Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Շոկոլադը» գիրքն՝ առաջատար. թարգմանական. հունիս, 2026

11 րոպեի ընթերցում

«Երևանյան բեսթսելեր». «Շոկոլադը» գիրքն՝ առաջատար. թարգմանական. հունիս, 2026

«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է թարգմանական գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը: Տասնյակը ներկայացվում է հունիսի վաճառքների հիման վրա:

Ջոան Հարիսի «Շոկոլադը» առաջին տեղում է։ Վեպում պատմում է այն մասին, թե ինչպես փոքրիկ ֆրանսիական Լանսկընե գյուղում երկար տարիներ ոչինչ չէր փոխվում, մինչև մի օր Մեծ Պահքի շեմին, փոփոխական քամու հետ ժամանում են խորհրդավոր անծանոթուհի Վիեն Ռոշենը և իր դուստրը։ Հետաքրքիր է արդյո՞ք Ռոշենը կկարողանա պահել իր շոկոլադի խանութը, այդ խիստ ծիսական պահքերի խստությամբ փոքրիկ գյուղում։

Երկրորդ տեղում է Նորա Իկստենայի «Մայրական կաթ» վեպը, որն ութերորդ տեղում է, նույն ընտանիքի երեք սերնդի կանանց պատմություն է: Հեղինակը հանրամատչելիորեն պատկերում է իր մանկության և երիտասարդության տարիների խորհրդային Լատվիայի սոցիալական միջավայրը, բարոյականության վակուումը, որը տարօրինակորեն ուղղորդվում էր և ներսից կոտրելով մարդկանց՝ վերածում կենդանի դիակների: Վեպի ամբողջ տեքստը ապրելու անհնարինության վավերագրություն է՝ ներծծված հրաժարումով ամուսնուց ու հորից, երազանքներից, գաղափարներից ու համոզմունքներից, աշխատանքից ու սեփական տեսակետից, ընկերներից և սիրելիներից: Գլխավոր հերոսուհին գինեկոլոգ է, որը հրաշալիորեն ճանաչում է մարդուն և շատերին կարողանում օգնել իր գիտելիքներով, բայց, պարզվում է, ի վիճակի չէ ապրելու իրեն բաժին հասած կյանքը: Մայրական կաթը երեխայի առաջին սնունդն է: Գլխավոր հերոսուհին՝ մայրը, դստերը միտումնավոր զրկում է այդ կաթից՝ թույլ չտալով նրան ժառանգել իր ցավն ու հուսահատությունը:

Դեն Բրաունի «Դա Վինչիի ծածկագիրը» երրորդ տեղում է։ «Դա Վինչիի ծածկագիրը» Դեն Բրաունի վիպաշարի երրորդ վեպն է։ Այս անգամ ևս խորհրդանշանագետ հերոսը իր մասնագիտական ողջ ներուժը ներդնելու է՝ բացահայտելու Լուվրի խնամակալներից մեկի արտասովոր սպանությունը։ Վեպում, սյուժեի զարգացմանը զուգընթաց, ընթերցողը անընդհատ կտեղափոխվի անցյալ՝ ծանոթանալով Քրիստոսի կյանքի որոշ դրվագների և Դա Վինչիի ստեղծագործությունների՝ հեղինակի առաջարկած մեկնաբանմանը։

Հարուկի Մուրակամիի «Սահմանից հարավ, արեգակից արևմուտք» չորրորդ տեղում է։ Հաջիմեն հաջողակ գործարար է, երկու բարի տեր, ունի սիրելի կին և երեխաներ։ Երջանկության համար կարծես ուրիշ ոչինչ հարկավոր չէ։ Բայց նրա կյանքում հայտնվում է Շիմամոտոն՝ պատանեկության տարիների առաջին սերը, որն այդպես էլ չի մոռացվել։ Խախտվում է իրականության և պատրանքի սահմանը։ 1992-ին լույս տեսած այս վեպը սիրո մասին է, կրքի, կյանքը գլխիվայր շրջող ճիշտ և սխալ որոշումների, կորցրած ու բաց չթողած հնարավորությունների մասին, և այս ամենը՝ շաղախված առեղծվածով ու Մուրակամիի երաժշտական նուրբ ճաշակով։

Թրեյսի Շևալյեի «Մարգարտե ականջօղով աղջիկը» հինգերորդ տեղում է։ «Մարգարտե ականջօղով աղջիկը» վեպը միայն մի դիմանկարի պատմություն չէ. այն պատմություն է նկարչի և նրա մուսայի մասին, նաև սիրո պատմություն է, որը ծավալվում է Հոլանդիայի Դելֆտ քաղաքում հեռավոր տասնյոթերորդ դարում։ Պատմական վեպը գրելու համար հեղինակը մանրակրկիտ ուսումնասիրել է նյութը, ինչի շնորհիվ ընթերցողը միանգամից ընկղմվում է վայրի և դարի մթնոլորտի մեջ։

Մարկ Արենի «Շերլոք Հոլմսի նոր արկածները» վեցերորդ տեղում է։ «Շերլոք Հոլմսի նոր արկածները» գիրքը Մարկ Արենի ուրույն պատմությունն է հայտնի հետախույզի ու նրա լավ բարեկամ դոկտոր Վաթսոնի մասին: Գիրքն աջաջին իսկ տողերից գրավում է ընթերցողին իր ինտրիգներով, փաստերի՝ առերևույթ իրար չառանչվող հետաքրքիր համադրություններով ու Շերլոք Հոլմսի՝ անհասկանալի խնդիրներին տրված պարզ լուծումներով, և որ ամենահետաքրքիրն է՝ անցյալ-ներկա-ապագա, Արմորիկա-Արմենիա, բրիտանացի-հայ տարված զուգահեռներով...

Գրեգորի Դեյվիդ Ռոբերթսի «Շանտարամ»-ը յոթերորդ հորիզոնականում է։ «Նայելով շուրջս եւ ունկնդրելով ետնախորշերի՝ բոլոր կողմերից վեր ելնող շնչառությունը, ծիծաղն ու անզիջում երաժշտությունը՝ հիշեցի Խադերբհայի սիրած արտահայտություններից մեկը, որը նա հաճախ էր կրկնում. «Մարդկային սրտի յուրաքանչյուր զարկ հնարավորությունների մի ամբողջ տիեզերք է...»: Եվ կարծես հիմա ես լիովին ըմբռնեցի այդ արտահայտության բուն իմաստը: Նա ուզում էր ասել, որ յուրաքանչյուր մարդ ի զորու է փոխել իր ճակատագիրը: Ես միշտ համարել եմ, որ ճակատագիրն ի ծնե է տրվում, որ այն անփոփոխ է, ինչպես աստղային շրջապտույտը, բայց, ի վերջո, հասկացա, որ կյանքն իրականում շատ ավելի խորհրդավոր ու գեղեցիկ է, եւ Ճշմարտությունն այն է, որ ինչ հանգամանքներում էլ հայտնվես, որքան էլ երջանիկ կամ դժբախտ լինես, սիրով լի մեկ մտքով կամ արարքով կարող ես ամբողջովին փոխել կյանքդ»:

Ութերորդ տեղում է Ֆրանկ Տիլյեի «Գլուխկոտրուկ» գիրքը։ Որտե՞ղ է իրականության և երևակայության անտեսանելի սահմանը։ Այս հարցի պատասխանը պետք է բացահայտեն Իլանը և Քլոեն՝ առեղծվածային խաղի՝ «Պարանոյայի» մասնակիցները։ Ոչ ոք չգիտի, թե ինչ կանոններով է ընթանում այս խաղը, և ինչպես այն կավարտվի, սակայն մի բան հաստատ է․ հաղթողին խոստացված է խոշոր դրամական պարգև՝ երեք հարյուր հազար եվրո, որի համար մասնակիցները պատրաստ են անգամ ամենադաժան և անսպասելի քայլերին։ Խաղը տանում է ֆրանսիական Ալպերի մութ խորքերը՝ դեպի լքված հոգեբուժարան, որտեղ մեկ տարի առաջ՝ Սուրբ Ծննդյան նախօրեին, հայտնաբերվել էին ութ դիակ… Հինգ տղամարդ և երեք կին սառնասրտորեն սպանվել էին քնի մեջ։ Այժմ խաղացողները կրկին ութն են։ Ո՞վ է նրանցից կենդանի մնալու, և արդյո՞ք կլինի այդպիսի մեկը…

Իններորդ հորիզոնականում է թուրք ժամանակակից գրող Էլիֆ Շաֆաքի «Ստամբուլի բիճը» ստեղծագործությունը: «Ստամբուլի բիճը» վեպում հեղինակը վեր է հանում թուրք հասարակության բազմաթիվ ներքին խնդիրներ, որոնց թվում կարևորագույն տեղ է զբաղեցնում Հայոց մեծ եղեռնը` որպես թուրքի հոգեբանության չհաղթահարվող բարդույթ: Ինչպես բնորոշ է Թուրքիային, գրքի հրապարակումից հետո երկրում դատավարություն է սկսվում հեղինակի դեմ` հայտնի 301 հոդվածի համաձայն` թրքությունը վիրավորելու համար: Ողջ դատավարության ընթացքում Թուրքիայում վեպն արգելված է եղել, իսկ երբ հեղինակը հաղթել է դատը, դրանից հետո միայն այն վաճառքի հնարավորություն է ստացել:

Յու Նեսբյոյի «Ձնեմարդը» տասներորդ տեղում է։ Քիչ է ասել, թե սկանդինավյան դետեկտիվն իր ուրույն տեղն է զբաղեցնում ժանրի բազմատեսակության մեջ. դետեկտիվ վեպն սկզբնավորվել է հենց Սկանդինավիայում, ավելի ստույգ՝ Նորվեգիայում՝ Մորից Քրիստոֆեր Հանսենի «Ինժեներ Ռոլֆսենի սպանությունը» (1839) վեպով, և հետագայում էլ նորվեգական գրականությունը ժանրին մոռացված ու հանրահայտ բազմաթիվ այլ հեղինակներ է տվել, որոնցից ամենահռչակավորը ողջ աշխարհում Յու Նեսբյոն է՝ տագնապի աճող մթնոլորտով ու սարսափի տարրով, սյուժեի լարված զարգացմամբ ու հոգեբանական ներթափանցումներով հատկանշվող բազմաթիվ քրեավեպերի հեղինակ, որոնց մեջ ամենահանրահայտը՝ «Ձնեմարդը» (2007) թարգմանվել է մի քանի տասնյակ լեզվով ու վաճառվել մի քանի տասնյակ միլիոն տպաքանակով, արժանացել Նորվեգիայի գրավաճառների և ընթերցողների մրցանակներին և 2017 թ. էկրանացվել շվեդ ռեժիսոր Թոմաս Ալֆրեդսոնի կողմից: Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում ու նրա մերձակայքում կանայք են անհետանում: Հարի Հոլեն՝ Օսլոյի ոստիկանության՝ ալկոհոլային կախվածությունից տառապող, բայց սուր հոտառությամբ օժտված ու սրամիտ հետաքննիչը համոզված է, որ այդ անհետացումների միջև օրինաչափություն է պետք հայտնաբերել: Ի՞նչ ընդհանրություններ ունեն այդ կանայք: Պատահականություն է արդյո՞ք, որ դեպքի վայրում միշտ ձնեմարդ է կանգնած լինում: Ինչու՞ է սովորական ձնեմարդը տեսնողին սոսկանք ներշնչում։ «Ձնեմարդը» տագնապալի լարվածության մեջ է մեզ պահում, իսկ տպավորիչ կասկածյալների իսկական պատկերասրահն վեպի ընթերցանությունը դարձնում է անմոռանալի։

Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը:

ՏեղՓոփոխ․Գիրք Հրատ․Քանակ
1նոր

Ջոան Հարիս,

«Շոկոլադը» 

Դավինչի195
2-1

Նորա Իկստենա,

«Մայրական կաթ» 

Վերնատուն189
3*

Դեն Բրաուն,

«Դա Վինչիի ծածկագիրը» 

Զանգակ76
4-2

Հարուկի Մուրակամի,

 «Սահմանից հարավ, արեգակից արևմուտք»

Անտարես74
5*

Թրեյսի Շևալյե,

 «Մարգարտե ականջօղով աղջիկը»

Զանգակ68
6*

Մարկ Արեն,

«Շերլոք Հոլմսի նոր արկածները» 

հեղ․ հրատ65
7*

Գրեգորի Դեյվիդ Ռոբերթս,

«Շանտարամ», 

Դավինչի

Բուկինիստ 

60
8-5

Ֆրանկ Տիլյե,

«Գլուխկոտրուկ» 

Դավինչի58
9-5

Էլիֆ Շաֆաք,

 «Ստամբուլի բիճը»

Անտարես55
10*

Յու Նեսբյո,

 «Ձնեմարդը»

Զանգակ50
Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում