Հայաստանի համար այսօր բաց են աշխարհի բոլոր զենքի շուկաները. Փաշինյան
3 րոպեի ընթերցում

Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության ապահովման կարևորագույն բաղադրիչներից մեկը միջազգային լեգիտիմությունն է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Համապարփակ անվտանգություն և դիմակայունություն» միջազգային համաժողովի բացման խոսքում հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական դիրքորոշումները և անվտանգային ոլորտի դիրքորոշումները պետք է հիմնված լինեն միջազգայնորեն ճանաչված լեգիտիմ շրջանակի վրա: Սա է պատճառը, որ մենք խոսում ենք 29 հազար 743 քառակուսի կիլոմետր Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի մասին: Երկար ժամանակ մենք միջազգային հանրության տարբեր դերակատարների կողմից չենք լսում գնահատականները Հայաստանի Հանրապետության բանակի զարգացման կամ սպառազինությունների ձեռքբերման վերաբերյալ, դրա պատճառը լեգիտիմությունն է, որովհետև մենք այսօր գործում ենք քաղաքական և իրավական դիրքորոշումների վրա, որի առանցքը հետևյալն է՝ Հայաստանի բանակը զարգանում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը պաշտպանելու համար: Այս տրամաբանությունից 1 միլիմետր դուրս գալը նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունը մեծ բարդություններ է ունենալու Զինված ուժերը զարգացնելու գործում և խոցելի է դառնալու այլոց հնարավոր գործողությունների համար»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը հավելեց՝ 2022 թվականի օգոստոսի դրությամբ՝ Հայաստանին զենք վաճառող պետություններ չկային:
«Նույնիսկ իրավիճակներ կային, որ 100 միլիոնավոր դոլարներ փոխանցած գումարներ ունեինք, մեզ մեր գնած զենքը չէին տալիս: Երբ փորձում էինք ընտրել ուրիշ տեղ, զենքի բոլոր շուկաները փակ էին մեզ համար երկու պատճառով․ առաջին՝ ասում էին, որ դուք ՀԱՊԿ անդամ եք և զենք վաճառելիս մենք նաև ալգորիթմեր ենք վաճառում և տեսնում ենք, որ դուք այդ ալգորիթմերը կարող եք այլ տեղ շրջանառել։ Երկրորդ, մեզ ասում էին՝ մենք ոչ միայն չունենք համոզվածություն, որ մեր տրամադրած զենքը չեք օգտագործելու Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս, այլև ընդհակառակը, ունենք համոզվածություն, որ օգտագործելու եք Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքից դուրս»,- նշեց վարչապետը:
Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ իրավիճակը հանգուցալուծվել է 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում, երբ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը ճանաչել են Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա:
«Այդ համաձայնությունից հետո այսօր աշխարհի բոլոր զենքի շուկաները բաց են Հայաստանի Հանրապետության համար: Դրա արդյունքը տեսանք 2026 թվականի մայիսի 28-ին: Մեր հարևաններից ոչ մեկն այդ զորահանդեսի տեսարաններից միջազգային խնդիր չսարքեց»,- ընդգծեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: