Կրեմլը Դոնբասից ուկրաինական ուժերի դուրսբերման որոշում է սպասում արդեն այսօր. Պեսկով

2 րոպեի ընթերցում

Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին այսօր պետք է որոշում կայացնի Դոնբասից ուկրաինական զորքերի դուրսբերման վերաբերյալ, հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

Այսպես է Պեսկովն արձագանքել Ուկրաինայի նախագահի խոսքերին, որ Մոսկվան Կիևին երկու ամիս ժամանակ է տվել Դոնբասից դուրս գալու համար։

«Ինչ վերաբերում է երկու ամսվան, ապա դա երկու ամսվա հարց չէ։ Զելենսկին այսօր պետք է որոշում կայացնի Դոնբասից և Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության վարչական սահմաններից ուկրաինական զորքերի դուրսբերման վերաբերյալ», - ասել է նա՝ ի պատասխան Զելենսկու հայտարարությունը մեկնաբանելու խնդրանքին։

Պեսկովն ընդգծել է, որ Դոնբասից ուկրաինական զորքերի դուրսբերման անհրաժեշտությունը բազմիցս քննարկվել է, և «տեսականորեն Զելենսկին պետք է նման որոշում կայացրած լիներ դեռ երեկ, ինչպես մենք ասել ենք՝ պատասխանատվություն կրեր և նման դժվար որոշում կայացներ»։

Կրեմլի խոսնակը նշել է, որ Զելենսկու նման որոշումը կարող է փրկել բազմաթիվ մարդկանց կյանքեր և, ամենակարևորը, «թույլ տալ մեզ դադարեցնել այս պատերազմի թեժ փուլը»։

Պատասխանելով Ռուսաստանի, Ուկրաինայի և Միացյալ Նահանգների միջև իրավիճակի կարգավորմանն ուղղված եռակողմ բանակցությունների դադարեցման վերաբերյալ հարցին՝ Պեսկովն ասել է, որ դա պայմանավորված է Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձություններով, քանի որ ամերիկյան բանակցողներն այժմ զբաղված են այդ գործերով։

Միևնույն ժամանակ, կողմերի միջև ռազմական գործողությունները շարունակվում են: Ռուսական ուժերն Ուկրաինայի ուղղությամբ արձակել են գրեթե 340 անօդաչու թռչող սարք: Երկրում կան զոհեր և վիրավորներ: Ռուսաստանն էլ հայտնել է ուկրաինական 40-ից ավելի ԱԹՍ խոցելու մասին: Բելգորոդի մարզում կա 1 զոհ, վիրավորներ:

Իր հերթին, Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ վերահսկողության տակ է վերցրել Լուգանսկի ամբողջ շրջանը: Ուկրաինական կողմն այս տեղեկությունն առայժմ չի մեկնաբանել:

Հայերեն

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում