2 րոպեի ընթերցում
Պարի միջազգային օրվա առթիվ Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն ապրիլի 29-ին հյուրընկալել է մարզում պարարվեստի ոլորտում գործունեություն ծավալող մի շարք խմբերի ղեկավարների։ Շնորհավորելով ներկաներին մասնագիտական տոնի առթիվ՝ մարզպետը ստեղծագործական նոր հաջողություններ ու ձեռքբերումներ է մաղթել նրանց։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Շիրակի մարզպետի աշխատակազմից, Դավիթ Առուշանյանն ընդգծել է, որ պարը հայ ազգային ինքնության կարևորագույն բաղադրիչներից է, որը դարեր շարունակ փոխանցվել է սերունդներին՝ պահպանելով մշակութային հիշողությունն ու արժեհամակարգը։ Մարզպետը հատուկ կարևորել է գյուղական բնակավայրերում պարարվեստի զարգացմանը միտված ցանկացած նախաձեռնություն։ «Պարը մեր ազգային ինքնության կարևորագույն բաղադրիչներից է, որը դարեր շարունակ փոխանցվել է սերունդներին՝ պահպանելով մեր մշակութային հիշողությունն ու արժեհամակարգը։ Այս օրը ևս մեկ առիթ է կարևորելու այն մարդկանց աշխատանքը, ովքեր իրենց նվիրվածությամբ պահպանում և զարգացնում են հայկական պարարվեստը։ Ինձ համար առանձնահատուկ կարևորություն ունի գյուղական բնակավայրերում պարարվեստի զարգացմանը միտված ցանկացած նախաձեռնություն։ Գյումրիում, ինչպես հայտնի է, այս ոլորտում ակտիվ աշխատանքներ են իրականացվում, սակայն առավել կարևոր եմ համարում, որ նման ծրագրերը շարունակական և հետևողական կերպով իրականացվեն նաև գյուղական համայնքներում»,-նշել է Դավիթ Առուշանյանը։
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են պարարվեստի զարգացմանը, մշակութային կյանքի ակտիվացմանը և երիտասարդների շրջանում ազգային պարի տարածմանը վերաբերող հարցեր, անդրադարձ է կատարվել նաև ոլորտում առկա խնդիրներին։
Պարախմբերի ղեկավարները շնորհակալություն են հայտնել մարզպետին հանդիպման համար՝ ընդգծելով, որ նման քննարկումները չափազանց կարևոր են խնդիրների բարձրաձայնման և արդյունավետ լուծումներ գտնելու տեսանկյունից։ Ներկաները միաժամանակ պատրաստակամություն են հայտնել համատեղ ջանքերով իրականացնել նոր ծրագրեր, որոնք ուղղված կլինեն մշակութային կյանքում երեխաների և երիտասարդների ներգրավվածության ընդլայնմանը։