Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-27/26. Սմբատյան, Օսման, Լինդգրեն

3 րոպեի ընթերցում

«Նոր գիրք»-27/26. Սմբատյան,  Օսման, Լինդգրեն

«Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին:

Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2026 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ հեղինակ

Վարդան Սմբատյան, «Ձուկը լեռներում»

«Ձուկը լեռներում» խորագրով ընտրանին չորս չափածո գրքերի հեղինակ Վարդան Սմբատյանի առաջին արձակ ժողովածուն է, որտեղ ամփոփված են 2016-2026 թթ. գրված էսսեները և պատմվածքները:  Հեղինակը պոետիկ վարիացիաներով, երաժշտական հավելումներով և խոր դիտողունակությամբ ջանում է երևան բերել մեզ նկատելի և անտես մարդկանց, նրանց ցավը, անկումներն ու թռիչքները: Ձուկը, որը շատ բան գիտի բոլորիս մասին, կամաց-կամաց բացում է պատումների շղթան, որպեսզի մատնի ամենակարևոր ճշմարտությունը մեր մասին: Գիրքը լույս է ընծայել «Ակտուալ արվեստ»-ը:

789.jpg

Թարգմանական գրականություն

Ռիչարդ Օսման, «Մարդը, որը նորից էր մահացել»

Հաջորդ հինգշաբթին է։ Էլիզաբեթը նամակ է ստանում իր նախկին գործընկերոջից։ Բարդ ու խճճված անցյալով մեկն է՝ ադամանդների գողություն, դաժան մաֆիոզի հետ կապ և կյանքին սպառնացող իրական վտանգ։ Նա մեծ սխալ է գործել և այժմ օգնության կարիք ունի։ Դիակներն ավելանում են, Էլիզաբեթը Ջոյսին, Իբրահիմին և Ռոնին կցում է հետաքննությանը։ Տարեցների խումբը ձեռնամուխ է լինում անողոք մարդասպանի փնտրտուքին։ Եթե այդ ընթացքում ադամանդներն էլ գտնեն, հաճելի բոնուս կլինի։ Սակայն թոշակառուների հակառակորդն այս անգամ անգութ է ու առանց վարանելու վերջ կտա չորսի կյանքին էլ։ Բարի գալուստ «Սպանությունների ակումբ՝ ամեն հինգշաբթի»: Չորս անհավանական ընկերներ։ Մի նոր, սահմռկեցուցիչ սպանություն։ Թարգմանիչ` Աստղիկ Աթաբեկյան: Գիրքը լույս է ընծայել Newmag-ը:

456.jpg

Մանկապատանեկան գրականություն

Աստրիդ Լինդգրեն, «Մանչուկն ու տանիքի Կառլսոնը»

«Մանչուկն ու տանիքի Կառլսոնը» վիպակն աշխարհի ամենասիրված մանկագիրներից մեկի՝ շվեդ գրող Աստրիդ Լինդգրենի զվարճալի պատմությունն է յոթնամյա Մանչուկի և Ստոկհոլմ քաղաքի կենտրոնում տանիքին ապրող չարաճճի թռչող մարդուկի ընկերության ու անհավատալի ուրախ արկածների մասին։ Թարգմանությունը շվեդերենից՝ Աշխեն Բախչինյանի։ Խմբագիր՝ Նունե Թորոսյան։ Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

123.jpg

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում