Աջափնյակում բախված ավտոմեքենաներից մեկի վարորդը տեղում մահացել է
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը հոկտեմբերի 17-ին, ժամը 17:31-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Աջափնյակ Գ1 թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ բախվել են «Toyota» (վարորդ՝ Վ․ Ս․, ծնված 1966 թ․) և «Mercedes-Benz» (վարորդ՝ Մ․ Ս․, ծնված 1973 թ․) մակնիշների ավտոմեքենաները․ «Toyota» մակնիշի ավտոմեքենան բախվել է չշահագործվող խանութի պատին։

Ըստ աղբյուրի՝ շտապօգնության բժիշկը տեղում արձանագրել է Վ․ Ս․-ի մահը։
Նշվում է, որ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի վարորդին մոտեցրել շտապօգնությանը։ Տուժածը տեղում ստացել է համապատասխան բուժօգնություն։
