Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը
9 րոպեի ընթերցում

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները Հայաստանի Հանրապետությունում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քարոզարշավն ամփոփող մեծ հանրահավաք անցկացրեցին Հանրապետության հրապարակում։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանրահավաքը վարում էր Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։
Հանրահավաքի ընթացքում ելույթ ունեցավ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը՝ կարծիք հայտնելով, որ Երևանում և ամբողջ Հանրապետությունում ձևավորվել է հանգստության և ներքին խաղաղության մթնոլորտ։
«Այդ խաղաղությունն առաջին հերթին գալիս է այն խաղաղությունից, որը հաստատվել է մեր սահմաններին և մեր Հանրապետությունում։ Խաղաղությանը զուգահեռ մենք, այնուամենայնիվ, ունենք մի փոքրիկ տագնապ, որը խոսում է այն մասին, որ այս խաղաղությունը մեզ համար թանկ է, ինչպես երբևէ։ Այդ տագնապը մեզ ասում է, որ այն մարդիկ, ովքեր ծառայում են այլ երկրների հատուկ ծառայությունների հրահանգներին, եկել են և ուզում են մեր խաղաղությունը խլել մեզնից։ Սակայն այդ մարդիկ չեն կարող վերադառնալ, չի ստացվելու»,-ասաց Ավինյանը՝ վստահություն հայտնելով, որ ընտրությունների արդյունքում հայ ժողովուրդը կլուծի այդ անձանց խնդիրը։
Հանրահավաքին ելույթ ունեցավ նաև Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ նշելով, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները եղել են ՀՀ բոլոր մարզերում և ստացել են քաղաքացիների դրական վերաբերմունքը։
«Մեզ հիմա մնում է ընդամենը մի բան․ մենք պետք է տեր կանգնենք խաղաղությանը և այն ժառանգենք մեր երեխաներին»,-ասաց Ալեն Սիմոնյանը՝ դիմելով հանրահավաքին մասնակցող քաղաքացիներին։
ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական շտաբի պետ Արայիկ Հարությունյանը իր ելույթում մանրամասներ, որ քարոզարշավի 28 օրերի ընթացքում ՔՊ-ի թիմը հանդիպել է ավելի քան 1 միլիոն 800 հազար քաղաքացիների հետ։
«Մենք ձեզ հետ խոսել ենք մեր հաջողություններից և սխալներից, ասել ենք՝ սիրում ենք ձեզ, լսել ենք քննադատություն, համաձայնել կամ անհամաձայնություն ենք հայտնել և հղկել մեր քաղաքականությունը։ ՔՊ-ի հաջողության բանաձևը ներդաշնակությունն է հանրության հետ։ Մենք ազնիվ ենք մեր հաջողությունների և սխալների մեջ։ Քաղաքացին տեսնում և հասկանում է, որովհետև մեր մղումն անձնական շահը չէ, մեր մղումը՝ Հայաստանն է»,-մատնանշեց Հարությունյանը։
Նա շեշտեց, որ Հայաստանը ցանկանում է լինել մեծ աշխարհի լիիրավ և հասկանալի գործընկեր, որ Հայաստան եկող տարբեր երկրների քաղաքացիներ իրենց կզգան ինչպես տանը։
«Մենք ցանկանում ենք, որ ոչ միայն մեր այն քաղաքացիները, որոնք տասնամյակներ շարունակ գնացել են երկրից, վերադառնան իրենց պետություն և մնան այստեղ, այլև այլ երկրների քաղաքացիների համար մեր պետությունը լինի ցանկալի ուղղություն՝ այցելելու, ներդրումներ անելու, գործունեություն ծավալելու համար»,-ընդգծեց Արայիկ Հարությունյանը՝ հավելելով, որ քարոզարշավը և բոլոր հարցումները ցույց են տալիս, որ քաղաքացիների մեծամասնությունն իրենց ձայնը տալու է Խաղաղության օրակարգին, ինչպես դա արեց 2021 թվականի ընտրություններում։
Հանրահավաքին ելույթ ունեցավ նաև ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։ Նա իր խոսքում վստահություն արտահայտեց, որ Հայաստանի Հանրապետության տերը ՀՀ քաղաքացին է, որը տիրոջ իր իրավունքը երբեք ոչ մեկին չի զիջելու։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն էլ ներկայացրեց 2026 թվականին Հայաստանի գրանցած տնտեսական ցուցանիշները՝ 2018 թվականի համեմատ և ընդգծեց, որ այդ բոլոր ցուցանիշները խոսում են միայն աճի և զարգացման մասին։
Հանրահավաքի ընթացքում պաշտպանության բնագավառում իրականացված բարեփոխումների և ձեռքբերումների մասին խոսեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Նա ներկայացրեց ինչպես վերջին տարիներին պաշտպանության ոլորտում կատարված ներդրումները, այնպես էլ մատնանշեց ՀՀ-ի կողմից ձեռք բերված նորագույն սպառազինությունը։
Կուսակցության ամփոփիչ հանրահավաքում իր մտքերն արտահայտեց նաև Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն, ով խոսեց առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման մասին։
«2018-ից 8 տարի անց կրկին այստեղ ենք՝ տեր կանգնելու մեր խաղաղությանը, պաշտպանելու խաղաղության պայմաններում արժանապատիվ և երջանիկ ապրելու մեր իրավունքը, խաղաղության բերած զարգացման հնարավորությունները»,-իր ելույթում նշեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ մանրամասն ներկայացնելով Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացի իրադարձությունները։
Հանրապետության հրապարակում կայացած ամփոփիչ հանրահավաքում ելույթ ունեցավ նաև արձակուրդում գտնվող ՀՀ վարչապետ, ՔՊ վարչության նախագահ Նիկոլ Փաշինյանն՝ իր խոսքը սկսելով սաղմոս համար 20-ով։ Նա նշեց, որ քարոզարշավի ընթացքում քաղաքացիներն իրեն ուղերձներ են հղել, որոնցով ցանկանում է կիսվել հանրահավաքի մասնակիցների հետ․ «Ժողովուրդը պետության տերն է և ժողովուրդը պետք է ուղղորդի պետությանը։ Այդ ուղղորդումներից առաջինն այն է, որ պատերազմի եռագլուխ կուսակցությունը 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներով չպետք է մտնի խորհրդարան։ Այն լրտեսական ցանցերը, որոնք մտածում են, թե կարող են գնել հայ ժողովրդին, կարող են անվանարկել ժողովրդին, այդ ուժերը պետք է ծնկի բերվեն քվեարկության արդյունքներով։ Ժողովուրդը հստակ ձևակերպել է իր ուղերձը․ ընտրություններից անմիջապես հետո, կարճ ժամանակում Ռոբերտ Քոչարյանը պետք է կալանավորվի և կանգնի դատաստանի առաջ Մարտի 1-ի ոճրագործության համար»։
Նա ընդգծեց, որ ՀՀ դատական համակարգը օր առաջ պետք է վերադարձնի ժողովրդից թալանածը։
«Ես կարևորում եմ անկախ դատական համակարգի գոյությունը, բայց ակնհայտ է, որ ՀՀ-ում, ցավոք, դեռևս չի հաջողվել այնպես անել, որ արդարադատությունը տեսանելի, հասկանալի լինի ժողովրդին։ Ինչո՞ւ մինչև այժմ լուծված չէ այս խնդիրը․ ես հստակ ասում եմ՝ դրա համար առանցքային պատճառներից մեկը ՀՀ-ում ժողովրդի կողմից չընդունված սահմանադրությունն է, որը բոլոր հնարավոր ձևերով պաշտպանության տակ է առնում սովորական քաղաքացիական և դատական մաֆիաները»,-ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ այս 8 տարիների ընթացքում ինքը պայքար է մղել այդ մաֆիաների դեմ։
Նա նաև նշեց, որ այդ մաֆիաների խնդիրը չի ստացվելու լուծել առանց սահմանադրական կարգավորումների։ Նրա խոսքով՝ այս է նաև պատճառը, որ ինքը շատ է կարևորում ընտրություններից հետո նոր սահմանադրության ընդունումը։ Նա վստահեցրեց, որ հունիսի 7-ից հետո ՀՀ նախկին ղեկավարները պատիժներ կկրեն։
«Իրավապահ համակարգից ակնկալում եմ և պահանջում եմ՝ բոլոր ընտրակեղծարարները, բոլոր ընտրակաշառք բաժանողները շատ արագ՝ ժամերի ընթացքում, բոլորն՝ առանց բացառության, պետք է հայտնվեն բանտերում։ Այս պահից սկսած՝ ես պահանջում եմ, որ իրավապահ համակարգը գործի առավել արդյունավետ»,-ընդգծեց Նիկոլ Փաշինյանը՝ հանրահավաքի մասնակիցներին միաժամանակ կոչ անելով գնահատել մինչ այժմ իրավապահների կողմից իրականացված գործողությունները։ Նա բոլոր քաղաքացիներին հորդորեց տեր կանգնել Հայաստանի Հանրապետությանը, անկախությանն ու ազատությանը։
Նիկոլ Փաշինյանն ու «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մյուս ներկայացուցիչները հանրահավաքի մասնակիցներին հորդորեցին անպայման մասնակցել ընտրություններին և քվեարկել 16 համարի օգտին։
Հանրահավաքն ավարտվեց դրոնների շոուով և Նիկոլ Փաշինյանի ստեղծած «Վարչաբենդ» երաժշտական խմբի ելույթով։
Մայիսի 8-ին մեկնարկել է Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավը, որը կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընտրություններին մասնակցում է 16 համարի ներքո՝ «Տե՛ր կանգնիր խաղաղությանը» կարգախոսով։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ԿԸՀ է ներկայացրել 283 թեկնածուից կազմված ընտրական ցուցակ, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների 10 թեկնածուից բաղկացած ցուցակ։