Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Անպատիժ ցեղասպանություն. աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է Սումգայիթում հայերի ջարդերի 30-ամյա տարելիցը

Անպատիժ ցեղասպանություն. աշխարհասփյուռ հայությունը հիշատակում է 
Սումգայիթում հայերի ջարդերի 30-ամյա տարելիցը

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհասփյուռ հայությունն այս օրերին նշում է Սումգայիթում հայերի զանգվածային կոտորածների 30-ամյա տարելիցը և ոգեկոչում ջարդերին զոհ գնացած հայորդիների հիշատակը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, 1988թ. փետրվարի 27-29-ը Խորհրդային Ադրբեջանի իշխանությունների կողմից տեղի ունեցավ Սումգայիթ քաղաքի հայ բնակչության զանգվածային ջարդ և տեղահանություն, որն ուղեկցվում էր հայ բնակչության ունեցվածքի թալանով:

Հայ ազգի դեմ իրականացրած այս հանցագործության նպատակն էր կանխել արցախյան շարժումը, հայերին ահաբեկելով նոր արյունահեղ գործողությունների հեռանկարով՝ կանխել արցախյան ազատագրական պայքարի տարածումը։ ԽՍՀՄ պաշտոնական տվյալներով Սումգայիթի կոտորածներին զոհ է գնացել մի քանի տասնյակ, իսկ ոչ պաշտոնական տվյալներով՝ հազարից ավելի մարդ, որոնց մեծ մասը խոշտանգումներից ու կտտանքներից հետո ողջակիզվել են:  Այս օրերին սկիզբ առած դեպքերից հետո Ադրբեջանի տարբեր քաղաքները լքել է մոտ 500 հազար հայ: Նրանցից մոտ 400 հազարը հաստատվել են Հայաստանում:

Փետրվարի 29-ին խորհրդային զորքեր են մտցվել Սումգայիթ, սակայն այդ օրը ևս շարունակվել են բռնարարքներն ու սպանությունները։ Բանակը զենք կիրառելու հրաման չի ստացել և չի օգնել հայերին։ Միայն երեկոյան դիմել է վճռական գործողությունների և կանխել հետագա ջարդերը։

Ջարդարարներից պատասխանատվության է ենթարկվել միայն 94 մարդ, և նրանցից միայն մեկի նկատմամբ է մահապատժի դատավճիռ կայացվել։ Մնացածներին ներկայացվել են սպանությունների, բռնաբարությունների, ջարդերի և այլ մեղադրանքներ, ընդ որում, առանց բացառության, բոլոր դեպքերում հանցագործության հիմնավորումն անվանվել է «խուլիգանական դրդապատճառներ»: Հատուկ դիտավորությամբ խորհրդային իշխանությունները բոլոր հանցագործությունները մեկ ընդհանուր գործի մեջ ներառելու փոխարեն, դրանք մասնատել են մի քանի մասերի՝ դատավարությունները կատարելով խորհրդային տարբեր քաղաքների դատարաններում։ Դատավարությունների ընթացքում տեղի են ունեցել դատական ընթացակարգի և տուժածների իրավունքների կոպիտ խախտումներ։ ԽՍՀՄ փլուզումից հետո ոճրագործների շատ գործեր կարճվել են, և նրանց մեծ մասն ազատ արձակվել։ Ոճրագործությունը պաշտոնապես չի դատապարտվել և զոհերի հարազատներին ցավակցություն չի հայտնվել։ Դրան համարժեք քաղաքական գնահատական չտալը հանգեցրել է հայերի զանգվածային ջարդերի բռնկմանը Բաքվում, Կիրովաբադում, Ադրբեջանի այլ բնակավայրերում:

Թեև միջազգային հանրությունը դեռևս համարժեք գնահատական չի տվել Սումգայիթում հայերի կոտորածներին և դրանք որպես ցեղասպանություն չի որակել, 1988թ. այդ ջարդերը դատապարտել է Եվրախորհրդարանը, 1989թ.՝  ԱՄՆ Սենատը և Արգենտինայի խորհրդարանը:

Հայաստանի Ազգային ժողովը փետրվարի 28-ին կքննարկի սումգայիթյան ոճրագործության 30-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարության նախագիծը, որին արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել: Հայտարարության նախագիծը հեղինակել են խորհրդարանական բոլոր 4 խմբակցությունները՝ ՀՀԿ, ՀՅԴ, «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունները:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում


Այս թեմայով





youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]