Լիբանանը շնորհակալություն է հայտնել Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար
1 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը Լիբանան կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Լիբանանի նախագահի աշխատակազմի գլխավոր տնօրեն Անտուան Շուքեյրի հետ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։
Հանդիպման ընթացքում Անտուան Շուքեյրը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը Լիբանանին ցուցաբերվող շարունակական աջակցության, այդ թվում՝ մարդասիրական օգնության տրամադրման համար։
Բարձր գնահատելով երկու երկրների բարեկամական հարաբերությունները՝ Վահան Կոստանյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ շարունակելու աջակցել բարեկամ Լիբանանին՝ նպաստելով երկրում առկա մարդասիրական իրավիճակի մեղմացմանը։
Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանի և Լիբանանի նախագահների աշխատակազմերի միջև համագործակցության զարգացմանն՝ ընդգծելով այդ համագործակցության ինստիտուցիոնալ ամրապնդման և անհրաժեշտ իրավապայմանագրային հիմքերի ձևավորման կարևորությունը: