Քաղաքականություն

Հայաստանի ու Իսպանիայի ԱԳ նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել Երևանում

2 րոպեի ընթերցում

Հայաստանի ու Իսպանիայի ԱԳ նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել Երևանում

Երևանում տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության և Իսպանիայի Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցություններ։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

Խորհրդակցությունները հայկական կողմից գլխավորել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը, իսկ իսպանական կողմից՝ Իսպանիայի արտաքին գործերի, Եվրոպական միության և համագործակցության նախարարության արտաքին և գլոբալ հարցերով պետքարտուղար Դիեգո Մարտինես Բելիոն: Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Իսպանիայի միջև ձևավորված քաղաքական երկխոսության բարձր մակարդակը՝ ընդգծելով երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման և տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման փոխադարձ պատրաստակամությունը։ Քննարկվել է երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով առևտրատնտեսական համագործակցության, ներդրումների խթանման, բարձր տեխնոլոգիաների, կրթության, զբոսաշրջության ոլորտների զարգացման հեռանկարներին։ Կարևորվել է երկու երկրների գործարար շրջանակների միջև կապերի ակտիվացումը և բարձր մակարդակի փոխայցելությունների շարունակականությունը։ Մտքեր են փոխանակվել ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ։ Ընդգծվել է միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության շարունակական խորացման կարևորությունը։ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Հարավային Կովկասում տարածաշրջանային վերջին զարգացումների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվել Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում արձանագրված դրական դինամիկային, ինչպես նաև տարածաշրջանային փոխկապակցվածությանը միտված նախաձեռնություններին։

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև միջազգային օրակարգի այլ կարևոր հարցերի:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում