Միսաք Մանուշյանի անվան այգում բացվեց քանդակագործ Աշոտ Հարությունյանի մեծածավալ քանդակների մշտական ցուցադրությունը
3 րոպեի ընթերցում

Երևանի Միսաք Մանուշյանի անվան այգում տեղի ունեցավ ՀՀ նախագահի մրցանակի դափնեկիր, Հայաստանի նկարիչների միության անդամ, քանդակագործ Աշոտ Հարությունյանի հեղինակած 13 մեծածավալ քանդակների հանդիսավոր բացման արարողությունը, որին մասնակցել են Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ և արվեստասերներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ քանդակների բացօթյա ցուցադրությունը կազմակերպվել է Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ և Հայաստանի նկարիչների միության նախաձեռնությամբ։
Լրագրողների հետ զրույցում Աշոտ Հարությունյանը նշեց, որ ներկայացված 13 աշխատանքները պատրաստված են պողպատից և տարիների ստեղծագործական աշխատանքի արդյունք են:

«Սա մեկ օրվա կամ մեկ տարվա աշխատանք չէ, այլ տարիների աշխատանքի արդյունք է»,- ասաց քանդակագործը։
Նրա խոսքով՝ ցուցադրության աշխատանքներից մեկը նվիրված է կինոռեժիսոր Սերգեյ Փարաջանովին:

«Այստեղ կարմիրի և սևի համադրություն կա։ Սևի մեջի 6 բացվածքները ես ասոցացնում եմ կինոժապավենների համաչափությունների հետ, ինձ միշտ հետաքրքրում էր, թե ինչ է զգում արվեստագետը ազատության և անազատության մեջ։ Չ՞է որ դա հիշեցնում է նաև բանտախցի պատուհանը, և այս սովետական կարմիրների ելումուտը վանդակների մեջ»,- ասաց նա՝ հավելելով, որ այգին, որտեղ տեղադրվել են ստեղծագործությունները, ինքը հեռանկարային է համարում։
Հարությունյանը շնորհակալություն հայտնեց Հայաստանի նկարիչների միության նախագահ Սուրեն Սաֆարյանին նախաձեռնության, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանին՝ ժամանակակից քանդակագործության զարգացմանն աջակցելու համար:

Նա համոզմունք հայտնեց, որ ժամանակակից արվեստը պետք է ավելի մեծ ներկայություն ունենա հանրային տարածքներում՝ ընդգծելով, որ երիտասարդ արվեստագետներին անհրաժեշտ է խրախուսել՝ համարձակ ստեղծագործել:
Քանդակագործի խոսքով՝ ցուցադրությունը կլինի մշտական, ապագայում հնարավոր են առանձին աշխատանքների տեղափոխություններ և ցուցադրություններ նաև Հայաստանի այլ քաղաքներում:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ մայրաքաղաքում նմանատիպ ժամանակակից քանդակների անհրաժեշտությունը վաղուց էր զգացվում:

«Կարծում եմ՝ մեր քաղաքին պակասում էին նմանատիպ քանդակները։ Ես այս զգացողությունն ունեցել եմ տարիներ առաջ, երբ որ նմանատիպ հետաքրքիր, նոր ոճի քանդակներ տեսա Փարիզում, Հռոմում Լոնդոնում։ Այս նախաձեռնությամբ Երևանում սկիզբ է դրվում մեր ժամանակների արվեստն արտացոլող քանդակների ներկայացմանը։ Կարծում եմ՝ դրանք գեղեցկացնում են այգին, նոր շունչ են հաղորդում տարածքին, և այս քաղաքականությունը շարունակական է լինելու»,- ասաց քաղաքապետը։
Նա շնորհակալություն հայտնեց քանդակագործին՝ ընդգծելով, որ աշխատանքներն իրականացվել են գրեթե ինքնարժեքով, ինչը հնարավորություն է տվել կյանքի կոչել նախաձեռնությունը: Քաղաքապետը նաև վստահեցրեց, որ քանդակների պահպանությունն ու խնամքը կլինի Երևանի քաղաքապետարանի մշտական ուշադրության կենտրոնում՝ այգու պահպանության հետ մեկտեղ։