Ղարաբաղյան հիմնահարց

Արցախյան 44-օրյա պատերազմը փաստավավերագրական և գիտապատմական հետազոտությունների առանցքում. կայացավ թեմատիկ գրքի շնորհանդեսը

9 րոպեի ընթերցում

Արցախյան 44-օրյա պատերազմը փաստավավերագրական և գիտապատմական հետազոտությունների առանցքում. կայացավ թեմատիկ գրքի շնորհանդեսը

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի նիստերի դահլիճում տեղի ունեցավ «Հարավկովկասյան ուժային հարաբերակցության փոխակերպումը և Արցախյան 2020թ. պատերազմը» գրքի շնորհանդեսը։ Այն նվիրված է 2020 թվականի Արցախյան պատերազմի ժամանակ նահատակված հերոսների հիշատակին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գրքի խմբագիր, Արևելագիտության ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Գոհար Իսկանդարյանը լրագրողների հետ զրույցի ընթացքում նշեց, որ այս աշխատանքն իրականացվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի ֆինանսական աջակցությամբ, հետազոտությունները տևել են երեք տարի՝ 2021-24թթ.։ Գիրքն ուղղված է լայն հասարակայնությանը, նրանց, ովքեր ի վերջո ցանկանում են հասկանալ, թե ինչ տեղի ունեցավ մեր երկրի հետ այս մի քանի տարիների ընթացքում։

Գրքի հեղինակների կազմում են հետազոտողներ Լիաննա Պետրոսյանը, Քրիստինե Մելքոնյանը, Արտյոմ Տոնոյանը, Սերգեյ Մինասյանը և Բենիամին Պողոսյանը:

«Հիմնական նպատակը հենց այսպիսի աշխատություն ներկայացնել էր, որում բազմակողմանի ցույց են տրվում այն իրադարձությունները, որոնք տեղի ունեցան Հայաստանի շուրջ, և որոնց փաստացի ականատես եղանք բոլորս։ Հեղինակներին հատկացվել են հավասարաչափ հատվածներ, թեև կան այնպիսի բաժիններ, որոնք մի փոքր ավելի մեծ են։ Մենք ուշադրություն ենք դարձրել ոչ թե էջերի քանակին, այլ տարածաշրջանում երկրների ներգրավվածության և նրանց կողմից իրականացված գործընթացների հանգամանքին։ Փորձառու հեղինակները ոչ միայն գրել են հոդվածներ, այլև կատարել են համապատասխան հետազոտություններ և մշտադիտարկումներ, կատարել արժեքավոր նյութերի ձեռքբերման աշխատանքներ։ Հեղինակներից յուրաքանչյուրը՝ որպես ոլորտի գիտնական, տարածաշրջանում տեղի ունեցած իրադարձությունները ներկայացրել է մասնագիտական տեսանկյունից»,- ասաց Իսկանդարյանը։   

Գիրքը զետեղվելու է Արևելագիտության ինստիտուտի կայքում և յուրաքանչյուր ոք կարող է անվճար ներբեռնել և կարդալ։ Հնարավորության դեպքում աշխատությունը թարգմանվելու է նաև օտար լեզուներով։

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանն իր հերթին նշեց, որ սպասվում են լուրջ տարածաշրջանային նոր զարգացումներ, որոնք պայմանավորված չեն միայն տարածաշրջանային ուժերի առկայությամբ, այլև կան արտաքին ուժերի, որոնք մեծապես շահագրգռված են այստեղ տարածաշրջանային փոփոխություններով, ուստի այսօր արցախյան խնդիրն ավելի շատ քաղաքագետների ուսումնասիրության դաշտում է։  

«Նրանք պետք է կանխատեսումներ անեն, որոնց արդյունքում կկարողանանք զուգահեռաբար իրականացնել նաև պատմագիտական հետազոտություններ։ Արցախյան խնդիրը պետք է քննարկվի նաև այն տեսանկյունից, որ Ադրբեջանն էյֆորիայի մեջ շարունակում է իրեն պահել շատ ավելի ցինիկ ու լկտի՝ հայտարարելով որ արցախյան խնդիրը լուծված է։ Փորձելով, այսպես կոչված, նախկին բնակիչներին վերադարձնել Հայաստան, ընդ որում՝ հարյուր հազարներով ավելի, քան իրականում նրանք եղել են այստեղ, ձգտում է գործընթացը շարունակել՝ զուգահեռաբար մեջտեղ բերելով այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» թեման։ Ադրբեջանը դրանով իսկ չի դադարեցնում հայ-ադրբեջանական հարաբերություններում լարվածության ընթացքը»,- ասաց Մելքոնյանը։

Նրա պնդմամբ՝ արցախյան հիմնախնդիրը պետք է շարունակաբար լինի հետազոտությունների առարկա և նման արժեքավոր աշխատություններ պետք է շատ գրվեն։

«Երբ հաղթում ես, բոլորը փորձում են հաղթանակի դափնիները քաշել իրենց վրա, բայց երբ լինում է պարտություն, նույնիսկ հերոսապատում էջերը, որոնք գրվեցին նաև 44-օրյա պատերազմից մինչև 2023 թվականի դեպքերը, մնացին ստվերում և հերոսապատումը մոռացության տրվեց։ Եթե ուզում ենք, որ խնդիրը վերջնականապես չփակվի, ապա պետք է անդրադառնանք բոլոր ինքնապաշտպանական կռիվներին, այդ թվում՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դեպքերին, որոնց մասնակցած հերոսները մնացին ստվերում։ Մենք, պատմաբաններս, պետք է զբաղվենք այդ հարցով»,- ընդգծեց Մելքոնյանը։

Գիրքը բաղկացած է մի քանի բաժիններից։ Գոհար Իսկանդարյանն անդրադարձել է Հայաստանի և Իրանի մոտեցումներին, որոնք առնչվում են տարածաշրջանային նոր մարտահրավերներին։ Նա ներկայացրել է ՀՀ անկախությունից հետո ձևավորված հայ-իրանական հարաբերությունները, Իրանի մոտեցումներն արցախյան խնդրին և հարևան երկրի դիրքորոշումը արցախյան վերջին պատերազմի վերաբերյալ։ Հեղինակն իրականացրել է դաշտային աշխատանք, հարցազրույցներ անցկացրել ՀՀ նախկին նախագահներ Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների հետ։ Օգտագործվել են ԱԳՆ-ի պատմադիվանագիտական արխիվը, ԻԻՀ նախագահ Ալի Աքբար Ռաֆսանջանիի հուշերը, որտեղ մեծ հատված կա արցախյան խնդրի վերաբերյալ, ինչպես նաև Իրանի նախկին արտգործնախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆի հուշերը, որտեղ հետաքրքիր փաստեր կան արցախյան վերջին պատերազմի և Իրանի միջնորդական առաքելության փորձերի մասին։

Լիաննա Պետրոսյանն անդրադարձել է 1991-2023 թվականների հայ-իրանական տնտեսական հարաբերություններին։ Նա օգտագործել է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության (ներկայում` ՀՀ վիճակագրական կոմիտե) տվյալները, մշտադիտարկել է իրանական մամուլը։

Քրիստինե Մելքոնյանի ուսումնասիրության առարկան է դարձել Թուրքիայի արտաքին քաղաքականությունը Հարավային Կովկասում (1991-2023թթ․)։ Նա աշխատանքն իրականացնելիս ևս կատարել է դաշտային աշխատանք, կազմակերպել հանդիպումներ, քննարկումներ, անցկացրել հարցազրույցներ ոլորտի հայաստանյան և արտասահմանյան վերլուծաբանների հետ, իրականացրել է թուրքական մամուլի մշտադիտարկումներ։ Մելքոնյանը ներկայացրել է վերջին երեսուն տարիների ընթացքում հարավկովկասյան հանրապետությունների հետ Թուրքիայի ձևավորած հարաբերությունները և 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում իր դիրքերի ամրապնդման նոր փուլի թևակոխումը։

Ալեն Ղևոնդյանը դիտարկել է Հայաստանի և Ռուսաստանի, Հայաստանի և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության փոխհարաբերությունները, ինչպես նաև Հարավային Կովկասում ուժային հավասարակշռության փոխակերպման ներկա փուլը։ Նա ոչ միայն իրականացրել է դաշտային աշխատանք, այլև ուսումնասիրել է թեմային վերաբերող ողջ փաստաթղթային և պայմանագրային դաշտը։ Ղևոնդյանը մատնանշել է այն բոլոր խնդիրները, որոնք առկա են թե՛ ՀՀ-ՌԴ հարաբերություններում, թե՛ ՀՀ-ՀԱՊԿ համագործակցության շրջանակում։

Արտյոմ Տոնոյանն ուսումնասիրել է Ադրբեջանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները և առանձնահատկությունները (1991-2023թթ․)։ Հեղինակն ուշադրությունը սևեռել է այն հանգամանքի վրա, թե ինչպես արցախյան առաջին պատերազմում պարտված Ադրբեջանը կարողացավ վերականգնվել և ինչպիսի աշխատանքի շնորհիվ է, որ ի վիճակի եղավ արցախյան հարցը լուծել իր նախընտրած օրակարգով, ասել է թե՝ ռազմական ճանապարհով։ Տոնոյանը վերլուծել է նաև Ադրբեջանի նախագահի ելույթները։

Սերգեյ Մինասյանը հետազոտել է Վրաստանի արտաքին քաղաքականության տարածաշրջանային մոտեցումները։ Նա ուշադրության կենտրոնում է պահել այն խնդիրը, թե Վրաստանն ինչպիսի քաղաքական փոփոխությունների է ենթարկվել անկախությունից ի վեր և ինչպես դիրքավորվեց արցախյան պատերազմի ժամանակ։ Նա վերլուծել է նաև հայ-վրացական ներկա հարաբերությունները։

Բենիամին Պողոսյանն էլ անդրադարձել է ԱՄՆ-ի և Եվրամիության քաղաքականությանը Հարավային Կովկասում (1991-2023թթ․)։ Հետազոտողը ցույց է տվել հավաքական Արևմուտքի շահերը և նրանց որդեգրած քաղաքականությունը մեր տարածաշրջանի հանդեպ, մասնավորապես, արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ։

Գրքի վերջում զետեղված է նաև միջազգային գիտաժողովի վերաբերյալ տեղեկություն, ինչը նույնպես իրականացվել է վերոհիշյալ ծրագրի շրջանակում։ 

Մանվել Մարգարյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում