Մունդիալի ամենասպասված հանդիպումներից առաջինը կկայանա հենց այս խմբում` հունիսի 15-ին Իսպանիայի հավաքականը կմրցի Եվրոպայի գործող չեմպիոն Պորտուգալիայի հավաքականի հետ: Խաղը կկայանա Սոչիի «Ֆիշ» մարզադաշտում: Հաջորդիվ` հունիսի 20-ին «Կարմիր Ֆուրիան»-ն Կազանում ուժերը կչափի Իրանի, իսկ խմբի վերջին խաղում` հունիսի 25-ին Կալինինգրադում կխաղա Մարոկկոյի հավաքականի հետ:

Հավաքականը…

Ֆուտբոլի Իսպանիայի ազգային թիմը Մունդիալին կմասնակցի հետևյալ կազմով` դարպասապահներ. Դավիդ Դե Խեա («Մանչեսթեր Յունայթեդ»), Կեպա Արիսաբալագա («Աթլետիկ), Խոսե Ռեյնե («Նապոլի»): Պաշտպաններ. Ժերար Պիկե, Ժորդի Ալբա (երկուսն էլ՝ «Բարսելոնա»), Սերխիո Ռամոս, Դանիել Կարվախալ, Նաչո Ֆերնանդես (բոլորը՝ «Ռեալ»), Սեզար Ասպիլիկուետա («Չելսի»), Նաչո Մոնրեալ («Արսենալ»), Ալվարո Օդրիսոլա («Ռեալ Սոսյեդադ»): Կիսապաշտպաններ. Մարկո Ասենսիո, Իսկո, Լուկաս Վասկես (բոլորը՝ «Ռեալ»), Սերխիո Բուսկետս, Անդրես Ինյեստա (երկուսն էլ՝ «Բարսելոնա»), Կոկե, Սաուլ Նյիգես (երկուսն էլ՝ «Աթլետիկո»»), Տյագո Ալկանտարա («Բավարիա»), Դավիդ Սիլվա («Մանչեսթեր Սիթի»): Հարձակվողներ. Յագո Ասպաս («Սելտա»), Ռոդրիգո («Վալենսիա»), Դիեգո Կոստա («Աթլետիկո»):

Իսպանացիները միշտ էլ իրենց կազմում ունեցել են ֆուտբոլիստներ, որոնք համաշխարհային ֆուտբոլի ներկայացուցիչներ են: Հանդես են գալիս մեծագույն ակումբներում և մեծ փորձ ունեն կուտակած: Իսպանիայի դարպասը պաշտպանող Դավիդ դե Խեան մեր օրերին եթե ոչ լավագույն, ապա առաջնակարգ ֆուտբոլիստներից Է:  Կիսապաշտպանական գծում «Կարմիր ֆուրիան» ունեցել է և ունի իր կամքը թելադրող մասնագետներ: Թեպետ այս առաջնությանը չի մասնակցի իսպանական ֆուտբոլի ամենավառ դեմքերից մեկը` Ալվարո Մորատան, սակայն հարձակման գծում նրան արժանի փոխարինողները հաստատ կլինեն:

Իսպանիայի ֆուտբոլի ազգային թիմը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում 8-րդ տեղում է:

Կազմեց` Վարվառա Հայրապետյանը

 A խումբ

Ռուսաստան

Ուրուգվայ

Եգիպտոս

Սաուդյան Արաբիա




Այս թեմայով

... վերջին լուր "«Մունդիալ-2018»" թեմայով
Լրահոս

Բոլոր նորությունները    




Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ