Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ
2 րոպեի ընթերցում

Հայաստանի հանրակրթական դպրոցների ավագ դասարանների աշակերտների համար այս տարվա սեպտեմբերից կամընտրական հիմունքով կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ԿԳՄՍ նախարարությունը:
Ծրագիրը մեկնարկում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Ներքին գործերի նախարարության համագործակցությամբ։
Նախաձեռնության նպատակն է բարձրացնել սովորողների իրազեկվածությունը ճանապարհային երթևեկության անվտանգության վերաբերյալ և նպաստել անվտանգ ճանապարհային երթևեկության մշակույթի ձևավորմանը։
Ծրագրի շրջանակում աշակերտները կսովորեն ճանապարհային երթևեկության կանոնները, ճանապարհային նշաններն ու գծանշումները, լուսացույցի և կարգավորողի ազդանշանները, հետիոտնի և ուղևորի վարքականոնները, ճանապարհային երթևեկության մասնակիցների իրավունքներն ու պարտականությունները, ինչպես նաև կստանան վարորդական գործնական հմտություններ։
ՆԳՆ-ի տվյալներով՝ 12-րդ դասարանում խմբակին մասնակցելը կարող է ծառայել նաև որպես վարորդական իրավունքի քննության նախապատրաստական դասընթաց, ինչի շնորհիվ սովորողները հնարավորություն կունենան հանձնել համապատասխան քննությունը և ստանալ վարորդական վկայական։
Գերատեսչությունում ընդգծում են, որ կյանքի համար անհրաժեշտ հմտությունների, գործնական կարողությունների և պատասխանատու վարքագծի ձևավորումը կրթական համակարգի կարևոր խնդիրներից է, իսկ ճանապարհային երթևեկության անվտանգության վերաբերյալ գիտելիքները կարող են նպաստել անվտանգ և պատասխանատու հանրային մշակույթի ձևավորմանը։