ՀՀ նախագահ

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

3 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին և կուսակցության նորընտիր վարչության անդամներին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Ողջունելով հյուրերին՝ նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է համագումարի անցկացումը և նորընտիր ղեկավար կազմին մաղթել արդյունավետ գործունեություն՝ ի նպաստ ազգային ու համահայկական նշանակության նպատակների իրականացման։ 

Նշվում է, որ Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել Ռամկավար-ազատական կուսակցությանը՝ տասնամյակներ շարունակ որդեգրած պետականակենտրոն դիրքորոշումների, ազգային շահերի պաշտպանության գործում ունեցած ավանդի, ինչպես նաև անկախ Հայաստանի պետական ինստիտուտների կայացման և զարգացման հարցերում ցուցաբերած հետևողական աջակցության համար։ Նախագահն առանձնակի կարևորել է կուսակցության գործունեությունը Սփյուռքում՝ հայապահպանության, ազգային ինքնության պահպանման, հայկական մշակույթի զարգացման և համահայկական ներուժի համախմբման ուղղություններով։ 

Հանդիպման ընթացքում նախագահ Խաչատուրյանը հյուրերին ներկայացրել է Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական առաջնահերթությունները, տարածաշրջանային զարգացումները, երկրի առջև ծառացած մարտահրավերներն ու դրանց հաղթահարման ուղղությամբ իրականացվող քայլերը։ Անդրադարձ է կատարվել պետական կառավարման համակարգի արդիականացման, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման, տնտեսական զարգացման և հանրային կյանքի տարբեր ոլորտներում իրականացվող բարեփոխումների ընթացքին։ 

Նշվում է, որ քննարկվել են նաև Հայաստանի շուրջ ձևավորվող անվտանգային և քաղաքական միջավայրը, խաղաղության օրակարգի առաջմղման ուղղությամբ իրականացվող ջանքերը, ինչպես նաև տարածաշրջանում կայունության և երկարատև խաղաղության հաստատման հեռանկարները։ 

Անդրադառնալով Ազգային ժողովի առաջիկա ընտրություններին՝ Հանրապետության նախագահը ներկայացրել է երկրում տիրող ընդհանուր նախընտրական մթնոլորտը և առկա իրողությունները։ Այս համատեքստում ընդգծվել է ազատ, արդար, թափանցիկ և մրցակցային ընտրությունների անցկացման կարևորությունը՝ որպես ժողովրդավարական պետության կայացման և զարգացման հիմնարար նախապայման։ Նախագահը կարևորել է քաղաքացիների ազատ կամարտահայտման իրավունքի լիարժեք իրացումը, ընտրական գործընթացների նկատմամբ հանրային վստահության ամրապնդումը և քաղաքական մշակույթի շարունակական զարգացումը։ 

Հաղորդվում է, որ հանդիպմանը վերահաստատվել են ժողովրդավարական արժեքների, պետականության ամրապնդման և համազգային համագործակցության կարևորությունը՝ ընդգծելով Հայաստանի Հանրապետության զարգացման ու առաջընթացի գործում համատեղ ջանքերի նշանակությունը։

 

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում