Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Կարդինալը» գիրքն՝ առաջատար. հայ գրականություն. հունիս, 2026

9 րոպեի ընթերցում

«Երևանյան բեսթսելեր».  «Կարդինալը» գիրքն՝ առաջատար. հայ գրականություն. հունիս, 2026

«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է հայ գրողների գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ հունիսի վաճառքի տվյալների:

Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» առաջին տեղում է։ «Կարդինալը» վեպը Աղաբաբյանի 12-րդ գիրքն է։ Այն ներկայացնում է մինչև վերջերս հայ ժողովրդից տարբեր պատճառներով «գաղտնի պահված» մի հզոր հայորդու, ժամանակին աշխարհի ամենաազդեցիկ դեմքերից մեկի՝ Վատիկանի միակ հայ կարդինալ և Հայ Կաթողիկե եկեղեցու պատրիարք կաթողիկոս Գրիգոր Պետրոս 15-րդ Աղաջանյանի բացառիկ կյանքի ոդիսականը։ Նա երկու անգամ՝ 1958 և 1963 թթ., Հռոմի պապի ընտրություններում պապի ամենահավանական թեկնածուն էր, սակայն աշխարհի հզորագույն երկրների հետախուզական կառույցների «հատուկ օպերացիաների» արդյունքում Հռոմի պապ չընտրվեց։ Լինելով Վատիկանի երկրորդ դեմքը (1958—1970 թթ.), Աղաջանյանը սփյուռքահայության համար աներևակայելի գործունեություն է ծավալել։ Քեսաբն ու ևս 9 հայկական գյուղեր նրա շնորհիվ փրկվեցին թուրքական ճիրաններից: Բայց նվիրյալ հոգևորականին, որպես հակակոմունիստ, ԽՍՀՄ-ը արգելել էր հայրենիքի հետ ցանկացած շփում։ Այս վեպով հեղինակն ամբողջացնում է մեծ հայորդու, հանրահայտ հոգևորականի տիեզերական ու բացառիկ կերպարը։ Վեպը նաև մի քանի առեղծվածային միջադեպերի բացահայտումներ է անում:

Աննա Ոսկանյանի «Ոչ սովորական մի պատմություն»-ը երկրորդ տեղում է։  Այն «Գլուխկոտրուկ երկուսի համար» շարքի առաջին գիրքն է, որը պատմում է սիրողական հետաքննություն սկսած երկու ընկերների բացահայտումների և մարդասպան մոլագարի որոնումների մասին։

Երրորդ տեղում է Գրիգոր Քեշիշյանի «Քեզնից հեռու, քեզ հետ» գիրքը։ Սիրո, հայրենասիրության, հայրենադարձության դժվար ու լուսավոր կողմերի մասին «Քեզնից հեռու, քեզ հետ» վիպակը 1940-ականներին Լիբանանից հայրենադարձված Գրիգոր Քեշիշյանի զգացմունքների ամփոփումն է մի գեղեցիկ սիրո պատմության տեսքով։ Վիպակը նամակների ժողովածու է, որ հայրենադարձման իր հերթին սպասող Սամվելը գրում է արդեն հայրենի հողի վրա ապրելու երազանքին հասած իր սիրելիին։ Բաժանումը ծանր վերք է բացում սիրելիների սրտերում, իսկ վերամիավորման սպասումը՝ բացահայտում նրանց ճակատագրի անսպասելի ոլորանները։

«Դիցային Արմկոն» (հայ ֆանտաստ գրողների պատմվածքների ժողովածու)-ն չորրորդ տեղում է։ Ժողովածուում զետեղված են հայ ֆանտաստ գրողների՝ «Դիցային» խորագրով անցկացված «ԱՐՄԿՈՆ» գրական մրցույթի ստեղծագործություները: «Դիցայինը» մեր հարուստ ժառանգության մանրապատկերն է՝ նոր խնդիրներով հին աստվածներից ու միջնաբերդյան պատմություններից մինչև վիշապների գաղտնիքներ:

Անի Ասատրյանի «Աննման»-ը հինգերորդ տեղում է։ «Աննման»-ը վեպ է ժամանակակից մարդու ինքնության անկայունության և այն ուժերի մասին, որոնք ձևավորում ու փոխում են մարդու իրականության ընկալումը։ Հոգեբանական, սոցիալական և ներքին փոփոխությունների միջով շարժվող վեպը հետևում է կերպարների, որոնց հիշողությունները, հարաբերությունները, մարմիններն ու հանրային կերպարները աստիճանաբար սկսում են կորցնել իրենց նախկին ամբողջականությունը։

Վարդուհի Եգորյանի «Գաբի»-ն վեցերորդ տեղում է։ «Գաբի» գիրքը գրված չէ լացով. այն գրված է խաղաղության որոնումով: Երբ հեղինակը գրում է ցավից փրկվելու համար, նրա տողերը կծու են դառնում, սակայն նա գրում է ապրելու համար, և հենց այդ պատճառով էլ նրա տողերը շնչում են: «Գաբի» գրքի պատմությունների մեջ նա կրում է ներքին հանգստություն նույնիսկ ամենածանր պահերին: Նա խուճապ չի ստեղծում, այլ ընտրություն է անում, և հենց այդ ընտրությունն է նրան ուժ տալիս:

Գրիգոր Քեշիշյանի «Իսկ դու ինձ սիրո՞ւմ ես» գիրքը յոթերորդ տեղում է։ Իսկական սերը հաղթում է ցանկացած հեռավորություն։ Անցյալն ու ներկան խաչվում են, հիշողությունն ու հույսը` միախառնում՝ փորձելով պատասխանել մեկ վճռորոշ հարցի. արդյո՞ք սիրահարները քաջություն կունենան դիմադրելու ժամանակի ծանր հարվածներին և սիրելու իրենց հայրենիքը։ Չէ՞ որ հայրենիքը հողն է, որի վրա քայլում է սիրելիդ…

Աննա Առաքելյանի «Ընկնող աստղերի հովիտը» ութերորդ տեղում է։ Այս պատմությունն իրականության ու անիրականի շաղախ է, որը ներառում է որոշ գիտաֆանտաստիկ տարրեր: Դեպքերը տեղի են ունենում «Շելթեր» անունով՝ աղջիկների համար նախատեսված գիշերօթիկ դպրոցում։ Իրադարձությունների անկանխատեսելի ու լարված զարգացումն ընթերցողի մեջ միաժամանակ հոգեկան շփոթ ու անբացատրելի մագնիսական ձգողություն է առաջացնում:

Ռաֆայել Մարգարյանի «Սպասիր ինձ երկնքում» գիրքը իններորդ տեղում է։ Այս պատմության մեջ յուրահատուկ կերպով ընդգծվում է մարդկային բարությունը անձնազոհությունը, սերը և հավատը: Միևնույն ժամանակ ուշադրության են արժանանում կյանքի և աշխարհի մութ կողմերը, որոնք ամեն բան սևուսպիտակ են ներկում` հետք թողնելով սյուժեի վրա: Սակայն գրքում արտացոլված հավատն անչափ մեծ է, որ դրանք մի օր կլուսավորվեն, և աշխարհում կիշխի սերն ու բարեսրտությունը...

Գոհար Նավասարդյանի «Սերը» գիրքը տասներորդ տեղում է։ Սերը հաճախ փորձություններ է դնում այն սրտի առջեւ, որի մեջ բույն է դրել: Մեկն իր սիրուն հասնում է առանց ջանք գործադրելու, մյուսն անում է անհնարինը՝ պատմությունը կիսատ չթողնելու համար։ Մեկին ամեն ինչ հեշտ է տրվում, մյուսին" անասելի դժվար: Այս գիրքը մի սիրո պատմության մասին է, որը, հազիվ սկսված, հարկադրաբար ավարտվում է, սակայն այն անկեղծ զգացմունքները, որոնք խոր ար մատներ էին տվել, չեն կարողանում տարիների ընթացքում ոչնչանալ: Կունենա արդյոք իմաստ տարիներով սպասելը, կստացվի սրտում` տեղ բացել նոր սիրո համար, ի՞նչ դեր կստանձնի այս հարցում հավատն առ Աստված: Այս հարցերի պատասխաններն են սույն վիպակում: Սյուժեն կառուցված է աստվածաշնչյան քսան մեջբերումների հիման վրա, որոնք դարձել են բնաբաններ: Գիրքը նպատակ ունի ընթերցողին ցույց տալ, որ հակառակ սեռի հանդեպ տածած մաքուր սերը հենց Սուրբ գրքում` քարոզվող սերը կարող է լինել։ Իր յոթերորդ վիպակով հեղինակն ուզում է ընթերցողին թեկուզ մի փոքր մոտեցնել մեր հավատքին՝ սովորեցնելով սիրել ու ամեն ինչում՝ նախ Աստծո կամքը ցանկանալ: Գրքի բոլոր աստվածաշնչյան մեջբերումներն արված են բացառապես Մայր Աթոռի թարգմանությունից:

Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը:

 

ՏեղՓոփոխԳիրք Հրատ․Քանակ
10

Աշոտ Աղաբաբյան,

 «Կարդինալը»

հեղ հրատ134
2Նոր

Աննա Ոսկանյան,

«Ոչ սովորական մի պատմություն»

հեղ հրատ67
3-1

Գրիգոր Քեշիշյան,

 «Քեզնից հեռու, քեզ հետ»

Դավինչի64
4*

«Դիցային․

 Արմկոն»

Բուկինիստ55
5Նոր

Անի Ասատրյան,

 «Աննման»

Անտարես54
6+2

Վարդուհի Եգորյան,

 «Գաբի»

հեղ հրատ44
70

Գրիգոր Քեշիշյան,

 «Իսկ դու ինձ սիրո՞ւմ ես»

Դավինչի42
8Նոր

Աննա Առաքելյան,

 «Ընկնող աստղերի հովիտը»

հեղ հրատ33
9-4

Ռաֆայել Մարգարյան,

 «Սպասիր ինձ երկնքում»

հեղ հրատ33
100

Գոհար Նավասարդյան,

 «Սերը»

հեղ հրատ30
Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում