ԵՐԵՎԱՆ, 20 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է թարգմանական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը: Տասնյակը ներկայացվում է նոյեմբերի վաճառքների հիման վրա:
Մայք Օմերի «Մարդասպանի աչքերով» գիրքն առաջին տեղում է։ Չիկագոյում հայտնվել է սերիական մարդասպան, որը սպանում, այնուհետև զմռսում է կանանց և որոշակի դիրք հաղորդելով դիակներին՝ թողնում հանրային վայրերում։
Ոստիկանությունը մոլագարին բռնելու համար ներգրավում է ՀԴԲ-ի քրեական հոգեբան Զոի Բենթլիին և գործակալ Թեյթում Գրեյին։ Զոին մարդասպանի հիվանդագին մտքերը կարդալու ունակություն ունի, իսկ Գրեյը չափազանց խիզախ ու հմուտ գործակալ է։ Բայց արդյոք երիտասարդ հոգեբանի և գործակալի համագործակցությունն արդյունավետ կլինի, կհասցնե՞ն նրանք բացահայտել մոլագարին` նախքան նոր դիակի հայտնվելը քաղաքում… Գրքի յուրահատկությունն այն է, որ հեղինակը հնարավորություն է տալիս այս հանցագործություններին նայել նաև մարդասպանի աչքերով, հասկանալ նրա հույզերն ու արարքների դրդապատճառները։
Քրիս Յուանի «Տան որսը» երկրորդ տեղում է։ Հայերեն թարգմանված այս նոր անգլիական դետեկտիվը՝ Քրիս Յուանի կատարմամբ, արդեն իսկ խոստանում է դառնալ ամենամեծ գրքային իրադարձություններից մեկը Հայաստանում:
Գերլարված, խելացի մտածված և անսպասելի հանգուցալուծումներ ունեցող սյուժեն կստիպի ձեզ մոռանալ բոլոր այլ գործերի մասին և կգամի ձեզ գրքի էջերին գիշերներ շարունակ: Թարգմանիչ՝ Էլմա Վարդանյան։
Երրորդ տեղում է Էլիզաբեթ Գիլբերթի «Ուտել, աղոթել, սիրել» գիրքը։ Ամերիկուհի գրող Էլիզաբեթ Գիլբերթի հուշագրություններն ամփոփող «Ուտել, աղոթել, սիրել» գիրքը կանացի ուխտագնացություն է, զգայական հաճույքի, հոգևոր լուսավորման ու կենսական Ներդաշնակության փնտրտուք Իտալիայի, Հնդկաստանի ու Ինդոնեզիայի մշակութային ոլորաններում։ Սրամտությամբ, ինքնահեգնանքով, ազատագրության մղումով լի այս ներաշխարհային ճամփորդությունը կենտրոնացնում է ընթերցողի ուշադրությունը էականի վրա, շեղում անկարևորից, ձևակերպում պոստֆեմինիստական աշխարհում ապրող ու առաջին հայացքից երջանիկ կյանք վարելու բոլոր նախադրյալներն ունեցող կնոջ խնդիրը, օրակարգ բերում հարցեր, որոնց շուրջ քանիցս մտորելու անհրաժեշտություն կա, ու առաջարկում դասեր, որոնք միանգամայն փոխադրելի են ժամանակի ու տարածության մեջ։ Թարգմանիչ՝ Լիլիթ Հայրապետյան։
Ալեքս Մայքլիդիսի «Ցասում»-ը չորրորդ տեղում է։ Հին ընկեր, նախկին կինոաստղ Լանա Ֆարրարը մեր խմբին հրավիրում է փոքրիկ կղզի՝ ժամանակ անցկացնելու:
Եղանակը տաք կլինի, արևոտ: Հանգստանալու և շփվելու հրաշալի հնարավորություն կստեղծվի։ Եվ, ո՞վ գիտե, գուցե որոշ գաղտնիքներ ջրի երես դուրս գան հունական այս դրախտում: Չէ՞ որ այս մասնավոր կղզում ամեն ինչ այնպես չէ, ինչպես թվում է. ո՛չ Լանան, ո՛չ նրա հյուրերը, ոչ էլ, հաստատ, մարդասպանը, որը ցասումով հյուսում է իր հանցանքի ծրագիրը: Բայց ո՞վ եմ ես: Անունս Էլիոթ Չեյզ է, ու ես ձեզ կպատմեմ ամեն ինչ: Այսպիսի պատմություն դուք երբեք չեք լսել:
Աննա Ջեյնի «Երկրպագուն» հինգերորդ տեղում է։ Անգելինա Լանսկայային ամեն օր ծաղիկներ են ուղարկում: Ծաղիկները միշտ զույգ թվով են: Անգելինան գաղափար անգամ չունի, թե ով է ուղարկում դրանք: Խորհրդավոր երկրպագուն փորձում է խենթացնել աղջկան, խաղում է նրա հետ, անընդհատ վախի մեջ պահում ու կախվածություն առաջացնում: Երկրպագուն լավ գիտի, թե ոնց Անգելինային իր թակարդը գցի: Անգելինա Լանսկայան՝ հոգեբանության ֆակուլտետի ուսանողուհին, առաջին հայացքից անմեղ հրեշտակ է թվում, բայց այդ անմեղության տակ շատ գաղտնիքներ կան թաքնված: Նա չի հիշում մանկությունը, գիշերները տանջվում է մղձավանջներից ու անընդհատ պայքարի մեջ է իր ներսի դևի հետ: Անգելինան իդեալական թեկնածու է «Լեգեոն» անունով փակ ակումբի հա մար: Բայց ու՞մ դերում: Զոհի՞, թե՞ մարդասպանի: Սե՞ր, թե՞ մահ: Ի՞նչն է հաղթելու: Արյունոտ խաղադրույքները արված են:
Նիթա Փրոուզի «Աղախինը» վեցերորդ տեղում է։ Նիթա Փրոուզի դեբյուտային «Աղախինը» այն քիչ գրքերից է, որը բեսթսելեր է դարձել նույնիսկ մինչև լույս տեսնելը։ Հայտնի խմբագիր Փրոուզի սպասվող գրքի մասին խոսակցություններն այնքան շատ էին, որ տասնյակ երկրներում հրատարակիչները շտապում էին ձեռք բերել դրա հեղինակային իրավունքները։ Եվ գիրքը, իրոք, ստացվել է: Պատմության կենտրոնում հյուրանոցի միամիտ աղախին Մոլլին է, որը հայտնվել է հայտնի օլիգարխի սպանության, թմրանյութերի շրջանառության և թրաֆիքինգի գործի էպիկենտրոնում, և բոլոր սլաքները ցույց են տալիս միակ մեղավորին՝ Մոլլիին: Բայց արդյո՞ք դա այդպես է: Թարգմանությունն անգլերենից՝ Կարինե Պետրոսյանի։
Յոթերորդ հորիզոնականն է զբաղեցնում բրազիլացի գրող Պաուլու Կոելյուի լավագույն ստեղծագործություններից մեկը` «Ալքիմիկոսը»: Վեպը երազանք ունենալու և այն իրականացնելու հաստատակամության պատմություն է՝ զուգորդված սիրո, բարության, անհատականության պահպանման մոտիվներով, նոր երկիր ու նոր մշակույթ ճանաչելու հնարավորությամբ: Թարգմանությունը՝ Աննա Մարությանի:
Ութերորդ հորիզոնականում Հերման Հեսսեի «Սիդհարթա» այլաբանական վեպն է, որն առաջին անգամ հրատարակվել է 1922 թվականին։ Այն պատմում է Գաութամա Բուդդայի ժամանակակից բրահման Սիդհարթայի հոգևոր ինքնաճանաչման ճանապարհի մասին։ Հեսսեի 9-րդ վեպն է, որը նա գրել է քնարական ոճով։ Գիրքն Ամերիկայում տպագրվել է 1951 թվականին և մեծ տարածում գտել 1960-ականներին։ Հեսսեն վեպը նվիրել է ֆրանսիացի դրամատուրգ, վիպագիր Ռոմեն Ռոլանին: Թարգմանիչն է Աշոտ Ալեքսանյանը:
Իններորդ հորիզոնականում է թուրք ժամանակակից գրող Էլիֆ Շաֆաքի «Ստամբուլի բիճը» ստեղծագործությունը: «Ստամբուլի բիճը» վեպում հեղինակը վեր է հանում թուրք հասարակության բազմաթիվ ներքին խնդիրներ, որոնց թվում կարևորագույն տեղ է զբաղեցնում Հայոց մեծ եղեռնը` որպես թուրքի հոգեբանության չհաղթահարվող բարդույթ: Ինչպես բնորոշ է Թուրքիային, գրքի հրապարակումից հետո երկրում դատավարություն է սկսվում հեղինակի դեմ` հայտնի 301 հոդվածի համաձայն` թրքությունը վիրավորելու համար: Ողջ դատավարության ընթացքում Թուրքիայում վեպն արգելված է եղել, իսկ երբ հեղինակը հաղթել է դատը, դրանից հետո միայն այն վաճառքի հնարավորություն է ստացել: Թարգմանիչ՝ Արփի Աթաբեկյան:
Տասներորդ տեղում է Մարկ Արենի «Սուրբծննդյան հրեշտակը» վիպակը: Ամեն տարի Սուրբ Ծնունդին հրեշտակները երկնքից իջնում են երկիր՝ մարդկանց երազանքներն իրականացնելու: Բայց օգնել կարողանում են միայն նրանց, ում տեսնում են: Հրեշտակն օգնության է հասնում Քրիստինեին, նրանք սիրահարվում են իրար: Հրեշտակը կանգնում է երկընտրանքի առաջ.կա՛մ թողնել իր մեծ սերը և վերադառնալ երկինք, կա՛մ մնալ երկրի վրա և դառնալ սովորական մահկանացու...Թարգմանիչ՝ Հովհաննես Այվազյան:
«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը
Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը:
Տեղ | Փոփ․ | Գիրք | | Հրատ․ | Քանակ |
1 | 0 | | Մայք Օմեր, «Մարդասպանի աչքերով» | Դավինչի | 119 |
2 | 0 | | Քրիս Յուան, «Տան որսը» | Դավինչի | 71 |
3 | +4 | | Էլիզաբեթ Գիլբերթ, «Ուտել, աղոթել, սիրել» | Զանգակ | 49 |
4 | 0 | | Ալեքս Մայքլիդիս, «Ցասում» | Newmag | 45 |
5 | նոր | | Աննա Ջեյն, «Երկրպագուն» | Bookprize | 42 |
6 | +3 | | Նիթա Փրոուզ, «Աղախինը» | Դավինչի | 40 |
7 | * | | Պաուլու Կոելյու, «Ալքիմիկոսը» | Անտարես | 35 |
8 | * | | Հերման Հեսսե, «Սիդհարթա» | հեղ․ հրատ | 34 |
9 | -1 | | Էլիֆ Շաֆաք, «Ստամբուլի բիճը» | Անտարես | 33 |
10 | * | | Մարկ Արեն, «Սուրբծննդյան հրեշտակը» | Բուկինիստ | 30 |