2 րոպեի ընթերցում
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին և Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը զրույցի ընթացքում քննարկել են ռուսական հարձակումների և լեհական երկաթուղու վրա վերջերս իրականացված դիվերսիաների հետևանքները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Զելենսկին գրել է իր Telegram ալիքում։
Ըստ Զելենսկու՝ Տուսկը ցավակցություն է հայտնել ռուսական անօդաչու թռչող սարքերի և հրթիռների վերջին հարվածներից հետո Տերնոպոլում զոհվածների և այլ շրջաններում տասնյակ վիրավորների կապակցությամբ։
Տուսկը նաև կիսվել է Լեհաստանի իրավապահ և հետախուզական մարմինների տվյալներով՝ երկաթգծի վրա օրերս տեղի ունեցած դիվերսիաների վերաբերյալ. դրանք կազմակերպվել են Telegram սոցիալական ցանցի միջոցով և օգտագործվել են Ուկրաինայի դեմ ապատեղեկատվական արշավ սկսելու համար։
Զելենսկին նշել է, որ Ուկրաինան ամեն օր բախվում է նմանատիպ դիվերսիոն գործողությունների, այդ թվում՝ երկաթուղային ենթակառուցվածքների դեմ։
«Բոլոր փաստերը վկայում են այս ամենի հետևում ռուսական հետքի մասին։ Բացի ռուսներից, դրանով ոչ ոք հետաքրքրված չէ», - նշել է Զելենսկին։
Նա հավելել է, որ Ուկրաինան և Լեհաստանը համաձայնել են ստեղծել համատեղ խումբ՝ դիվերսիաների դեմ պայքարելու և ապագայում «ռուսական նմանատիպ գործողությունները կանխելու համար»։
Զելենսկին ընդգծել է, որ Կիևը պատրաստ է համապարփակ համագործակցության և տեղեկատվության փոխանակման։
Նոյեմբերի 18-ին Լեհաստանի իշխանությունները հայտարարել էին, որ կարծում են, թե ռուսական ծառայություններն առնչություն ունեն դեպի Ուկրաինա տանող Վարշավա-Լյուբլին երկաթգծի վրա կատարված երկու դիվերսիոն գործողությունների հետ: Հետաքննությունը կարծում է, որ դիվերսանտների նպատակը եղել է երկաթուղային աղետ առաջացնելը:
Այս դիվերսիայից հետո Լեհաստանը հայտարարել է Գդանսկում Ռուսաստանի հյուպատոսությունը փակելու մասին։