Լիտվան կաջակցի Հայաստանում սահմանների կառավարման, փաստաթղթերի անվտանգության և իրավապահ համակարգի բարեփոխումներին
5 րոպեի ընթերցում

Վիզաների ազատականացման թեման ՀՀ կառավարության առաջնահերթություններից է և Ներքին գործերի նախարարության համակարգմամբ որևէ ջանք չի խնայվում այս ուղղությամբ նախատեսված բոլոր միջոցառումները պատշաճ ժամկետում և որակով կյանքի կոչելու համար։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց ՀՀ ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը «Աջակցություն Հայաստանում վիզաների ազատականացման շուրջ երկխոսությանը՝ սահմանների կառավարման, փաստաթղթերի անվտանգության և իրավապահ համակարգի բարեփոխումների ոլորտներում» ծրագրի մեկնարկային միջոցառմանը։

«Ես ուրախ եմ փաստելու, որ մենք այսօր տալիս ենք մեկնարկը մի ծրագրի, որն առաջինն է Հայաստանի Հանրապետությունում, որի հիմնական ֆոկուսը հենց վիզաների ազատականացման թեման է»,- ասաց նախարարը՝ շնորհակալություն հայտնելով ԵՄ գործընկերներին կարևոր ծրագրի ֆինանսական ներդրումն ապահովելու, ինչպես նաև այն կյանքի կոչելու համար։
Սարգսյանը շնորհակալություն հայտնեց նաև Լիտվայի Հանրապետության գործընկերներին, որոնց հետ, նրա գնահատմամբ, բավական սերտ գործընկերություն է ձևավորվել և համատեղ շարունակվելու է ծրագրի իմպլեմենտացումը գործնականորեն։

«Կարևորում եմ նախարարության դիրքերից, հատկապես՝ համագործակցությունը ԵՄ անդամ պետությունների հետ։ Կարևոր է, որ մենք շարունակենք ոչ միայն ԵՄ-ի հետ երկխոսությունը, այլև սերտ, կառուցողական գործընկերություն ծավալենք անդամ պետությունների հետ ևս, որովհետև վերջնարդյունքում նրանք են նաև որոշում կայացնում վիզաների ազատականացման վերաբերյալ։ Ուրախ եմ, որ Լիտվայի Հանրապետությունն արդեն 2-րդ շրջափուլն է՝ շարունակում է համագործակցել Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության հետ, և ուրախ եմ ավելի, որ այսօր արդեն ծրագրային հիմնական կենտրոնացումը վիզաների ազատականացման թեման է»,-ընդգծեց նախարարը՝ համոզմունք հայտնելով, որ ծրագրի մեկնարկը ևս մեկ առիթ է արձանագրելու, որ ԵՄ-ն և ՀՀ-ն հանձնառու են սերտացնելու իրենց հարաբերությունները։
Սարգսյանը նշեց, որ ծրագիրն ունի ընդհանուր առմամբ 2․5 միլիոն եվրո բյուջետային ֆոնդ, որը հերթական ներդրումն է ԵՄ-ի կողմից Հայաստանի ոլորտային բարեփոխումների իրականացման շրջանակում։
Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսն իր խոսքում նախ գոհունակություն հայտնեց Արփինե Սարգսյանի գլխավորությամբ ՆԳ նախարարության անձնակազմի իրականացրած աշխատանքի համար։

Նրա խոսքով՝ Լիտվան և Լատվիան Հայաստանին աջակցություն կցուցաբերեն կոնկրետ բարեփոխումների իրականացման գործում։
«Այս ծրագրի նպատակը, իմ կարծիքով, հետևյալն է՝ կարևոր է, որ ԵՄ-ն ոչ միայն Հայաստանի հետ քննարկում է, թե ինչ պետք է արվի, այլ նաև օգնում է, միջոցներ է տրամադրում, փոխանակում իրականացնում, որպեսզի այս գործողությունների ծրագիրն իրականացվի ավելի սահուն եղանակով»,-ասաց Մարագոսը՝ կարևորելով գործողությունների ծրագրով իրականացվող միջոցառումների որակն ու համապատասխան հենանիշների բավարարումը։
ԵՄ դեսպանը շեշտեց, որ վիզաների ազատականացման Հայաստանն արդեն շատ աշխատանքներ է իրականացրել սահմանների համալիր կառավարման, կենսաչափագրական համակարգի ներդրման ուղղություններով, սակայն լրացուցիչ փորձի փոխանակումը շատ կարևոր է Եվրամիության, մասնավորապես՝ Լիտվայի կողմից, որն արդեն հաջողությամբ իրականացրել է գործընթացը։
Լիտվայի Հանրապետության ներքին գործերի փոխնախարար Գինտարաս Ալիկսանդրավիչյուսը մեծ պատիվ համարեց ներկա գտնվելու մի ծրագրի մեկնարկին, որն աջակցելու է Հայաստանին ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման բարեփոխումների գործընթացում։

«Մենք հանձնառու ենք կիսելու մեր փորձը, տրամադրելու պրակտիկ աջակցություն, որպեսզի այս ծրագիրը կարևոր, տևական արդյունքներ ապահովի»,-հավաստիացրեց նա՝ համոզմունք հայտնելով, որ ծրագրի մեկնարկը կարևոր հիմք է, երկարատև գործընթացի, որի շուրջ կոորդինացումը, վճռականությունը թույլ են տալու հասնել սահմանված ընդհանուր նպատակներին։