Մշակույթ

Վերջին վեց տարվա ընթացքում Հայաստանում 136 անուն թարգմանական գիրք է լույս տեսել

3 րոպեի ընթերցում

Վերջին վեց տարվա ընթացքում Հայաստանում 136 անուն թարգմանական գիրք է լույս տեսել

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Վերջին տարիներին թե’ արևմտյան, թե’ արևելյան լեզուներից հայերեն և հակառակը բազմաթիվ հետաքրքիր գրքեր են թարգմանվել: Թարգմանական գրականության ոլորտում ունեցած ձեռքբերումների և առկա խնդիրների մասին հունիսի 29-ին ՀՀ գրողների միությունում խոսեցին ոլորտի ներկայացուցիչները:

«Որոշեցինք ուսումնասիրություն կատարել ու տեսնել, թե վերջին հինգ տարվա ընթացքում հայ ժամանակակից գրողների ստեղծագործություններն ի՞նչ լեզուներով ու ի՞նչ քանակով են թարգմանվել: Պարզվեց, որ այս տարիներին ավելի շատ գրքեր են թարգմանվել, քան Խորհրդային Միության ժամանակ: Տարբեր ստեղծագործություններ ներկայացվել են արտասահմանյան պարբերականներում, անթոլոգիաներում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց ՀՀ գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

Միլիտոնյանի խոսքով` ՀՀ մշակույթի նախարարությունը որոշել է աջակցել Հայաստանի գրողների գործերն այլ լեզուներով թարգմանելուն: Նա անհանգստություն հայտնեց, որ պարզ չէ, թե ովքե՞ր և ի՞նչ չափանիշներով են ընտրելու հեղինակներին և ստեղծագործությունները, որոնք պետք է թարգմանվեն:

ՀԳՄ թարգմանական գրականության բաժնի ղեկավար Շանթ Մկրտչյանն ընդգծեց, որ վերջին տասնամյակում բավականին հետաքրքիր գրականություն է թարգմանվում թե՛ արևմտյան, թե՛ արևելյան լեզուներից և հակառակը:

«Մենք ամուր կապեր ենք հաստատել Վրաստանի, Իրանի, Ռուսաստանի, Գերմանիայի գրական շրջանակների հետ: Այդ կապը հնարավորություն է տալիս մեր գործերը ներկայացնել, ճանաչելի դարձնել արտասահմանում»,-ասաց նա:

Ըստ Մկրտչյանի` չնայած Հայաստանում տարիներ շարունակ տարբեր բուհերում թարգմանիչներ են պատրաստվում, միևնույն է, կադրերի պակաս կա, քանի որ կան լեզուներ, օրինակ՝ չինարենը, որին տիրապետողները քիչ են:

ՀՀ մշակույթի նախարարության գրքի կենտրոնի աշխատակից Արմեն Ավանեսյանն ասաց, որ վեց տարվա ընթացքում 136 թարգմանական գիրք է լույս տեսել:

«Հայերենից այլ լեզուներով են թարգմանվել ոչ միայն ժամանակակից գրողների` Գուրգեն Խանջյանի, Արամ Պաչյանի, Վահագն Գրիգորյանի, այլև դասականների գործերը: Արաբերենից հայերեն են թարգմանվել նաև բազմաթիվ գրքեր, որոնք առնչվում են Հայոց ցեղասպանությանը, սակայն որոնց մեր ժողովուրդը ծանոթ չէ»,-շեշտեց Ավանեսյանը:

ՀՀ գրողների միության նախաձեռնությամբ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն և գերմաներեն է թարգմանվել «Հողը կխոսի» վերնագրով մատենաշարը: Գրքում ներկայացված են ցեղասպանության ժամանակ զոհված գրողների գործերը:

Քննարկման ժամանակ Ուկրաինայի գրողների միության քարտուղար Ալեքսանդր Բոժկոն մեդալով պարգևատրեց արձակագիր, հրապարակախոս, թարգմանիչ Թելման Մայիլյանին ուկրաինական գրականության տարբեր գործեր բարձր մակարդակով թարգմանելու համար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում