Ռուսաստանն ու Ուկրաինան միմյանց մեղադրել են խաղաղ բնակավայրերին հարվածելու մեջ, կան զոհեր և վիրավորներ
1 րոպեի ընթերցում

Ռուսաստանն ու Ուկրաինան հայտնել են հրթիռային և ԱԹՍ-ների հարվածների հետևանքով խաղաղ բնակիչների շրջանում զոհերի և վիրավորների մասին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, ապրիլի 12-ին ուկրաինական զինված ուժերը կրակ են արձակել Լուգանսկի Ստախանով բնակավայրի ուղղությամբ, որի հետևանքով մեկ մարդ է զոհվել: Երեկոյան ևս 2 խաղաղ բնակչի զոհվելու մասին են հայտնել Դոնեցկի իշխանությունները:
Ապրիլի 13-ի ընթացքում ԱԹՍ-ների հարձակման վտանգով պայմանավորված՝ օդային տագնապ է ազդարարվել Ռուսաստանի Ռոստովի և Բելգորոդի մարզերում: Վերջինիս տեղական իշխանությունը հայտնել է մեկ մարդու վիրավորվելու մասին:
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին «Ֆեյսբուք»-ի իր էջում կադրեր է հրապարակել և գրառում կատարել Սումի քաղաքի հրթիռակոծման վերաբերյալ:
Ըստ նրա՝ ռուսական բալիստիկ հրթիռի հարվածից, նախնական տվյալներով, տասնյակ մարդիկ են զոհվել ու վիրավորվել: Մեկ այլ գրառման մեջ նա նշել է, որ Սումիում զոհվել է 31 մարդ։