Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը
4 րոպեի ընթերցում

Երևանում մեկնարկեց հայկական գինու լավագույն ավանդույթների զարգացմանն ու ներկայացմանը նվիրված «Երևանի գինու օրեր» հոբելյանական 10-րդ փառատոնը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ամենամյա միջոցառումը կազմակերպվում է արդեն 10-րդ տարին՝ դառնալով Երևանի այցեքարտերից մեկը։ Այն կտևի երեք օր՝ հունիսի 5-ին, 6-ին և 7-ին:
Երևանի Սարյան, Թումանյան և Մոսկովյան փողոցներն այս տարի ևս լցվել են գինու բազմաթիվ տեսակներով, համտեսներով, համերգային ու մշակութային հետաքրքիր միջոցառումներով։
Այս տարի փառատոնը մեկնարկեց հետաքրքիր ձևաչափով․ Երևանի Թումանյան փողոցից 100 գինեգործներ մեծ շքերթով մուտք գործեցին փառատոնի տարածք։
«ԷվենտՏուրա» ընկերության համահիմնադիր Նունե Մանուկյանի խոսքով՝ սա իրապես հպարտանալու առիթ է, որովհետև այս տարի փառատոնն ունի մեծ թվով գինեգործների մասնակցություն․ ներկայացվել է գինու ավելի քան 1000 տեսակ։
«Այս 10 տարիների ընթացքում փառատոնը դարձել է իրադարձային տուրիզմի առանցքային միջոցառումներից մեկը, որն իր շուրջն է համախմբում գինու սիրահարներին աշխարհի տարբեր երկրներից։ Այս տարի արտասահմանից բազմաթիվ հյուրեր ունենք՝ Վրաստանից, Իսրայելից, Մեծ Բրիտանիայից, սկանդինավյան երկրներից։ Դա շատ ուրախալի է։ Նույնիսկ Ավստրալիայից ունեինք պատվերներ, և զբոսաշրջիկներ որոնք այս օրերին գալու էին։ Դա նշանակում է, որ Հայաստանը դառնում է ավելի ճանաչելի՝ որպես գինու բնօրրան։
Այս տարի նաև առաջին անգամ հնարավորություն ենք տվել, որպեսզի տարբեր երկրների դեսպանատներ ներկայանան, ներկայացնեն իրենց գինիները և իրենց երկիրը»,- նշեց Նունե Մանուկյանը։
Նա ընդգծեց, որ նախորդ տարի փառատոնի շրջանակում երեք օրվա ընթացքում ունեցել են մոտ 180 հազար այցելու, վաճառել են մոտ 40 հազար շիշ գինի, իսկ երեք օրվա ընթացքում գրանցվել է շուրջ 3 միլիոն դոլարի շրջանառություն, ինչը նշանակում է, որ տնտեսությունը շղթայական օգուտ է ստացել։
Վայոց ձորում գտնվող Տրինիտի Կանյոն Այգիներ գինեգործարանի համահիմնադիր Հովակիմ Սաղաթելյանը նշեց, որ «Երևանի գինու օրեր» փառատոնին մասնակցում են առաջին տարվանից՝ տարբեր ձևաչափերով, սակայն առավել ակտիվ՝ վերջին երեք տարիներին։
Խոսելով փառատոնի կարևորության մասին՝ նա նշեց, որ այն միանշանակ նպաստել է ոլորտում նոր մշակույթի ձևավորմանը։
«Մեր կարծիքով՝ գինեգործական մշակույթի նոր փուլը սկսվեց «Ին Վինո» գինետնից, որը Երևանում առաջիններից էր, որ ձևավորեց գինու մշակույթ։ Այնուհետև միացան նաև ռեստորանները։ Պարզվեց, որ հայերը գենետիկորեն պատրաստ էին դրան, քանի որ հազարամյակներ շարունակ, առնվազն 6100 տարի, այս հողում գինի է պատրաստվել, խմվել և դարձել մեր կենցաղի, մշակույթի ու ծիսական կյանքի մի մասը։
Կարծում եմ՝ մարդկանց արձագանքն էլ հենց դրա արդյունքն էր․ նրանք հոգով արձագանքեցին գինու վերադարձին հայկական իրականություն»,- ասաց նա:
Հովակիմ Սաղաթելյանն ընդգծեց՝ այս օրերը շատ կարևոր են, որովհետև բազմաթիվ արտադրողներ հնարավորություն են ստանում ներկայացնել իրենց գինիները։ Մարդիկ համտեսում են, պայմանավորվում այցելել գինեգործարաններ, ինչը նպաստում է Հայաստանի գյուղերի ու արտադրությունների զարգացմանը։ Մարդիկ դուրս են գալիս քաղաքից, այցելում գործարաններ, լեռներ և բացահայտում, թե ինչ հրաշալի երկիր է Հայաստանը:
Փառատոնի հյուրերի խոսքով՝ այն արդեն դարձել է կայացած, սիրելի և սպասված միջոցառում, որը հնարավորություն է տալիս լավ ժամանակ անցկացնելու, վայելելու հայկական հետաքրքիր ու բազմազան գինիների տեսականին և լսելու լավ երաժշտություն։
Ռուսաստանցի մասնակիցներից շատերը նույնպես նշեցին, որ արդեն մի քանի տարի անընդմեջ հատուկ այս փառատոնին մասնակցելու նպատակով գալիս են Հայաստան։
