Եվրոպա

Լեհաստանը փակում է Գդանսկում Ռուսաստանի հյուպատոսությունը երկաթգծի վրա դիվերսիայից հետո

2 րոպեի ընթերցում

Լեհաստանը փակում է Գդանսկում Ռուսաստանի հյուպատոսությունը երկաթգծի վրա դիվերսիայից հետո

Լեհաստանը Գդանսկում փակում է Ռուսաստանի հյուպատոսությունը երկաթգծի վրա իրականացված դիվերսիայից հետո: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է BBC-ի ռուսական ծառայությունից, այս մասին հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի նախարար Ռադոսլավ Սիկորսկին: 

Նրա խոսքով՝ ինքը նման քայլի մասին Ռուսաստանին նախազգուշացրել է դեռևս մայիսին, երբ հետաքննությունը պարզեց ռուսական հատուկ ծառայությունների մասնակցությունը Վարշավայի շուկայի հրկիզման մեջ: Այն ժամանակ փակվեց Կրակովի հյուպատոսությունը:

«Ես այն ժամանակ հայտարարել եմ, որ հետագա որոշումներ կընդունեմ, եթե Ռուսաստանը չդադարեցնի իր դիվերսիոն գրոհները Լեհաստանի վրա: Ռուսաստանը դա չի արել, և հարձակումները սաստկանում են: Երբ լրտեսության և դիվերսիոն գործունեության նպատակը մարդկային զոհերն են, ապա մենք գործ ունենք ոչ թե դիվերսիայի, այլ պետական ​​ահաբեկչության հետ: Ուստի, և սա մեր ամբողջական պատասխանը չի լինի, ես որոշել եմ հետ կանչել Գդանսկում Ռուսաստանի վերջին հյուպատոսության գործունեության վերաբերյալ թույլտվությունը», - Սիկորսկու հայտարարությունը մեջբերել է RMF24 ռադիոն:

Նոյեմբերի 18-ին Լեհաստանի իշխանությունները հայտարարել էին, որ կարծում են, թե ռուսական ծառայություններն առնչություն ունեն դեպի Ուկրաինա տանող Վարշավա-Լյուբլին երկաթգծի վրա կատարված երկու դիվերսիոն գործողությունների հետ: Հետաքննությունը կարծում է, որ դիվերսանտների նպատակը եղել է երկաթուղային աղետ առաջացնելը:

Գդանսկի հյուպատոսությունը Լեհաստանում Ռուսաստանի վերջին դիվանագիտական ​​​​ներկայացուցչությունն էր մնացել, չհաշված դեսպանատունը Վարշավայում։ Սիկորսկին հստակեցրել է, որ Լեհաստանը չի պատրաստվում խզել Ռուսաստանի հետ դիվանագիտական ​​​​հարաբերությունները։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում