Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին
4 րոպեի ընթերցում

Նոր ու հետաքրքիր կանաչապատ հանրային տարածք Երևանում. Հայաստանի ամերիկյան համալսարանում (ՀԱՀ) բացվեց Եռանկյունաձև (Կարեն Կակոսյան պարտեզներ) այգին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագծի տարածքը համալսարանին տրամադրել է Երևանի քաղաքապետարանը՝ 25 տարվա օգտագործման իրավունքով։ Այգին կծառայի որպես հանրային կանաչ տարածք։

ՀԱՀ նախագահ Բրյուս Պողոսյանը, ողջունելով ներկաներին, շնորհավորեց քաղաքում նոր կանաչապատ տարածքի բացման կապակցությամբ՝ նշելով, որ այս տարի նշվում է համալսարանի 35-ամյակը, և Եռանկյունաձև այգու բացման հանդիսավոր արարողությունը հոբելյանական տարվա առանցքային միջոցառումների շարքում է։

«Իրականում մենք տնկել ենք ավելի քան 120 նոր և բազմազան ծառ, սակայն մի քանի սեզոն կպահանջվի, որպեսզի դրանք ամբողջությամբ ձևավորվեն իրենց վերջնական տեսքով։ Մենք ակնկալում ենք, որ այդ ժամանակ այն կդառնա գեղեցիկ ստվերային անկյուն, որը բոլորը կկարողանան վայելել։
Չնայած շինարարությունը դեռ ամբողջությամբ ավարտված չէ, բայց մենք որոշեցինք օգտվել առիթից, անցկացնել նախնական բացում և հնարավորինս շուտ պուրակը հասանելի դարձնել համայնքին։

Մենք կպահպանենք կենտրոնական միջանցքը, որպեսզի մարդիկ կարողանան օգտվել դրանից, և առաջիկա շաբաթներին կշարունակենք իրականացնել մնացած փոքր ու վերջնական շտկումները։
Սա իսկապես շատ սպասված իրադարձություն էր, որն իրականություն դարձավ նվիրվածության, համառության և համագործակցության շնորհիվ, և մենք երախտապարտ ենք բոլոր նրանց, ովքեր նպաստեցին դրա իրագործմանը»,- ասաց նա։
Պողոսյանը շնորհակալություն հայտնեց նաև Երևանի քաղաքապետարանին և Արաբկիր վարչական շրջանին՝ նախագծի տարածքը համալսարանին 25 տարի ժամկետով օգտագործման իրավունքով տրամադրելու համար։

Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Սուրեն Վարոսյանը շնորհակալություն հայտնեց նախաձեռնության համար՝ նշելով, որ քաղաքային իշխանությունները մեծապես կարևորում են Երևանում նոր միջավայրերի և այգիների ստեղծումը, իսկ իրականացվող քաղաքականությունն ուղղված է ավելի կանաչ և ժամանակակից քաղաք ունենալուն։

«Տարիներ շարունակ մենք զրկված ենք եղել, հատկապես Արաբկիրում, որտեղ այդ խնդիրը շատ ակնառու է, ունենալու բավարար այգիներ և հանրային միջավայրեր, որոնք կծառայեն մեր բնակիչներին ու երեխաներին։ Յուրաքանչյուր նման նախաձեռնություն մենք շատ կարևորում ենք, կանգնում դրա կողքին և պատրաստ ենք շարունակել մեր աջակցությունը՝ մեր լիազորությունների շրջանակում կատարելով անհրաժեշտ աշխատանքը, որպեսզի մեր միջավայրը փոխվի։
Նման միջավայրերը նաև փոխում են մարդկանց տրամադրությունը, նպաստում երեխաների դաստիարակությանն ու արժեքային համակարգի ձևավորմանը։ Երբ այսօր շրջում էինք այգում, նկատեցի, թե որքան գրագետ է այն նախագծված հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց և մանկասայլակներով տեղաշարժվող քաղաքացիների համար։ Այգու օգտագործումը նրանց համար շատ դյուրին կլինի»,- նշեց Վարոսյանը։

Միջոցառմանը ներկա էին Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նարեկ Մկրտչյանը, ՀԱՀ նախագահ Բրյուս Պողոսյանը, փոխնախագահ Աշոտ Ղազարյանը, ՀԱՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Զավեն Ագյանը, ինչպես նաև խորհրդի և համայնքի անդամներ։