Եվրոպա

Մերձբալթյան երկրներն առաջարկել են արգելել ռուսական հացահատիկի տարանցումը Եվրամիության տարածքով

3 րոպեի ընթերցում

Մերձբալթյան երկրներն առաջարկել են արգելել ռուսական հացահատիկի տարանցումը Եվրամիության տարածքով

Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալը, Լատվիայի վարչապետ Անդրիս Կուլբերգսը և Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան համատեղ նամակ են ուղարկել Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտային և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին՝ կոչ անելով արգելել ռուսական հացահատիկի տարանցումը Եվրամիության տարածքով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Baltic Times պարբերականը։

«Ռուսաստանը ռմբակոծում է ուկրաինական նավահանգիստները և խոչընդոտում ուկրաինական հացահատիկի մուտքը համաշխարհային շուկա, մինչդեռ միևնույն ժամանակ ցանկանում է շահույթ ստանալ՝ սեփական հացահատիկը Եվրամիության տարածքով տեղափոխելով։ Մեր ենթակառուցվածքները չպետք է օգնեն Ռուսաստանին ֆինանսավորել իր պատերազմը։ Մենք պետք է ուժեղացնենք ճնշումը ագրեսորի նկատմամբ և աջակցենք Ուկրաինային իր արտադրանքը համաշխարհային շուկա հասցնելու հարցում», - հայտարարել է վարչապետ Քրիստեն Միխալը։

Էստոնիայի վարչապետը պլանավորում է այս հարցը բարձրացնել Եվրոպական խորհրդի՝ հաջորդ շաբաթ կայանալիք նիստում։

Նամակում երեք ղեկավարները նշում են, որ հարվածելով ուկրաինական բեռնանավերին, երկաթուղիներին և այլ առևտրային կենսական ուղիներին՝ Ռուսաստանը փորձում է թուլացնել Ուկրաինայի տնտեսությունը և միաժամանակ փնտրում է իր հացահատիկի արտահանման նոր երթուղիներ, այդ թվում՝ Բալթիկ ծովով։ Մերձբալթյան երկրների ղեկավարների կարծիքով՝ Եվրամիությունը չպետք է Ռուսաստանին հնարավորություն տա իր ենթակառուցվածքների միջոցով փոխհատուցել ռազմական գործունեության տնտեսական հետևանքները։

Նրանք նաև նշել են, որ պետք է կանխվի պատերազմի ընթացքում ՌԴ-ի վերահսկողության տակ անցած ուկրաինական տարածքներից հացահատիկի արտահանումը ԵՄ-ի տարածքով։

Ուկրաինայի առևտրին աջակցելու նպատակով առաջնորդները կոչ են անում ամրապնդել Եվրամիության և Ուկրաինայի միջև համերաշխության միջանցքները, ինչպես նաև տրանսպորտային կապերը, որոնք կօգնեն ուկրաինական ապրանքները դուրս բերել համաշխարհային շուկաներ։

Հոկտեմբերի 1-ին Էստոնիայի կառավարությունը միջազգային պատժամիջոցների մասին օրենքի հիման վրա արգելել է Ռուսաստանից և Բելառուսից հացահատիկի տարանցումը։ Սեպտեմբերի 10-ին Էստոնիայի արտգործնախարարությունը հայտարարել էր, որ հանրապետությունը կշարունակի համագործակցությունը Լատվիայի և Լիտվայի հետ՝ տարածաշրջանային կամ համաեվրոպական լուծում գտնելու ռուսական հացահատիկի տարանցումը դադարեցնելու համար։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում