Հայաստան

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

4 րոպեի ընթերցում

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը շուրջ 30 դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ):

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից՝ մանրամասնելով, որ նրանց ուղեկցել են Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը և ինստիտուտի տնօրեն Գևորգ Քառյանը:

Նշվում է, որ այցի ընթացքում դպրոցականները Ֆիզիկայի ինստիտուտի գիտաշխատողների ուղեկցությամբ շրջել են լաբորատորիաներում, ծանոթացել սարքավորումներին, դրանց նշանակությանը, զրուցել գիտնականների հետ, նրանց ուղղել իրենց հուզող հարցերը, դիտել և մասնակցել գիտական փորձերի՝ անմիջական շփմամբ ծանոթանալով գիտական աշխատանքի միջավայրին։

Նախարար Ժաննա Անդրեասյանը զրուցել է աշակերտների հետ, հետաքրքրվել նրանց մասնագիտական կողմնորոշմամբ ու հետաքրքրությունների շրջանակով: Ժաննա Անդրեասյանը կարևոր է համարել՝ գիտական ինստիտուտներ այցերն ինստիտուցիոնալ հիմքերի վրա դրվեն և դիտվեն որպես ուսումնական բաղադրիչ։

«Ակնհայտ է, որ այցելելով և անմիջականորեն ծանոթանալով գիտական միջավայրին, աշակերտները մեծ տպավորություններ են ստանում, ինչը կարող է նաև մասնագիտական կողմնորոշման, հետագա կյանքի կարևոր որոշումների կայացման խթան լինել: Պետք է ՀՀ բոլոր դպրոցականներին տրվի այս հնարավորությունը՝ որպես կրթական ծրագրի մաս»,-նշել է նախարարը։

Աշակերտներն, իրենց հերթին, փաստել են, որ այցը նոր տեսանկյունից է բացահայտում գիտության աշխարհը, և այն, ինչը թվում էր բարդ և անհասկանալի, այստեղ ներկայացվում է հետաքրքրական և մատչելի մոտեցմամբ: Դա, ըստ նրանց, մեծացնում է գիտությամբ նկատմամբ հետաքրքրությունը:

Հաղորդվում է, որ ԿԳՄՍՆ դրամաշնորհային ծրագրերով Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիան վերջին տարիներին շարունակաբար համալրվում է նոր սարքավորումներով։ Ինստիտուտի տնօրեն Գևորգ Քառյանի խոսքով՝ գիտական հետազոտություն անելու նպատակով տարբեր երկրներից Հայաստան են ժամանում երիտասարդ գիտնականներ, ինչպես նաև ինստիտուտի գիտաշխատողները հնարավորություն են ունենում մասնագիտական վերապատրաստումներ անցնելու միջազգային տարբեր հարթակներում:

Տեղեկացվել է, որ ինստիտուտում իրականացվում են լաբորատոր սրահի, գիտությունը աշակերտների համար հանրամատչելի ներկայացնելու միջավայրի և թանգարանաստեղծման աշխատանքներ:

Այցի մասնակիցները եղել են նաև Ռադիուզոտոպների արտադրության կենտրոնում, որն անմիջականորեն աշխատում է Ֆիզիկայի ինտիտոիտի հետ: Կենտրոնում պետական աջակցությամբ իրականցվում են վերանորոգման և սարքավորումներով հագեցման աշխատանքներ, կբերի որակի կտրուկ բարձրացման՝ հնարավորություն ստեղծելով միջազգային կենտրոնների հետ քայլել զուգահեռ:

ԿԳՄՍ նախարարի և դպրոցականների՝ գիտական ինստիտուտներ այցերը կլինեն շարունակական․ ծրագրին կարող են մասնակցել 7–12-րդ դասարաններում սովորող, գիտությամբ հետաքրքրվող դպրոցականները։

ԿԳՄՍ-ից հայտնում են, որ մասնակցելու ցանկություն ունեցող աշակերտները կարող են դիմել՝ գրելով նախարարի պաշտոնական էլփոստին` [email protected]։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում