ՀՀ մարզերում իրականացվել են հաշմանդամություն ունեցող անձանց ընտրական մասնակցության խթանմանն ուղղված ծրագրեր
4 րոպեի ընթերցում
Հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոնն իրականացրել է մի շարք իրազեկման և կարողությունների զարգացման ն միջոցառումներ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին կենտրոնից, դրանք ուղղված են հաշմանդամություն ունեցող անձանց ընտրական իրավունքների լիարժեք իրացմանը։ Նախաձեռնություններն իրականացվել են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) հետ համագործակցությամբ և միջազգային կազմակերպությունների աջակցությամբ։
«Հայաստանում ներկայումս հաշվառված է հաշմանդամություն ունեցող 195,263 անձ, որոնց մեծամասնությունը չափահասներ են և ունեն ընտրելու իրավունք։ Սակայն տարբեր պատճառներով՝ ներառյալ ապատեղեկատվությունը, հասարակության մեջ առկա կարծրատիպերը և ընտրական գործընթացների ու ենթակառուցվածքների անմատչելիությունը, նրանց մասնակցությունը ընտրություններին դեռևս մնում է սահմանափակ»,-նշեց կազմակերպության հաղորդակցության պատասխանատու Լենա Հովհաննիսյանը։
Ծրագրի շրջանակում Հայաստանի 10 մարզում հաշմանդամություն ունեցող 271 անձանց համար կազմակերպվել են դասընթացներ։ Դրանք ներառել են ընտրության կարգի, ընտրատեղամասը փոխելու և ավելի մատչելի վայրում քվեարկելու հնարավորությունների, ինչպես նաև ապատեղեկատվության դեմ պայքարի թեմաները։ Դասընթացներից հետո մասնակիցներին տրամադրվել է անհատական խորհրդատվություն՝ ընտրատեղամասերը գտնելու և տեղամասի փոփոխության վերաբերյալ դիմումներ ներկայացնելու նպատակով։
Երևանում և Շիրակի մարզում տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար անցկացվել են լրացուցիչ դասընթացներ՝ բրայլյան կաղապարի միջոցով ինքնուրույն քվեարկելու հմտություններ ձեռք բերելու նպատակով։
Շիրակի և Տավուշի մարզերում մտավոր խնդիրներ ունեցող անձանց համար կազմակերպվել են առանձին դասընթացներ՝ «հեշտ ընթերցվող» հատուկ նյութերի կիրառմամբ, որոնք հետագայում տարածվել են նաև գործընկեր կազմակերպությունների միջոցով։
Ավելի մեծ թվով քաղաքացիների ընդգրկման նպատակով պատրաստվել են անիմացիոն տեսանյութեր (չտեսնող անձանց համար՝ նաև աուդիոնկարագրությամբ), որոնք ներկայացնում են ընտրության կարգը, բրայլյան կաղապարով քվեարկության ընթացքը և ապատեղեկատվության դեմ պայքարի սկզբունքները։
Տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների համար պատրաստվել է ուսուցողական տեսանյութ՝ ընտրատեղամասերի մատչելի կահավորման և հաշմանդամություն ունեցող անձանց հետ հաղորդակցման վերաբերյալ։ Բացի այդ, վեբինարների միջոցով ներկայացվել է Մոլդովայի և Վրաստանի կազմակերպությունների փորձը։
«Ընտրական գործընթացներում հաշմանդամություն ունեցող անձանց լիարժեք մասնակցությունը ժողովրդավարական հասարակության կարևոր նախապայմաններից է։ Մեր նպատակն էր ոչ միայն բարձրացնել իրազեկվածությունը, այլև գործնական աջակցություն տրամադրել, որպեսզի մարդիկ կարողանան իրացնել իրենց ընտրական իրավունքը հավասար պայմաններում»,-հավելեց հաղորդակցության պատասխանատու Լենա Հովհաննիսյանը։